20-րդ դարի վերջին տասնամյակներին շատ դեռահասների սիրած սեղանի աշխարհաքաղաքական խաղը «Ռիսկն» (Risk) էր։ Խաղի նպատակը համաշխարհային գերիշխանությունն էր, հաջողության գաղտնիքը՝ չափազանց պարզ։ Դուք քարտեզի վրա գրավում եք առանցքային մի պետություն, փորձում եք ձեր վերահսկողության տակ առնել մի ամբողջ մայրցամաք և այնտեղից շարունակել ընդլայնվել։ Սա հիշեցնում է «Մեծ խաղը»՝ ինչպես 19-րդ դարում անվանում էին մրցակցությունը Կենտրոնական Ասիայի համար, միայն թե խոհանոցի սեղանի շուրջ. դուք ձեր բանակները պահում եք թաքուն, ապա հարվածում եք, գրել է FT-ն։
Հատկանշական է, որ «Ռիսկի» բնօրինակ քարտեզը՝ 42 տարածքներով, գրեթե չի փոխվել 1957 թվականի թողարկումից ի վեր։ Ժամանակն է թարմացնել այն։ Ինչո՞ւ խաղում մինչ օրս չկա միջուկային զենք ունեցող Պակիստանը։ Նրա տարածքը «Ռիսկի» խաղատախտակի վրա բաժանված է հսկայական չափերի հասած Հնդկաստանի, Աֆղանստանի և աընդգրկելի «Մերձավոր Արևելքի» միջև։ Սակայն Դոնալդ Թրամփի երկրորդ ժամկետի ժամանակների իրական աշխարհաքաղաքական «Ռիսկ» խաղում Պակիստանն ակտիվորեն ներկայանում է որպես առանցքային կապող օղակ։ Այս ամիս Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի հետ կնքված պաշտպանական պակտը Իսլամաբադի հերթական հավակնոտ մանևրն է միայն։
Ամենավառ օրինակն ապրիլին ստեղծված իրավիճակն էր, երբ Պակիստանը գործի դրեց իր կապերն Ամերիկայի, Չինաստանի և տարածաշրջանային տերությունների հետ՝ հյուրընկալելով Վաշինգտոնի և Թեհրանի միջև առաջին ուղիղ բանակցությունները 1979 թվականի իսլամական հեղափոխությունից հետո։ Բեկման հասնել չհաջողվեց։ Պաշտոնյաները մտահոգվում են, որ այս փակուղին իրենց ծիծաղելի դրության մեջ է դրել, և արդյունքում միջնորդի դերը փաստացի անցել է Կատարին։
Այնուամենայնիվ, ազդակը չափազանց հստակ էր։ Պակիստանը լարված հարաբերություններ ունի իր հարևանների՝ Հնդկաստանի, Աֆղանստանի և Իրանի հետ, սակայն տեսնում է աշխարհում ավելի նախաձեռնողական դեր խաղալու հնարավորություն։ Թղթի վրա սա «a la carte» ձևաչափի իդեալական միջին տերություն է, որը կարող է ընտրել, թե երբ մոտենալ Վաշինգտոնին, երբ՝ Պեկինին, և կապի ուղիները բաց պահել ինչպես Ծոցի սուննի միապետությունների, այնպես էլ շիա Իրանի հետ։
Արտաքին քաղաքական մաքիավելիականություն՝ ներքին քաոսի ֆոնին
Պակիստանին «Ռիսկի» խաղատախտակի վրա ներառելու հիմքերը որևէ բարոյական չափում չունեն։ Նրա կիսաֆեոդալական, զինվորականների կողմից կառավարվող քաղաքական էլիտան երկրի պատմության մեծ մասում կառավարել է խիստ վատ։ Պակիստանը ֆինանսական հարցերում չափազանց թույլ կառավարիչ է։ Նախարարներից մեկն ափսոսանքով հիշում է անկախության առաջին տասնամյակները, երբ երկրի տնտեսությունը երբեմն նույնիսկ ավելի լավն էր, քան հնդկականը․ այսօր դա ընդամենը հեռավոր երազանք է՝ ԱՄՀ վարկերի օգնությամբ հերթական ճգնաժամը հաղթահարելու ֆոնին։
Ինչ վերաբերում է ժողովրդավարական ազատություններին, ապա հսկայական ժողովրդականություն վայելող ընդդիմության առաջնորդ Իմրան Խանը գուցե և էքսցենտրիկ վարչապետ էր, բայց այն, որ նա բանտում է, ըստ ամենայնի՝ շինծու մեղադրանքներով, սարսափ է առաջացնում։ Այս ամիս երկրում սկսվել է լրատվամիջոցների դեմ ճնշումների նոր ալիք։ Այս ամենը ցավալիորեն ծանոթ է բոլոր նրանց, ովքեր տարիներ շարունակ հետևում են Պակիստանին։
Սակայն իր ամբողջ ներքին անկայունությամբ հանդերձ՝ միջազգային ասպարեզում Պակիստանը ցուցադրում է իսկական մաքիավելիական վարպետություն։ Թրամփի դարաշրջանում արժեքները, ակնհայտորեն, պետական կառավարման համար որևէ նշանակություն չունեն։ Կարևոր է միայն գործարքը։ Եվ դա հիանալի համապատասխանում է Պակիստանին, որը դրանք կնքում է՝ Ամերիկայի հետ կրիպտոարժույթների և կենսական նշանակության հանածոների ոլորտում, ինչպես նաև համաշխարհային ասպարեզում։
Մեքքայի համատեղ պաշտպանության համաձայնագիրը (այդպես է կոչվում նոր պակտը) Պակիստանի փաստացի առաջնորդ, ֆելդմարշալ Ասիմ Մունիրի և նրա քաղաքացիական գործընկեր, վարչապետ Շահբազ Շարիֆի հերթական դիվանագիտական պա-դե-դեն է՝ Թրամփի իշխանության վերադառնալուց ի վեր։ Երկուսն էլ բնազդաբար և ակնթարթորեն ըմբռնել են նրա հետ շփման մեջ շողոքորթության գլխավոր արվեստը։
Նոր պակտն արտացոլում է այն, թե ինչպես է Իրանի դեմ պատերազմը ցնցել Պարսից ծոցը։ Այն ստորագրած կողմերը փաստորեն ապահովագրում են իրենց այն դեպքի համար, եթե կորցնեն ամերիկյան «անվտանգության հովանին»։ «Ագրեսիայի հավաքական զսպման» նրանց խոստումն արձագանքում է ՆԱՏՕ բառապաշարին, թեև այդ պակտը դեռ պետք է դիմակայության փորձություն անցնի։
Պակիստանի համար այս պայմանագիրն առանձնահատուկ նշանակություն ունի։ Նույնիսկ վարելով ցածր ինտենսիվության պատերազմ Աֆղանստանի հետ, մշտապես վտանգելով ներքաշվել Հնդկաստանի հետ աղետալի հակամարտության մեջ և անցկացնելով արյունալի հակաահաբեկչական գործողություն երկու սահմանամերձ նահանգներում՝ Իսլամաբադը փայփայում է իր անբարենպաստ շրջապատից դուրս գալու համարձակ հավակնությունները։ Պաշտոնյաները երազում են երկաթուղային կապի մասին, որը Կենտրոնական Ասիան կմիացնի պակիստանյան նավահանգիստներին և կբացի նոր շուկաներ։ Նրանք հույս ունեն, որ Սաուդյան Արաբիայի վերջին ֆինանսական օգնությունը միջազգային ներդրողները կընդունեն որպես հուսալի ապահովագրական բարձիկ, որը կմղի նրանց նորովի նայել երկրին։
Պակիստանյան «խաղի» վտանգավոր իրականությունը
«Ռիսկ» սեղանի խաղում հաղթողը վերջում գործի է դնում հետևակը, հեծելազորը և հրետանին՝ հաղթանակ ապահովելով բառացիորեն զառերի նետումով։ Ի դժբախտություն Մունիրի՝ իրական կյանքը շատ ավելի բարդ է կառուցված։ Նա արդեն զորքեր է ուղարկել Աֆղանստանի սահման, Բելուջիստան նահանգ և Պակիստանի վերահսկողության տակ գտնվող Քաշմիր, բայց ոչնչի չի հասել դագաղների հոսքից բացի։ Միայն այս տարի զոհվել են առնվազն 860 զինվոր և ոստիկան։ Հանքարդյունաբերական ոլորտում գործարքների հանդեպ միջազգային հետաքրքրությունը դանդաղում է անվտանգության խնդիրների պատճառով։
Պակիստանյան պաշտոնյաներն ասում են, որ հավերժական երկընտրանքն այն է, թե ինչն է պետք զարգացնել՝ ժողովրդավարությո՞ւնը, թե՞ պետությունը։ Մունիրը ճիշտ է համարում երկրորդ ուղին։ Ասում են՝ նա հաճույք է ստանում իր աշխարհաքաղաքական մանևրների համար հնչող գովեստներից, որոնք իսկապես պետք է Պակիստանին տեղ ապահովեին «Ռիսկի» խաղատախտակի վրա։ Սակայն նրա տիրույթը վառոդի տակառ է։ Ահա այսպիսին է Պակիստանի պարադոքսը։