Մեղրիի հարցով Դեմիրճյանի հայհոյանքի մեջ մեծ սեր կար

Մեղրիից Թրիփին հատկացվող 1,5 կմ տարածքի վերաբերյալ ինձ մի ուշագրավ դրվագ է պատմել խորհրդային տարիներին ղեկավար պաշտոն զբաղեցրած անձանցից մեկը, որը խնդրեց չհրապարակել իր անունը։

Բարեբախտաբար, խորհրդային տարիներին պետական կառավարման համակարգում աշխատած մարդկանցից ոմանք դեռ կենդանի են։ Նրանց հիշողություններն ու վկայությունները կարող են օգնել հասկանալու այն ժամանակաշրջանի որոշ գործընթացներ, որոնց մասին այսօր կրկին խոսվում է։

Իմ զրուցակիցն ասում էր, որ խոսվող 1,5 կմ տարածքը լայնությամբ հենց Մեղրիի այն հատվածն է, որտեղ հնարավոր է ենթակառուցվածքներ կառուցել։ Նրա նկարագրությամբ՝ դրանից դուրս տարածքը քարքարոտ ու ձորային է։
Եթե այդ նկարագրությունը համապատասխանում է իրականությանը, բնական հարց է առաջանում՝ այդ դեպքում նման տարածքային լուծումն ի՞նչ է նշանակում Մեղրիի համար։

Բայց հատկապես ուշագրավ է այն պատմությունը, որը նա փոխանցեց ինձ։ Պատմում էր, որ ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահ Ֆադեյ Սարգսյանը եկել էր Ձորաղբյուր և իրեն հետևյալը պատմեց․

«Կարեն Դեմիրճյանի հետ Մոսկվայում էի։ Այդ ժամանակ Հեյդար Ալիևը արդեն ոչ միայն Ադրբեջանի ղեկավարի նախկին պաշտոնյան էր, այլև Խորհրդային Միության բարձրագույն իշխանության ներկայացուցիչ։ 1982 թվականի նոյեմբերին Ալիևը դարձել էր ԽՄԿԿ Կենտկոմի Քաղբյուրոյի լիիրավ անդամ և նշանակվել ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահի առաջին տեղակալ՝ փաստացի դառնալով Խորհրդային Միության ղեկավարության ամենաբարձր օղակներից մեկի ներկայացուցիչը։ Հեյդար Ալիևը քսան տարվա ընթացքում եղել էր ԽՍՀՄ-ի Գերագույն Խորհրդի պատգամավոր, իսկ հինգ տարի՝ ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի փոխնախագահ։ Ալիևը մեզ կանչել էր Մոսկվա՝ Մեղրիի հարցով։ Ասում էր՝ բոլոր փաստաթղթերը համարյա պատրաստ են, մնում է՝ մենք ստորագրենք։ Ասաց՝ և՛ Հայաստանին օգուտ կլինի, և՛ Ադրբեջանին։

Կարեն Սերոբիչը չդիմացավ։ Ինչ հայհոյանք ասես՝ չհնչեցրեց։ Բայց ես նրա խոսքի մեջ հայհոյանք չէի զգում՝ դա ցավ, վիրավորանք, զայրույթ ու մարդկային անկեղծ պոռթկում էր։ Նա վերցրեց ,,համարյա պատրաստ,, բոլոր թղթերը և պատռեց»։
Իմ զրուցակցի փոխանցմամբ՝ Դեմիրճյանն այդպիսի դիրքորոշում արտահայտելու համար ուներ ոչ միայն պաշտոնական կարգավիճակ, այլև քաղաքական հեղինակություն։ Եվ, ըստ այդ պատմության, այդպես հարցն այդ պահին փակվեց։
Այստեղ կարևոր է մեկ հստակ տարբերակում անել։

Ֆադեյ Սարգսյանին վերագրվող այս կոնկրետ պատմությունը ես ներկայացնում եմ այն ձևով, ինչպես այն փոխանցվել է ինձ՝ որպես իմ զրուցակցի հիշողություն և վկայություն։ Դրա առանձին մանրամասները, իհարկե, կարող են և պետք է ստուգվեն արխիվային փաստաթղթերով ու այլ վկաների հիշողություններով։
Բայց հենց այստեղ էլ դրվագը հետաքրքիր է դառնում։

Եթե պատմությունը ճիշտ է, ապա Մեղրիի հարցը քննարկվել է Խորհրդային Միության իշխանության ամենաբարձր մակարդակներում։ Եվ այն քննարկվել է ոչ թե ինչ-որ երկրորդական պաշտոնյայի, այլ այն ժամանակ ԽՍՀՄ ղեկավարության ամենաբարձր օղակներից մեկում գտնվող Հեյդար Ալիևի մասնակցությամբ։ Ու հենց այդ ֆոնին առավել խոսուն է Կարեն Դեմիրճյանի արձագանքի նկարագրությունը։

Նա, ում սովորաբար պատկերացնում ենք որպես զուսպ, հավասարակշիռ և չափված խոսքի մարդ, ըստ այս հիշողության՝ այդ պահին կորցրել էր ինքնատիրապետումը։
Բայց ինձ համար պատմության ամենաուժեղ մասը նույնիսկ դա չէ։
Ամենաուժեղը այն մարդու մեկնաբանությունն է՝ կոնկրետ դեպքում Ֆադեյ Սարգսյանի, որը ներկա էր այդ պատմության փոխանցմանը։ Նա ասում էր՝ Դեմիրճյանի խոսքերի մեջ ինքը հայհոյանք չէր տեսնում։ Տեսնում էր ցավ, վիրավորանք, զայրույթ և հայրենիքի նկատմամբ մեծ սեր։
Գուցե հենց սա է այս դրվագի ամենակարևոր խորհուրդը։

Տարածքի մասին կարելի է խոսել քարտեզներով, կիլոմետրերով, ենթակառուցվածքներով, տնտեսական հաշվարկներով և քաղաքական պայմանավորվածություններով։ Բայց երբ խոսքը Հայաստանի տարածքի և Մեղրիի նման ռազմավարական նշանակություն ունեցող համայնքի մասին է, այդ ամենի տակ կա նաև մի շատ պարզ հարց՝ ի՞նչ ենք մենք համարում մեր հայրենիքը և ի՞նչ գին ենք պատրաստ վճարել դրա որևէ հատվածի համար։

Ուստի այս պատմությունը, անկախ նրանից, թե հետագա ուսումնասիրությունն ինչ մանրամասներ կհաստատի կամ կճշտի, արժանի է ոչ թե անտեսվելու, այլ փաստաթղթերով ուսումնասիրվելու։
Որովհետև Մեղրին քարտեզի վրա պարզապես 1,5 կիլոմետր չէ։
Մեղրին համայնք է, մարդիկ են, պատմություն է և Հայաստանի տարածքային ամբողջականության հարց։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *