
Սպիտակ տունն ավելի քան 40 երկրի, այդ թվում՝ Կանադային, Մեքսիկային, Ճապոնիային, մեղադրել է ամերիկյան մաքսատուրքերի շրջանցմամբ՝ Չինաստանին օգնելու մեջ։ Դա, ըստ ամերիկյան գործող վարչակազմի, արվել է վերաուղղորդելով առեւտուրն ավելի ցածր մաքսատուրքեր ունեցող երկրների միջոցով, այսինքն՝ քողարկված արտահանում իրականացնելով արտոնություններ ունեցող երկրների անվան տակ։ Այս մասին տեղեկանում ենք Սպիտակ տան հրապարակած զեկույցից։ Ի դեպ, զեկույցի գլխագրում հայտնի «տրոյական ձին» է պատկերված՝ որպես թափանցիկ ակնարկ։
Զեկույցը վերնագրված է՝ «Բեռնափոխադրումների մեծ խարդախությունը»։ Զեկույցում ասված է, որ Չինաստանն օգտագործել է երրորդ երկրներին ապրանքների աննշան վերամշակման, վերապիտակավորման, վերափաթեթավորման կամ այլ փոքր փոփոխությունների համար՝ դրանով իսկ ստեղծելով տպավորություն, թե ապրանքն արտադրվել է ոչ թե Չինաստանում, եւ այդկերպ խուսափելով բարձր մաքսատուրքերից։ Ամերիկյան վարչակազմում հավաստիացնում են, որ այդկերպ Չինաստանը եւ նրան օգնող երկրները, արտադրողներն ու առեւտրային ընկերությունները մատակարարել են ավելի էժան աշխատուժ ունեցող երկրներ, որտեղ մաքսային հսկողությունը թույլ է, կամ ազատ տնտեսական գոտիներ, որտեղից արդեն հնարավոր է եղել, շրջանցելով ամերիկյան բարձր մաքսատուրքերը, հասնել ամերիկյան շուկա։ Արդյունքում՝ ավելի քան քառասուն երկիր, որոնք ունեն ցածր մաքսատուրքեր, դարձել են մեկնահարթակներ եւ կենտրոններ, որոնց օգնությամբ Չինաստանը խուսափել է մաքսատուրքերի վճարումից։ Ապրանքները, որոնք հիմնականում Չինաստանում են արտադրվել, աննշան վերամշակման կամ փոփոխության են ենթարկվել արտասահմանում եւ ուղարկվել Միացյալ Նահանգներ՝ այլ երկրների անվամբ։ Սպիտակ տան առեւտրային եւ արդյունաբերական քաղաքականության վարչության ղեկավար Փիթեր Նավարոն հայտարարել է, որ այն բանից հետո, երբ նախագահ Դոնալդ Թրամփը բարձր մաքսատուրքեր է սահմանել, Չինաստանը սկսել է կիրառել չափազանց բարդ ու կատարելագործված մեթոդներ՝ դրանք շրջանցելու համար, գրում է Financial Times պարբերականը։ Շատ տարիներ, կարդում ենք զեկույցում, կոմունիստական Չինաստանը կարողացել է նման շրջանցիկ բեռնափոխադրումներով իրացնել իր արտադրանքը ավելի քան քառասուն երկրի օգնությամբ՝ այդկերպ թալանելով Միացյալ Նահանգները եւ նրան պատճառելով տասնյակ միլիարդավոր դոլարների վնաս։
Ի դեպ, նման զուգահեռ արտահանումներ հիմնականում իրականացվել են դեպի Ռուսաստան՝ ռուս-ուկրաինական պատերազմի հետ կապված սանկցիաների պատճառով։ Եվ նման քողարկված արտահանումներից մեծապես շահել են Հայաստանը եւ ԵԱՏՄ անդամ մի շարք երկրներ, որոնք արտերկրից ապրանքները բերում էին իրենց երկիր, ապա, որպես սեփական ապրանք, արտահանում Ռուսաստան կամ հակառակը։