Հեղափոխությունից մինչև թռիչքային զարգացում. Չինաստանի նորագույն պատմությունը` մեկ հարկի տակ

Եթե գտնվում եք Պեկինում, Չինաստանի ժամանակակից պատմությանը ծանոթանալու լավագույն վայրերից մեկը երկրի իշխող` կոմունիստական կուսակցության թանգարանն է։ 

Այն մայրաքաղաքի սրտում է գտնվում` Օլիմպիական համալիրի հարևանությամբ և բացել է դռները 2021 թվականին:

Թանգարանը բավական մեծ է մոտ 150 հազար քմ տարածք է զբաղեցնում, որի մեծ մասում ցուցասրահներն են։ Այս հսկայական շինությունը ճարտրաապետական ուրույն լուծումներով է աչքի ընկնում, որոնց հիմքում նաև խորհրդանշական ուղերձ կա. թռչնի թռիչքի բարձրությունից այն ունի չինական «工» նիշի ձևը ցույց տալով, որ Չինաստանի կոմունիստական կուսակցությունը հանդես է գալիս աշխատավոր խավի և ողջ ժողովրդի շահերի պաշտպանության համար։

Շինությունն ավանդական սյունաշարային կառուցվածք ունի, որով պահպանվել է չինական ճարտարապետության ավանդական տեսքը, իսկ նախասրահում ահռելի` 600 մետր երկարությամբ որմնանկար է, որի վրա Մեծ պատն է պատկերված։

Թանգարանի ցուցասրահներում մի քանի փուլով ներկայացվում է Չինաստանի ժամանակակից պատմությունը 1911 թվականի հեղափոխությունը, 1921 թվականին Կոմունիստական կուսակցության հիմնադրումը, դրան հետևապ քաղաքացիական պատերազմը, ապա Ճապոնիայի ներխուժումը, Կարմիր բանակի դիմադրությունը, երկրորդ համաշխարհային պատերազմի տարիները, 1949 թվականին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հիմնադրումը, ապա երկրում մի քանի տասնամյակ իրականացված բարեփոխումները, 1970-ականներին բացվելն աշխարհի առաջ և ժամանակակից փուլը` Չինաստանի վերածվելը տնտեսական և տեխնոլոգիական հսկայի։

Պատմական այս բոլոր ժամանակաշրջանները թանգարանում ներկայացված են ոչ միայն հսկայածավալ արխիվային փաստաթղթերով, լուսանկարներով, տեսաերիզներով և տարբեր նմուշներով, այլև ժամանակակից տեխնոլոգիաների օգնությամբ պատրաստված անիմացիաներով։ 

Թանգարանում մշտական ցուցադրության մաս են կազմում ավելի քան 4500 արխիվային արժեքավոր նմուշներ` այդ թվում Կարլ Մարքսի «Կապիտալ» աշխատության ֆրանսերենով առաջին հրատարակությունը, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հիմնադիր Մաո Ցզեդունի վերարկուն և գլխարկը, որը նա կրել է այդ ժամանակ, Չինաստանի առաջին հնգաստղանի կարմիր դրոշը և այլն։

Հայկ Սահակյան Պեկինից

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *