ԱՄՆ բանակը ժամանակավորապես դադարեցրել է AH-64 Apache հարվածային ուղղաթիռների բոլոր ուսումնական թռիչքները Տեխասի Ֆորտ Հուդի մերձակայքում տեղի ունեցած կործանումից հետո, որի հետևանքով զոհվել է երկու զինծառայող, հայտնում է CNN հեռուստաալիքը։
«Բանակի ղեկավարությունը կարգադրել է ժամանակավորապես դադարեցնել AH-64 Apache ուղղաթիռների ուսումնական թռիչքները։ Դադարեցումը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև մենք ավելի հստակ պատկերացում կստանանք վթարի բուն պատճառի վերաբերյալ», — ասվում է ԱՄՆ բանակի հայտարարության մեջ։
Հինգշաբթի կործանման վայր են ժամանել ԱՄՆ բանակի մարտական պատրաստության կենտրոնի մասնագետները Ալաբամա նահանգի Ֆորտ Ռուքերից։ Նրանք կգլխավորեն աղետի հանգամանքների հետաքննությունը։
Զոհվել են 34-ամյա ավագ վարանտ սպա Դեոնտրե Հյուին և 25-ամյա վարանտ սպա Սեթ Օլմսթեդը։ Երկուսն էլ ծառայում էին 1-ին հեծելազորային դիվիզիայի 1-ին հեծելազորային բրիգադի 227-րդ ավիացիոն գնդի 1-ին գումարտակի Bravo վաշտում, որը տեղակայված է Ֆորտ Հուդ բազայում։
AH-64 Apache-ը երկտեղանոց հարվածային ուղղաթիռ է։ Օդաչուն զբաղեցնում է հետևի տեղը, իսկ անձնակազմի երկրորդ անդամը, որը կատարում է սպառազինության օպերատորի և բորտային հրաձիգի գործառույթները, գտնվում է առջևում։
Ուղղաթիռը համալրված է չորս թիակ ունեցող հիմնական պտուտակով և կարող է կրել մինչև 16 Hellfire հրթիռ, 76 ավիացիոն հրթիռ և 1200 փամփուշտ 30 մմ հրանոթի համար։
Apache ուղղաթիռները ԱՄՆ բանակի սպառազինություն են ընդունվել 1984 թվականին։ Այդ ժամանակից ի վեր ուղղաթիռները բազմիցս արդիականացվել են։ Ամերիկյան բանակի ծրագրերի համաձայն, դրանք պետք է շահագործման մեջ մնան մոտավորապես մինչև 2050 թվականը։