ԱՄՆ պատերազմն Իրանի հետ լրացուցիչ ծանրաբեռնվածություն է ստեղծում ամերիկյան ավիակրային նավատորմի համար և Խաղաղ օվկիանոսի արևմտյան հատվածը ժամանակավորապես թողնում է առանց ԱՄՆ առանցքային ռազմանավերից մեկի, գրել է Associated Press-ը։
Սա տեղի է ունենում տարածաշրջանում Չինաստանի ակտիվության ուժեղացման և Պեկինի ու ԱՄՆ դաշնակիցների հարաբերություններում լարվածության աճի ֆոնին։
USS George Washington ավիակիրը լքում է Խաղաղ օվկիանոսը և, ինչպես սպասվում է, Մերձավոր Արևելքում ամերիկյան ուժերի կազմում կփոխարինի USS Abraham Lincoln ավիակրին։ Վերջինս արդեն ավելի քան 240 օր անընդմեջ անցկացրել է ծովում․ նրա տեղակայման ժամկետը երկարացվել էր. ի սկզբանե նավը պետք է վերադառնար մայիսին։
Lincoln-ի երկարատև ծառայությունը մտահոգություն է առաջացրել անձնակազմի վիճակի վերաբերյալ, այդ թվում՝ հոգեկան առողջության և մատակարարման խնդիրների պատճառով։ Փորձագետները նշել են, որ երկարատև անընդմեջ տեղակայումները լրջորեն հյուծում են նավաստիներին և ժամանակի ընթացքում նվազեցնում անձնակազմերի արդյունավետությունը։
Ամերիկյան ավիակրի բացակայությունը Խաղաղ օվկիանոսի արևմտյան հատվածում, հավանաբար, ժամանակավոր կլինի։ Առաջիկա ամիսներին ԱՄՆ ռազմածովային ուժերը կարող են տարածաշրջան ուղարկել մեկ այլ նավ։ Սակայն փորձագետները կարծում են, որ ներկա իրավիճակը ցույց է տալիս, թե որքանով է Իրանի հետ պատերազմը սահմանափակում ամերիկյան նավատորմի հնարավորությունները։
«Վարչակազմը հայտնել է, որ Արևմտյան կիսագնդից հետո Խաղաղ օվկիանոսը պետք է լինի գլխավոր առաջնահերթությունը։ Փոխարենը այն անում է ուղիղ հակառակը», — հայտնել է Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի Հարավարևելյան Ասիայի ծրագրի տնօրեն Գրեգ Փոլինգը։
Գործակալության գնահատմամբ՝ ավիակրի տեղափոխման ֆոնին Չինաստանը հնարավորություն է ստանում ցուցադրել իր ռազմական ուժը։
Վերջին շրջանում Պեկինն ակտիվացրել է գործողությունները տարածաշրջանում. անցկացրել է զորավարժություններ Հարավչինական ծովում գտնվող Սքարբորո ծանծաղուտի մոտ, ինչպես նաև Ինդոնեզիայի հետ կազմակերպել է համատեղ ռազմածովային մանևրներ։ Բացի այդ, չինական ականակիրն ավելի վաղ մարտական զինամթերքով կրակ էր բացել Ճապոնիայի հարավային կղզիների մոտ։
Վերլուծաբանների կարծիքով՝ ամերիկյան ավիակրի բացակայությունը կարող է առաջին հերթին հոգեբանական նշանակություն ունենալ Վաշինգտոնի դաշնակիցների՝ Ճապոնիայի և Ֆիլիպինների համար։ Պեկինը ձգտում է ցույց տալ տարածաշրջանի երկրներին, որ ԱՄՆ ուշադրությունը շեղված է Մերձավոր Արևելքի հակամարտությամբ և այլևս նախկին չափով ի վիճակի չէ երաշխավորել նրանց անվտանգությունը։
Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ը ինքն էլ բախվում է ավիակրային նավատորմի լուրջ խնդիրների։ Ռազմածովային ուժերն ունեն 11 ավիակիր, սակայն սովորաբար միաժամանակ տեղակայում են միայն երկուսը կամ երեքը։ Երկարատև գործողությունները նավերի դեֆիցիտ են ստեղծում և մեծացնում անձնակազմերի ծանրաբեռնվածությունը։
USS Gerald R. Ford ավիակիրը մայիսին վերադարձել էր 11-ամսյա տեղակայումից հետո․ դա Վիետնամի պատերազմից ի վեր ամենաերկարատև տեղակայումն էր։ Ծառայության ընթացքում այն մասնակցել էր Իրանի դեմ գործողություններին։ Նավում նաև հրդեհ էր սկսվել լվացքատան հատվածում, ինչի պատճառով նավը ստիպված էր եղել վերադառնալ նորոգման, իսկ հարյուրավոր նավաստիներ ժամանակավորապես մնացել էին առանց տեղավորման։
Փորձագետները զգուշացնում են, որ ընթացիկ գործողությունների ավարտից հետո ամերիկյան նավատորմը ստիպված կլինի բախվել այսպես կոչված «տեխնիկական սպասարկման պարտքին»։ Նավերի երկարատև շահագործումը կարող է հանգեցնել նորոգման հերթերի ԱՄՆ այն երկու նավաշինարաններում, որոնք կարող են սպասարկել ատոմային ավիակիրներ, և առաջիկա տարիներին կրճատել դրանց ներկայությունը տարբեր տարածաշրջաններում։
Որոշ մասնագետներ միաժամանակ հարցականի տակ են դնում հենց ավիակիրների վրա ԱՄՆ կատարած խաղադրույքը։ Ժամանակակից անօդաչու սարքերն ու հակառակորդ նավերի դեմ հրթիռները հսկայական նավերը դարձնում են ավելի խոցելի, հատկապես Չինաստանի հետ հակամարտության դեպքում։ ԱՄՆ ռազմածովային ուժերում արդեն քննարկվում է անցումը փոքր մակերեսային նավերի, սուզանավերի և այլ միջոցների ավելի լայն օգտագործմանը՝ ավիակրային հարվածային խմբերի վրա մշտապես հենվելու փոխարեն։