ԱՄՆ-ում Իսրայելի դեսպան Յեհիել Լեյթերը Լիբանանին կոչ է արել չդադարեցնել Իսրայելի հետ բանակցությունները երկրի հարավին հասցվող իսրայելական նոր հարվածների ալիքից հետո, որոնց հետևանքով մարդիկ են զոհվել։
«Եթե լիբանանյան կառավարությունն այս միջադեպն օգտագործի որպես պատրվակ՝ հետաձգելու կամ դադարեցնելու խաղաղ բանակցությունները, դա կլինի խաղաղության թշնամիների տակտիկական հաղթանակը։ Բանակցությունների տապալումն այն է, ինչին ձգտում է «Հեզբոլլահը»»,- գրել է Լեյթերը X սոցցանցում։
Լեյթերը, որը գլխավորում է Իսրայելի բանակցային խումբը Լիբանանի հետ բանակցություններում, նաև հայտնել է, որ Իսրայելի հարվածները «Հեզբոլլահի» գործողությունների պատասխանն են։
Նրա խոսքով՝ խմբավորումն առաջինն է հարձակվել Լիբանանի հարավում բուֆերային գոտու իսրայելցի զինծառայողների վրա։
Դեսպանը նշել է, որ ի պատասխան՝ Իսրայելի պաշտպանության բանակը հարված է հասցրել «Հեզբոլլահի» հրամանատարին, որը, Իսրայելի վարկածով, հրաման է տվել հարձակման վերաբերյալ և գտնվել է խմբավորման ռազմական շտաբում՝ իր ընտանիքի անդամների հետ միասին։ Հարվածի հետևանքով, առկա տվյալներով, զոհվել են նաև մի քանի կանայք և երեխաներ։
Ավելի վաղ Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը հայտարարել էր, որ իսրայելական հարվածները «հստակ ազդակ» են ուղարկում երկու երկրների միջև բանակցությունների համատեքստում։ Միևնույն ժամանակ, նա ուղղակիորեն չի հայտարարել բանակցային գործընթացից Բեյրութի դուրս գալու մտադրության մասին։
ԱՄՆ միջնորդությամբ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է սեպտեմբերի սկզբին։