Հաքերները գողացել են Ֆրանսիայի հարկային ծառայության 678 հազար օգտատերերի տվյալները

Փարիզի դատախազությունը հետաքննություն է սկսել Ֆրանսիայի հարկային հարթակի վրա իրականացված կիբերհարձակումից հետո, որի հետևանքով վտանգվել են 678 հազար օգտատերերի տվյալները, հայտնում է BFMTV-ն։

Հետաքննությունը հանձնվել է կիբերհանցագործությունների դեմ պայքարի վարչությանը։ Մասնավորապես, քննությունը կուսումնասիրի պետական տեղեկատվական համակարգից անձնական տվյալների ապօրինի դուրսբերման փաստը, ինչպես նաև դրան հնարավոր կազմակերպված չարտոնված մուտքը։

Ֆրանսիայի հարկային ծառայությունը հայտնել է, որ հարձակման հետևանքով գողացվել են ֆիզիկական անձանց և ընկերությունների տվյալներ։ Մասնավոր անձանց դեպքում կարող էին վտանգվել անուն-ազգանունները, ընտանեկան գործակիցը, հղման հարկային եկամուտը և աղբյուրում պահվող եկամտային հարկի դրույքաչափը։

Միևնույն ժամանակ, հարկային գերատեսչությունն ընդգծել է, որ գողացված տեղեկատվությունը թույլ չի տալիս մուտք գործել օգտատերերի պաշտպանված հաշիվներ պաշտոնական impots.gouv.fr կայքում։

Դեպքի մասին հայտնի դարձավ այն բանից հետո, երբ Ֆրանսիայի հարկային ծառայությունն այս հարձակումը բնութագրեց որպես ավելի բարդ, քան անցյալում տեղի ունեցած նմանատիպ միջադեպերը։ Գերատեսչությունը մտադիր է հաջորդ շաբաթվա սկզբից կապ հաստատել տուժած օգտատերերի հետ և զգուշացնել նրանց հնարավոր ռիսկերի մասին, այդ թվում՝ ինքնության գողության վտանգի վերաբերյալ։

Ընկերությունների համար արտահոսքը վերաբերում է ավելի քիչ զգայուն տեղեկությունների, ներառյալ Siren գրանցման համարը և ընկերությունների ու նրանց ներկայացուցիչների հասցեները։

Նոր լայնածավալ կիբերհարձակումը կարող է ուժեղացնել Ֆրանսիայի պետական տեղեկատվական համակարգերի պաշտպանվածության վերաբերյալ քննարկումները։ Վերջին շաբաթներին երկիրն արդեն բախվել էր պետական տվյալների բազաների արտահոսքերի և կոտրումների հետ կապված այլ խոշոր միջադեպերի։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *