Ինդոնեզիայի արևելյան հատվածում փրկարարները նախօրեին տեղի ունեցած հզոր երկրաշարժից հետո հայտնաբերել են ևս չորս մարմին։ Տարերային աղետի հետևանքով զոհվածների թիվը հասել է 51-ի, ևս 101 մարդ վիրավորվել է, հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով Ինդոնեզիայի որոնողափրկարարական ազգային գործակալությանը։
7,7 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել շաբաթ օրը՝ Ֆլորես կղզու շրջանում, մոտ 10 կիլոմետր խորության վրա։ Ստորգետնյա ցնցումներից հետո հայտարարվել էր ցունամիի վտանգ, սակայն ավելի ուշ նախազգուշացումը չեղարկվել է։ Ինդոնեզիայի օդերևութաբանական գործակալության տվյալներով, հիմնական երկրաշարժից հետո գրանցվել է առնվազն 235 հետցնցում։
Կիրակի օրը փրկարարները շարունակել են որոնողական աշխատանքները Ֆլորեսի վեց շրջաններում, որտեղ երկրաշարժը բազմաթիվ սողանքներ է առաջացրել։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում ամենից շատ տուժած շրջաններին՝ Մանգգարային, Արևելյան Մանգգարային և Նագեկեոյին, որոնք որոշ ժամանակ կտրված էին արտաքին աշխարհից։
Մաումերեի որոնողափրկարարական ծառայության ղեկավար Ֆաթհուր Ռահմանը հայտնել է, որ փրկարարներին հաջողվել է մաքրել սողանքների մեծ մասը և վերականգնել ավտոմոբիլային հաղորդակցությունը նախկինում մեկուսացված գյուղերի հետ։ Սակայն կապի և էլեկտրամատակարարման խափանումները շարունակում են բարդացնել որոնողափրկարարական գործողությունը։
Երկրաշարժի հետևանքով ավելի քան 900 տուն ամբողջությամբ ավերվել է, ևս մոտ 450-ը վնասվել են։ Մոտ 5 հազար մարդ ստիպված է եղել լքել իր տունը և տեղավորվել ժամանակավոր ապաստարաններում։ Իշխանությունները տուժածներին մատակարարում են բրինձ, պատրաստի սնունդ, խմելու ջուր, վերմակներ և դեղորայք։
Հատկապես ծանր իրավիճակ է ստեղծվել Լաբուան-Բաջո շրջանում՝ Կոմոդոյի ազգային պարկի զբոսաշրջային դարպասում։ Հազարավոր բնակիչներ և զբոսաշրջիկներ գիշերել են բաց երկնքի տակ՝ վախենալով նոր ուժեղ ստորգետնյա ցնցումներից։
Սողանքները նաև փակել են մոտ 700 կիլոմետր երկարությամբ Տրանս-Ֆլորես մայրուղու առանձին հատվածներ, որը կապում է կղզու բնակավայրերը։ Իշխանությունները էլեկտրամատակարարման և կապի վերականգնումը, ինչպես նաև օգնության մատակարարումը հեռավոր գյուղեր, անվանում են գլխավոր առաջնահերթություններից մեկը։
Ինդոնեզիան գտնվում է Խաղաղօվկիանոսյան «կրակե օղակի» գոտում և պարբերաբար բախվում է երկրաշարժերի ու հրաբխային ժայթքումների։ Ֆլորեսն արդեն վերապրել է խոշոր տարերային աղետներ․ 1992 թվականի երկրաշարժն ու ցունամին մոտ 2,5 հազար մարդու կյանք են խլել։