Մեծ Բրիտանիայի ամենամեծ պաշտոնական Harry Potter խանութը կբացվի Լոնդոնում նոյեմբերի 4-ին՝ Օքսֆորդ սթրիթում, գրում է Independent-ը՝ հղում անելով Warner Bros. ընկերության հաղորդագրությանը։
Ֆլագմանական խանութը կտեղակայվի The Ribbon համալիրում՝ Oxford Street 134–140 հասցեում, և կզբաղեցնի ավելի քան 21 հազար քառակուսի ֆուտ (մոտ 1 950 քառ. մ) տարածք՝ երկու հարկերում։ Սա կլինի Մեծ Բրիտանիայում Harry Potter-ի երկրորդ պաշտոնական խանութը՝ Քինգս Քրոսի կայարանում գտնվող կետից հետո։

Խանութի ինտերիերը կձևավորվի կախարդական առևտրային փողոցի՝ Թեք նրբանցքի, մոտիվներով։ Գլխավոր տարրերի թվում կլինեն «Գիշերային ասպետ» լիաչափ ավտոբուսը, Գրինգոտսի գոտու վերևում տեղադրված ուկրաինական երկաթափոր վիշապը, ինչպես նաև «Ծակ կաթսա» պանդոկը, որտեղ այցելուներին կառաջարկեն ուտելիք և սերուցքային գարեջուր։
Warner Bros.-ն արդեն ներկայացրել է ապագա խանութի կոնցեպտ-արտերը, որոնք թույլ են տալիս գնահատել դրա ձևավորումը մինչև բացումը։
Խանութը կդառնա Լոնդոնում Warner Bros.-ին պատկանող Harry Potter զբոսաշրջային օբյեկտների մի մասը՝ ներառյալ Warner Bros. Studio Tour London – The Making of Harry Potter ստուդիական տուրը և Քինգս Քրոսի խանութը։
Օքսֆորդ սթրիթը համարվում է աշխարհի ամենաբանուկ առևտրային շրջաններից մեկը․ ամեն օր այն այցելում է մոտ 500 հազար մարդ։