Մայորկան խեղդվում է «սելֆի-տուրիզմից». հանգստացող օտարերկրացիները տրանսպորտային կոլապս են առաջացրել առողջարանում

Մայորկայում զբոսաշրջիկները, որոնք ժամանում են հանրահայտ բնական տեսարժան վայր միայն լուսանկարներ անելու համար, ավելի են վատթարացրել տրանսպորտային իրավիճակը։ Կղզու հյուսիս-արևմուտքում գտնվող Էսկորկա մունիցիպալիտետի քաղաքապետ Անտոնի Սոլիվելյասը խցանումների համար մեղադրել է, այսպես կոչված, «սելֆի-տուրիզմին», հայտնում է Express-ը։

Խոսքը Սա Կալոբրա ծոցի և գյուղի մասին է, որոնք շրջապատված են լեռներով։ Վայրը գրավում է զբոսաշրջիկների, էքսկուրսիոն ավտոբուսների և հեծանվորդների, իսկ այնտեղ տանող ոլորապտույտ ճանապարհը համարվում է կղզու ամենագեղատեսիլներից մեկը։ Մոտ 10 կմ երկարություն ունեցող հատվածում կա 26 կտրուկ շրջադարձ։

Քաղաքապետը նշել է, որ շատ զբոսաշրջիկներ Սա Կալոբրա են գալիս կարճ ժամանակով, լուսանկարվում և անմիջապես հեռանում, սակայն նույնիսկ դա բավական է երթևեկության և կայանման հետ կապված լուրջ խնդիրներ ստեղծելու համար։

«Մարդիկ գալիս են միայն լուսանկար անելու, հետո հեռանում։ Նրանք վնասում են բոլոր մյուսներին, հատկապես էքսկուրսիոն ավտոբուսներին», — հայտարարել է Սոլիվելյասը։

Մունիցիպալ իշխանությունների գնահատմամբ, Սա Կալոբրա և հարևան Կալա Տուենտ ծոց ամեն օր միջինը այցելում է 700–800 ավտոմեքենա, մինչդեռ Սա Կալոբրայում կա ընդամենը մոտ 300 կայանատեղի։

Իշխանություններն արդեն տեղադրել են տեղեկատվական ցուցանակներ և արգելապատնեշ, ինչպես նաև ավտոմեքենաներին ուղղորդում են դեպի Կալա Տուենտ, որտեղ կա ևս մոտ 100 կայանատեղի։ Սակայն ամենածանրաբեռնված օրերին այդ միջոցները բավարար չեն լինում։

Իրավիճակը դարձել է Մայորկայի ավելի լայնածավալ խնդրի մի մասը, որտեղ վերջին տարիներին աճում է դժգոհությունը զանգվածային տուրիզմի հետևանքներից։ Բնակիչներն ու ակտիվիստները բողոքի ակցիաներ են անցկացնում՝ զբոսաշրջիկների հոսքը կապելով կղզու գերծանրաբեռնվածության և բնակարանի վարձակալության թանկացման հետ։

Հուլիսին կղզու մայրաքաղաք Պալմայում ոստիկանության և զանգվածային տուրիզմի դեմ ակցիայի մասնակիցների միջև բախումներ են տեղի ունեցել։ Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ տուժել է ութ մարդ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *