Հանդիպման ընթացքում ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ջարեդ Քուշները հերթական անգամ զինաթափվելու կոչ է արել իսլամիստներին՝ նշելով, որ Իսրայելը չի հավատում, թե զինյալները կկատարեն այդ մասով ստանձնած պարտավորությունները։
Axios պարբերականի փոխանցմամբ՝ ահաբեկչական խմբավորումից ակնկալվող հստակ քայլերից են կառավարման լիազորությունների փոխանցումը պաղեստինյան տեխնոկրատական կառավարությանը և երաշխիքները, որ «Համաս»-ը որևէ դերակատարում չի ունենա Գազայի հատվածի ապագա կառավարման գործում։
Հրապարակման համաձայն՝ Քուշների և «Համաս»-ի ներկայացուցիչների զրույցը տևել է 90 րոպե և եղել է «շատ արդյունավետ»։
DW-ի փոխանցմամբ՝ հանդիպմանը ներկա են եղել նաև «Խաղաղության կոմիտեի» գլխավոր տնօրեն Նիկոլայ Մլադենովը, Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը, որը նույնպես ընդգրկված է կոմիտեի կազմում, ինչպես նաև կառույցի ավագ խորհրդականներ Արյե Լայթսթոունն ու Լիրան Թանքմանը։
Բացի այդ, Axios-ի տվյալներով, հանդիպմանը մասնակցել են «Համաս»-ի քաղբյուրոյի ղեկավար Խալիլ ալ-Խայան, Եգիպտոսի ընդհանուր հետախուզության վարչության պետ Հասան Ռաշադը, կատարցի դիվանագետ Ալի ալ-Թավադին և թուրք բարձրաստիճան պաշտոնյա, որի անունը հրապարակման մեջ նշված չէ։
Օգոստոսի 17-ին Ջարեդ Քուշները կայցելի Իսրայել, որտեղ կհանդիպի երկրի վարչապետ Բինյամին Նեթանյահուի հետ և կքննարկի իսրայելական կողմի «համապատասխան քայլերը», գրում է Axios-ը։
Օգոստոսի 9-ին Նեթանյահուն հայտարարել էր, որ Իսրայելը մերժում է Թրամփի ստեղծած «Խաղաղության կոմիտեի»՝ Գազայի հատվածին վերաբերող ծրագիրը։
«Իսրայելի պաշտպանության բանակը դուրս չի բերի զորքերը, քանի դեռ «Համաս»-ը զինաթափված չէ։ Եվ երբ ես ասում եմ, որ «Համաս»-ը պետք է զինաթափվի, ի նկատի ունեմ ծանր սպառազինությունը, ավելի թեթև սպառազինությունը, զենքի բոլոր տեսակները։ Մենք խոսում ենք իրական, այլ ոչ թե ձևական զինաթափման մասին»,- կառավարության նիստում ընդգծել է վարչապետը։