Հայաստանի քաղաքացիական հասարակությունն ու գործարար հատվածը դիմել են UNCCD COP17-ին Ռիոյի երեք կոնվենցիաների սիներգիայի պահանջով

Հայաստանի քաղաքացիական հասարակությունն ու գործարար հատվածը դիմել են UNCCD COP17-ին Ռիոյի երեք կոնվենցիաների սիներգիայի պահանջով

Այսօր՝ օգոստոսի 17-ին, Մոնղոլիայի մայրաքաղաք Ուլան Բատորում մեկնարկում է ՄԱԿ-ի Անապատացման դեմ պայքարի կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը (UNCCD COP17), որը կշարունակվի մինչև օգոստոսի 28-ը։ Համաժողովի պաշտոնական կարգախոսն է՝ «Վերականգնելով հողը, վերականգնելով հույսը»:

2026թ․ բնապահպանական միջազգային օրակարգում առանձնահատուկ տարի է նաև մեկ այլ պատճառով․ այս տարի տեղի են ունենում Ռիոյի երեք կոնվենցիաների Կողմերի համաժողովները՝ Անապատացման դեմ պայքարի կոնվենցիայի COP17-ը՝ Մոնղոլիայում, Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի COP17-ը՝ Հայաստանում, և Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի COP31-ը՝ Թուրքիայում։

Հայաստանյան քաղհասարակությունը տարբեր հարթակներում պարբերաբար բարձրացրել է Ռիոյի կոնվենցիաների միջև սիներգիայի ապահովման հարցը։

Ռիոյի երեք կոնվենցիաները՝ Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիան (UNFCCC), Կենսաբազմազանության մասին կոնվենցիան (CBD) և Անապատացման դեմ պայքարի մասին կոնվենցիան (UNCCD) սերտորեն փոխկապակցված են։ 

2026թ․ օգոստոսի 7-ին «ՀԱՄԱՔԱՅԼ» կոնսորցիումի ներկայացուցիչները, հանդես գալով քաղաքացիական հասարակության և գործարար հատվածի անունից, դիմել են ՄԱԿ-ի Անապատացման դեմ պայքարի կոնվենցիայի Կողմերին՝ առաջարկելով աջակցել Ռիոյի երեք կոնվենցիաների միջև իրական սիներգիայի ձևավորմանը։ Նամակը ստորագրել են «Խազեր» էկոլոգամշակութային ՀԿ-ի նախագահ Ամալիա Համբարձումյանը, Կոտայքի մարզի Առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Սամվել Հովակիմյանը և «Բնական էկոնոմիկա» կլիմայական քաղաքացիական շրջանառու ներդրումային հիմնադրամի տնօրեն Մասիս Սարգսյանը։

Քաղաքացիական հասարակության նամակի մեջ գրված է․

«Մենք՝ Հայաստանի քաղաքացիական հասարակության և գործարար հատվածների ներքոստորագրյալ ներկայացուցիչներս, արձանագրում ենք, որ երեք գլոբալ միջպետական բազմակողմ բնապահպանական պայմանագրերի՝ Ռիոյի երեք կոնվենցիաների՝ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի, Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի և Անապատացման դեմ պայքարի մասին կոնվենցիայի նպատակների և դրույթների իրականացումն արդյունավետ չէ։ Չնայած միջպետական բանակցությունների ավելի քան երեք տասնամյակին՝ գլոբալ տաքացումն ու, որպես դրա հետևանք, կլիմայի փոփոխությունը ուժեղանում են, կենսաբազմազանության կորուստը շարունակվում է, իսկ անապատացումը ընդլայնվում է։

Անարդյունավետության բազմաթիվ պատճառներից մեկն այն է, որ երեք կոնվենցիաներում խնդիրներն ու դրանց լուծման ուղիները դիտարկվում են առանձին, մինչդեռ դրանք փոխկապակցված բնույթ ունեն։ Ի լրումն գլոբալ տաքացման բացասական ազդեցության կենսաբազմազանության և անապատացման գործընթացների վրա՝ կենսաբազմազանության կորուստը և անապատացման ընդլայնումն իրենց հերթին բացասաբար են ազդում գլոբալ տաքացման տեմպերի վրա՝ Երկրի ցամաքային և ջրային էկոհամակարգերի կողմից մթնոլորտից ածխածին կլանելու և կուտակելու կարողության նվազման հետևանքով։

Չնայած այն հանգամանքին, որ ՄԱԿ-ի Անապատացման դեմ պայքարի կոնվենցիայի 8-րդ հոդվածը սահմանում է «խրախուսել սույն Կոնվենցիայի շրջանակներում և այլ համապատասխան միջազգային համաձայնագրերի, մասնավորապես՝ Միավորված ազգերի կազմակերպության Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի և Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի շրջանակներում իրականացվող գործունեության համակարգումը», Ռիոյի երեք կոնվենցիաների շրջանակներում իրականացվող գործընթացները մինչ օրս մնում են միմյանցից մասնատված։ Անհրաժեշտ է նորարարական մոտեցում՝ այդ գործընթացների մերձեցման և դրանց միջև սիներգիայի զարգացման համար, ինչպես նաև միասնական հարթակի ձևավորմանն ուղղված առանձին դոկտրինի մշակում։ Անհրաժեշտ է վերադառնալ «էկոհամակարգային ամբողջականության» աքսիոմատիկ սկզբունքին և այն ընդունել որպես բոլոր երեք կոնվենցիաների նպատակներին հասնելու առանցքային, համանշանակելի մոտեցում՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։

Անշուշտ, սիներգիայի խթանման ընթացակարգերը կներառեն կոնվենցիաներով նախատեսված տեխնոլոգիաների մշակումը և փոխանցումը, կարողությունների զարգացումը, հետազոտություններն ու համակարգված դիտարկումները, Փարիզյան համաձայնագրով նախատեսված կորուստների և վնասների ապահովագրությունը, ինչպես նաև այլ ուղղություններ։

Առանձնահատուկ քննարկում կպահանջի ֆինանսավորման սիներգիան։ Քանի որ երեք կոնվենցիաների շահառուները քաղաքացիներն են, որոնք միաժամանակ հարկատուներ են և ուղղակիորեն կամ անուղղակիորեն կրում են երեք կոնվենցիաների նպատակների իրականացման ամբողջ ֆինանսական բեռը, մշակվող նոր դոկտրինը պետք է ներառի համընդհանուր ֆինանսավորման և համաֆինանսավորման մեխանիզմ։

Քանի որ երեք գլոբալ բնապահպանական խնդիրների լուծումը պետք է իրականացվի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայով ընդունված էկոհամակարգային մոտեցմամբ, որի ֆինանսավորման գործիքը էկոհամակարգային ծառայությունների դիմաց վճարներն են, համընդհանուր սիներգետիկ ֆինանսավորման մեխանիզմը դառնում է տրամաբանական և անխուսափելի։ Անխուսափելի՝ քանի որ այն միանշանակ բխում է «էկոլոգիական ամբողջականության» աքսիոմատիկ ճշմարտությունից։

Էկոհամակարգային ծառայությունների դիմաց վճարման մեխանիզմի շրջանակներում անհրաժեշտ է սահմանել բնօգտագործման վճար՝ «բնօգտագործողը (աղտոտողը) վճարում է» սկզբունքով (ջերմոցային գազերի մարդածին արտանետումների, կենսառեսուրսների գերնորմատիվային օգտագործման, անկայուն հողօգտագործման համար) և այդ միջոցներն ուղղել համաշխարհային ներդրումային հիմնադրամ, որը հատուկ կստեղծվի Ռիոյի երեք կոնվենցիաների նպատակների իրականացմանն ուղղված գործունեության ֆինանսավորման համար։

Այնուհետև հիմնադրամի ֆինանսական միջոցներն ուղղել երեք կոնվենցիաների բոլոր Կողմ երկրներին՝ դրանք բաշխելով բնակչության թվաքանակին համապատասխան՝ մեկ շնչի հաշվով հավասար չափով, որպես բնապահպանական քաղաքացիական շրջանառու ներդրումային կապիտալ, որը պատկանում է անհատապես երկրի բոլոր բնակիչներին, անօտարելի վաուչերների ձևով՝ ներդրումային ծրագրերի իրականացման համար՝ ա) ցածրածխածնային զարգացման և կլիմայի փոփոխությանը հարմարվողականության, բ) հողերի պահպանության և գ) կենսաբազմազանության պահպանության ոլորտներում՝ առաջին հերթին ոչ պետական հատվածում՝ քաղաքներում, գյուղական համայնքներում և բնիկ ժողովուրդների համայնքներում։

Ներդրումների շրջանառելիությունը և բնօգտագործման դիմաց մշտական վճարումները կապահովեն հիմնադրամի կայուն հիմքով կապիտալացումը և կխթանեն բնության վրա ճնշման նվազեցումը (որպեսզի բնօգտագործողները բնօգտագործման համար ավելի քիչ վճարեն և հիմնադրամից ավելի շատ ստանան)։

Հաշվի առնելով, որ Անապատացման դեմ պայքարի մասին կոնվենցիայի Կողմերի 17‑րդ համաժողովը, Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը, ինչպես նաև Կլիմայի փոփոխության մասին կոնվենցիայի Կողմերի 31‑րդ համաժողովը տեղի կունենան 2026 թվականին, մենք դիմում ենք ՄԱԿ-ի Անապատացման դեմ պայքարի կոնվենցիայի Կողմերին՝ առաջարկելով աջակցել Ռիոյի երեք կոնվենցիաների միջև սիներգիայի ձևավորմանը՝ որպես ոչ պետական դերակատարների՝ գործարար համայնքի և հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացվող հասարակական պահանջ, և նպաստել մեր նախաձեռնության առաջմղմանը դեպի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը, որը տեղի կունենա Հայաստանում 2026 թվականի հոկտեմբերին, և Կլիմայի փոփոխության մասին կոնվենցիայի Կողմերի 31-րդ համաժողովը, որը տեղի կունենա Թուրքիայում 2026 թվականի նոյեմբերին»։

Օգոստոս 17, 2026 at 12:09

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *