Իրաքյան Քուրդիստանի նախագահը վերջերս փորձել է օգնել վերսկսել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները․ Axios

Մայիսի կեսերին ամերիկացի բանակցողները, որոնք փորձում էին Իրանի հետ համաձայնության հասնել պատերազմի դադարեցման շուրջ, բախվել են խնդրի. նրանք չէին կարողանում պարզել՝ արդյոք բանակցային սեղանի շուրջ նստած անձինք իսկապես ներկայացնում են երկրի ազդեցիկ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ)։ Այս մասին հայտնում է Axios-ը։

Ուստի Թրամփի վարչակազմի պաշտոնյաները դիմել են ոչ ավանդական քայլի․ նրանք շրջանցել են իրանցի բանակցողներին և ուղղակիորեն կապ հաստատել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ղեկավարության հետ։ Սպիտակ տունը հասկացել է ԻՀՊԿ ղեկավարության հետ ոչ ֆորմալ կապուղի ստեղծելու անհրաժեշտությունը։

Որպես միջնորդ նրանք ընտրել են Իրաքյան Քուրդիստանի նախագահ Նեչիրվան Բարզանիին, որին վստահում են թե՛ ամերիկացիները, թե՛ ԻՀՊԿ առաջնորդները։

Մայիսի 10-ին Ազգային հետախուզության այն ժամանակվա տնօրեն Թուլսի Գաբարդը զանգահարել է Բարզանիին և հայտնել, որ Թրամփի վարչակազմի կարծիքով՝ նա կարող է օգնել կապ հաստատել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար, գեներալ Ահմադ Վահիդիի հետ։

Բարզանին կապվել է Վահիդիի հետ և հարցրել, թե արդյոք նա աջակցում է իրանցի բանակցողներին։ Իրանցի գեներալը դրական պատասխան է տվել․

«Ես լիովին աջակցում եմ նրանց, և դա նաև Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի դիրքորոշումն է։ Մենք նախընտրում ենք այս ճգնաժամը լուծել բանակցությունների ճանապարհով»,- պատասխանել է Վահիդին։

Երեք աղբյուր, այդ թվում՝ Սպիտակ տան ներկայացուցիչը, հայտնել են, որ Բարզանին այդ ուղերձը փոխանցել է Գաբարդին։ Իրանից պատասխանն ստանալուց հետո Թրամփի վարչակազմը հանդես է եկել նոր առաջարկով։

ԱՄՆ-ն ցանկանում էր, որ Բարզանին Էրբիլում գաղտնի բանակցություններ կազմակերպի ամերիկացի և իրանցի բարձրաստիճան ներկայացուցիչների միջև։

Բարզանին կրկին խոսել է իրանցիների հետ և նրանց փոխանցել ուղերձը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ իրանցիները չեն բացառել նման հնարավորությունը, սակայն մտահոգված են եղել իրենց անվտանգությամբ։

Նրանք կարծում էին, որ իսրայելական հետախուզությունը բազմաթիվ գործակալներ ունի Իրաքյան Քուրդիստանում, և մտավախություն ունեին, որ իսրայելցիները կփորձեն մահափորձ իրականացնել իրենց դեմ։ Էրբիլում հանդիպումն այդպես էլ տեղի չի ունեցել։

Աղբյուրի համաձայն՝ Բարզանին վերջերս ուղերձներ է հղել Սպիտակ տուն՝ առաջարկելով օգնել ամերիկա-իրանական բանակցությունների վերսկսման հարցում։

Հարված է հասցվել Իրաքյան Քուրդիստանի վարչապետի գրասենյակին․ Rudaw

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *