Իրանը կտրականապես բացառել է Իսլամաբադի հետ փոխըմբռնման հուշագրով նախատեսված 60-օրյա ժամկետը երկարաձգելու շուրջ որևէ բանակցության հնարավորությունը՝ ընդգծելով, որ Թեհրանն իր քաղաքականությունը չի ձևավորում ճնշումների կամ արհեստականորեն սահմանված ժամկետների պայմաններում։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Էսմայիլ Բաղային, փոխանցում է Mehr-ը։
Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն ի սկզբանե խախտել է փոխըմբռնման հուշագիրը։
Բաղայիի խոսքով՝ հուշագրի տեքստում 60-օրյա ժամկետ սահմանող դրույթ չի եղել․ փաստաթուղթը նախատեսում է միջուկային հիմնախնդրի շուրջ միայն 60 օրվա ընթացքում բանակցությունների անցկացում։
Նա նաև շեշտել է, որ Իրանը որոշումներ կկայացնի՝ ելնելով իր ազգային շահերից ու գնահատականներից, այլ ոչ թե սահմանված ժամկետների ճնշման տակ։
«Իրանն այն երկիրը չէ, որն իր քաղաքականությունը ճշգրտի ճնշումների ու խիստ ժամկետների պայմաններում»,- ընդգծել է նա։
Անդրադառնալով ԱՄՆ հայտարարություններին, թե Վաշինգտոնն Իրանի հարցում փոխել է իր առաջնահերթությունները, Բաղային նշել է, որ դրանք վկայում են շարունակվող շփոթմունքի մասին։ Նա վերահաստատել է, որ Իրանի դեմ ագրեսիվ պատերազմն այլ հիմք չի ունեցել, քան «մեր տարածաշրջանի ռեժիմի» ամբիցիաներին ծառայելը։
Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգներն ի սկզբանե որպես պատերազմ սկսելու պատճառ վկայակոչում էր Իրանից բխող անմիջական սպառնալիքին դիմակայելու անհրաժեշտությունը, սակայն հենց Պենտագոնն է հերքել այդ պնդումը՝ հայտարարելով, որ նման սպառնալիք չի եղել։ «Նրանք իրենք իրենց ճահիճն են գցել և, իրենց ձախողումներն արդարացնելու համար, ստիպված են փոխել իրենց նպատակները»,- նկատել է Բաղային։
Նա հավելել է, որ սխալն ընդունելը կարող է ճանապարհ հարթել ճիշտ լուծման համար՝ միաժամանակ կասկած հայտնելով, թե ամերիկացի պաշտոնյաները «նման քաջություն» ունեն։
Բաղային ընդգծել է, որ Թեհրանն օգտագործում է բոլոր խողովակները՝ Քաթարում ամերիկյան ռազմական թիրախի դեմ պաշտպանական գործողության ընթացքում անհետ կորած չորս իրանցի օդաչուների ճակատագիրը պարզելու համար։
Նա հայտնել է, որ Իրանը մշտական կապի մեջ է Քաթարի հետ և պարզաբանումներ է պահանջում։