Գերմանիայում ավտոմոբիլային արդյունաբերությունը մեկ տարում կորցրել է 42 հազար աշխատատեղ

Գերմանական ավտոմոբիլային արդյունաբերությունը շարունակում է կրճատել աշխատատեղերը․ միայն 2026 թվականի առաջին կեսին ոլորտում զբաղվածների թիվը նախորդ տարվա համեմատ նվազել է 42300-ով։ Սա Գերմանիայի խոշոր արդյունաբերական ճյուղերի շրջանում ամենամեծ անկումն է, հաղորդում է Bild-ը։

Ներկայումս ավտոարդյունաբերությունում աշխատում է մոտ 691 500 մարդ, ինչը 2005 թվականից ի վեր ամենացածր ցուցանիշն է։ Հատկապես տուժել են բաղադրիչներ արտադրողները․ այնտեղ զբաղվածությունը մեկ տարվա ընթացքում կրճատվել է 7,6%-ով՝ հասնելով 219 500 աշխատակցի։

Ավտոփոձրագետ Ֆերդինանդ Դուդենհյոֆերը BILD-ի հետ զրույցում նշում է, որ հիմնական կրճատումները դեռ առջևում են։

«Մենք գտնվում ենք անկման գործընթացում, որը դեռ շատ հեռու է ավարտից և ամբողջությամբ ակնհայտ կդառնա միայն առաջիկա տարիներին։ Ձնահյուսը դեռ շատ հեռու է իր ամբողջական մասշտաբից, այն նոր է սկսում թափ հավաքել։ Հաջորդ մի քանի տարիները ծանր են լինելու», — կարծում է Դուդենհյոֆերը։

Նրա խոսքով՝ Volkswagen-ում, BMW-ում, Porsche-ում, Bosch-ում և ZF-ում հայտարարված բազմաթիվ կրճատումները դեռևս արտացոլված չեն վիճակագրության մեջ։ Նա կանխատեսում է, որ մինչև 2030 թվականը գերմանական ավտոարդյունաբերության աշխատողների թիվը կարող է կրճատվել և հասնել 500 հազարի։

Ճգնաժամի պատճառների թվում փորձագետը նշում է Գերմանիայում բարձր ծախսերը, Չինաստանի կողմից մրցակցությունը և արտադրության ավտոմատացումը։ Նրա խոսքով՝ երկիրը «վտանգում է կորցնել ոչ միայն ավտոմեքենաների արտադրությունը, այլև նոր տեխնոլոգիաների մշակումը»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *