Թուրքիան այլևս առաջնահերթություն չի համարում Եվրոպական միությանն անդամակցելը․ Էրդողան

Թուրքիան այլևս առաջնահերթություն չի համարում Եվրոպական միությանն անդամակցելը, Al Jazeera Arabic-ին տված հարցազրույցում հայտարարել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Թուրքիայի ղեկավարի խոսքով՝ Անկարան միևնույն ժամանակ դուռը չի փակում հնարավոր անդամակցության առջև, սակայն ԵՄ-ն Թուրքիայի ինտեգրման իրական պատրաստակամություն չի ցուցաբերում, ինչի հետևանքով Եվրոպան կհայտնվի տուժող կողմում։

«Եվրոպան արդեն 53 տարի է՝ չի ընդունում Թուրքիային իր շարքերը և չի պատրաստվում դա անել ապագայում, սակայն մենք մեր դուռը չենք փակել»,- ասել է Թուրքիայի նախագահը։ Նա չի հստակեցրել այս թվի հաշվարկման ելակետը։ Թուրքիան 1963 թվականին ստորագրել էր Անկարայի համաձայնագիրը՝ իրավական հիմքեր դնելով Եվրոպական տնտեսական համայնքի (ԵՏՀ)՝ ԵՄ նախորդի հետ ավելի սերտ տնտեսական կապերի և անդամակցության երկարաժամկետ հեռանկարի համար, իսկ 1987 թվականի ապրիլի 14-ին դիմել էր լիիրավ անդամակցության համար։

«Մենք նախկինի պես դիտարկում ենք Եվրոպական միությանն անդամակցելու հնարավորությունը։ Եթե նրանք ընդունեն մեզ՝ ավելի լավ, եթե ոչ՝ դա նույնպես վատ չէ»։

Թուրքիան ԵՄ անդամակցության պաշտոնական թեկնածու է 1999 թվականից։ Անդամակցության շուրջ բանակցությունները պաշտոնապես մեկնարկել են 2005 թվականի հոկտեմբերին, սակայն փաստացի սառեցվել են երկար տարիներով՝ Թուրքիայում ժողովրդավարության, իրավունքի գերակայության և հիմնարար իրավունքների վիճակի վատթարացման վերաբերյալ եվրոպական կողմի մտահոգությունների ֆոնին։

Եվրոպական միության խորհրդի տվյալներով՝ բանակցային 35 գլուխներից 16-ը բացվել են, իսկ մեկը՝ ժամանակավորապես փակվել։ Անկարայի հետ վերջին միջկառավարական համաժողովը տեղի է ունեցել 2016 թվականի հունիսի 30-ին։

2018 թվականի հունիսին Ընդհանուր հարցերով խորհուրդը հայտարարեց, որ բանակցությունները փաստացի հայտնվել են փակուղում․ նոր գլուխների բացում կամ փակում չի նախատեսվում, ինչպես և որևէ հետագա աշխատանք ԵՄ-ի և Թուրքիայի միջև Մաքսային միության արդիականացման ուղղությամբ։

Եվրոպական հանձնաժողովի զեկույցներում բազմիցս նշվել են արտահայտվելու ազատության, դատական իշխանության անկախության և ընդդիմադիր գործիչների նկատմամբ վերաբերմունքի սահմանափակումները։ Ընդլայնման վերաբերյալ 2025 թվականի զեկույցում Թուրքիան գնահատվել է որպես դատական համակարգին և հիմնարար իրավունքներին վերաբերող հատվածի վաղ փուլում գտնվող երկիր։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *