Շրջակա միջավայրի նախարարության ռազմավարական քաղաքականության վարչության պետ Լուսինե Ավետիսյանը հանդիպել է «Գրին գրին» բնապահպանական հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետ՝ քննարկելու պլաստիկ թափոնների կառավարման և կրճատման, ինչպես նաև պլաստիկին այլընտրանքային, շրջակա միջավայրի համար առավել անվտանգ լուծումների կիրառման հնարավորությունները։ Այս մասին NEWS.am–ին տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել պլաստիկի սպառման նվազեցմանը, վերօգտագործման և վերամշակման խթանմանը, ինչպես նաև կենսաքայքայվող և էկոլոգիապես առավել անվտանգ նյութերի կիրառման հնարավորություններին։
Ընդգծվել է, որ պլաստիկ թափոնների խնդրի արդյունավետ լուծումը պահանջում է համալիր մոտեցում՝ համադրելով պետական քաղաքականությունը, մասնավոր հատվածի պատասխանատվությունը, նորարարական տեխնոլոգիաների ներդրումն ու հանրային իրազեկվածության բարձրացումը։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել նաև սպառողական վարքագծի փոփոխությանն ու կայուն սպառման մշակույթի ձևավորմանը։ Այս համատեքստում կարևորվել են կրթական և իրազեկման ծրագրերի իրականացումը, ինչպես նաև բազմակի օգտագործման և շրջակա միջավայրի համար առավել անվտանգ արտադրանքի նկատմամբ պահանջարկի խթանումը։
Կողմերը կարևորել են պետական, մասնավոր և հասարակական հատվածների համագործակցությունը՝ պլաստիկ թափոնների կրճատմանն ուղղված արդյունավետ և երկարաժամկետ լուծումներ մշակելու և ներդնելու նպատակով, և պատրաստակամություն են հայտնել շարունակելու համագործակցությունն այս ուղղությամբ։
Հիշեցում
2027 թվականի հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային պարկերի և տոպրակների, ինչպես նաև պլաստիկից կամ փրփրապլաստից պատրաստված մեկանգամյա օգտագործման տարաների և սպասքի վաճառքը կամ առկայությունը՝
-
առևտրի օբյեկտներում, տոնավաճառներում և ցուցահանդես-վաճառքներում,
-
հանրային սննդի օբյեկտներում,
-
բացօթյա և շրջիկ առևտրի կետերում։