
Վերջին օրերին համացանցում լայնորեն տարածվում է մի կնոջ լուսանկար, իբրև վերջինս Հալաբյան 13 շենքի բակում լքված նորածնի մայրն է։ Մենք կապ հաստատեցինք Քննչական կոմիտեի մամուլի պատասխանատուի հետ եւ հարցրեցինք` հայտնաբերվե՞լ է արդյոք նորածնի մայրը: Նա նշեց, որ նորածին երեխայի քրեական գործով որևէ նորություն չկա, երեխայի ծնողները ևս չեն հայտնաբերվել։
Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին Հալաբյան փողոցի բակերից մեկում բնակիչ Նարեկ Պետրոսյանը հայտնաբերել էր նորածին աղջկա։ Երեխան սառած վիճակում էր, ինչից հետո նրան տեղափոխել էին հիվանդանոց։ Բժիշկները նորածնի մոտ արձանագրել էին շնչառական անբավարարություն, սակայն նրա կյանքին վտանգ չէր սպառնում։ Դեպքի առթիվ Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Մինչ այս երեխայի ծնողների հայտնաբերման վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն չի հրապարակվել։ Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո փոքրիկին նախատեսվում է տեղափոխել մանկատուն։ Նշենք, որ նորածին աղջիկը անվանակոչվել է Սոսե՝ ի պատիվ հերոս կնոջ` Սոսե Մայրիկի։