«ԱԳՐՈՎԻԺՆ» ՓԲԸ-ի 800 մլն դրամ ծավալով պարտատոմսերը ցուցակվել են AMX-ում

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի․/ԱՌԿԱ/. «ԱԳՐՈՎԻԺՆ» ՓԲԸ-ի 800 մլն դրամ անվանական ծավալով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում (AMX), հայտնում է բորսայի մամուլի ծառայությունը:

«ԱԳՐՈՎԻԺՆ» ընկերությունը, մասնավորապես,  զբաղվում է ներդրումներով ագրոպարենային ոլորտի տարբեր ուղղություններում, գյուղատնտեսական ապրանքների առևտրով, ինչպես նաև գյուղատնտեսության տարբեր ճյուղերում տրամադրում է տեխնիկական աջակցություն և մասնագիտական խորհրդատվություն։ Դուստր ընկերությունների միջոցով «ԱԳՐՈՎԻԺՆ» ՓԲԸ-ն տեղական շուկայում ներկայացնում է համաշխարհային առաջատար արտադրողների կողմից արտադրված գյուղատնտեսական տեխնիկա, սարքավորումներ, գործիքներ և այլ պարագաներ՝ հաշվի առնելով տեղական պահանջարկը։

Օգոստոսի 17-ից ներդրողները հնարավորություն կստանան մասնակցել «ԱԳՐՈՎԻԺՆ» ՓԲԸ-ի պարտատոմսերի բորսայական առևտրին՝ դիմելով բորսայի անդամ հանդիսացող բանկերին կամ ներդրումային ընկերություններին:

«Ագրովիժն» ՓԲԸ-ի պարտատոմսերը ներառվել են AMX-ի Bbond պարտատոմսերի երկրորդային ցուցակում: Ցուցակման մեջ ներառվելու է յուրաքանչյուրը 100 000 դրամ անվանական արժեքով 8000 պարտատոմս՝ 13% արժեկտրոնային եկամտաբերությամբ և 36 ամիս շրջանառության ժամկետով: Այս պարտատոմսերով հնարավոր կլինի իրականացնել նաև հասցեական առևտուր և կնքել ռեպո գործարքներ:

Պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվել է 2026 թվականի հուլիսի 3-ից 22-ն ընկած ժամանակահատվածում՝ Ineco Group ընկերությունների խմբի մեջ մտնող «Դայմենշն» ՓԲԸ-ի միջոցով:

«Ագրոարդյունաբերական ոլորտի ընկերություններն էլ ավելի ակտիվորեն են ներգրավվում կապիտալի շուկայում: Սա ևս մեկ անգամ փաստում է, որ պարտատոմսերի ցուցակումը ընկերությունների համար դարձել է ֆինանսավորման ներգրավման արդյունավետ գործիք՝ միաժամանակ նպաստելով դրանց գործունեության թափանցիկության, ճանաչելիության և ներդրումային գրավչության բարձրացմանը», — հայտարարել է AMX-ի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը:

«Կապիտալի շուկա դուրս գալը մեզ համար կարևոր ռազմավարական քայլ է, որը հնարավորություն է տալիս ոչ միայն ներգրավել անհրաժեշտ ֆինանսական միջոցներ, այլև ամրապնդել ընկերության դիրքերը՝ որպես թափանցիկ, հուսալի և երկարաժամկետ զարգացմանն ուղղված կազմակերպություն: Պարտատոմսերի տեղաբաշխման արդյունքում ներգրավված միջոցները մենք կուղղենք դուստր ընկերությունների գործունեության ընդլայնմանը, ինչպես նաև նոր ռազմավարական ծրագրերի իրականացմանը», — նշել է «ԱԳՐՈՎԻԺՆ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Նվարդ Անանյանը:

«Պարտատոմսերի տեղաբաշխման արագությունն ու ներդրողների լայն շրջանակը վկայում են տեղական կապիտալի շուկայի խորության և որակյալ թողարկումների նկատմամբ բարձր պահանջարկի մասին: Կարևոր է, որ ներգրավված միջոցներն ուղղվելու են իրական տնտեսություն՝ հստակ ու չափելի ծրագրերի ֆինանսավորմանն ու երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտում արժեքի ստեղծմանը», — ասել է «Դայմենշն» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Գրիգոր Հարությունյանը:

Հիմնադրվելով 2006 թվականին «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամի կողմից՝ այսօր «ԱԳՐՈՎԻԺՆ» ՓԲԸ-ն Հայաստանի գյուղատնտեսական ոլորտում գործունեություն ծավալող առաջատար կազմակերպություններից մեկն է:

Հայաստանի ֆոնդային բորսան հանրապետությունում գործող արժեթղթերի կարգավորվող շուկայի միակ օպերատորն է: AMX-ն առաջարկում է բորսայական ծառայությունների ամբողջական փաթեթ՝ ցուցակման, առևտրային, քլիրինգային և տեղեկատվական ծառայություններ, ինչպես նաև բորսայական այլընտրանքային լուծումներ: Բորսայական գործարքների վերջնահաշվարկն իրականացնում է Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիան, որի 100% բաժնետերը Հայաստանի ֆոնդային բորսան է: AMX-ի առաքելությունն է զարգացնել կապիտալի շուկայի բորսայական ենթակառուցվածքը՝ այն դարձնելով Հայաստանի տնտեսության զարգացման ֆինանսավորման ակտիվ գործիք:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *