ԱԳՐՈՎԻԺՆ» ՓԲԸ-ի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում

Այսօր Հայաստանի ֆոնդային բորսայում (AMX) ցուցակված ընկերությունների շարքը համալրեց ագրոարդյունաբերական ոլորտում գործունեություն ծավալող ևս մեկ ընկերություն՝ «ԱԳՐՈՎԻԺՆ» ՓԲԸ-ն։ Ընկերությունը մասնավորապես զբաղվում է ներդրումներով ագրոպարենային ոլորտի տարբեր ուղղություններում, գյուղատնտեսական ապրանքների առևտրով, ինչպես նաև գյուղատնտեսության տարբեր ճյուղերում տրամադրում է տեխնիկական աջակցություն և մասնագիտական խորհրդատվություն։ Դուստր ընկերությունների միջոցով «ԱԳՐՈՎԻԺՆ» ՓԲԸ-ն տեղական շուկայում ներկայացնում է համաշխարհային առաջատար արտադրողների կողմից արտադրված գյուղատնտեսական տեխնիկա, սարքավորումներ, գործիքներ և այլ պարագաներ՝ հաշվի առնելով տեղական պահանջարկը։

Բորսայում տեղի ունեցավ պարտատոմսերի ցուցակման ավանդական զանգի հնչեցման արարողությունը՝ խորհրդանշելով ընկերության մուտքը կապիտալի շուկա։

Ներդրողներն  օգոստոսի 17-ից  հնարավորություն կունենան մասնակցելու «ԱԳՐՈՎԻԺՆ» ՓԲԸ-ի պարտատոմսերի բորսայական առևտրին՝ դիմելով բորսայի անդամ բանկերին կամ ներդրումային ընկերություններին։ 

«ԱԳՐՈՎԻԺՆ» ՓԲԸ-ի պարտատոմսերը՝ ընդհանուր 800,000,000 ՀՀ դրամ անվանական ծավալով, ընդգրկվել են Հայաստանի ֆոնդային բորսայի պարտատոմսերի երկրորդային՝ Bbond ցուցակում։ Կցուցակվեն 8000 հատ պարտատոմս՝ 100,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, 13% արժեկտրոնային եկամտաբերությամբ և 36 ամիս շրջանառության ժամկետով։ Այս պարտատոմսերով հնարավոր է լինելու նաև իրականացնել հասցեական առևտուր և կնքել ռեպո գործարքներ։ 

Պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվել է 2026 թվականի հուլիսի 3-ից 22-ն ընկած ժամանակահատվածում՝ Ինեկո Գրուպ ընկերությունների խմբի անդամ «Դայմենշն» ՓԲԸ-ի միջոցով։

Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը նշել է.

«Ուրախ ենք տեսնել, որ ագրոարդյունաբերական ոլորտի ընկերություններն ավելի ակտիվ են ներգրավվում կապիտալի շուկայում։ Սա ևս մեկ անգամ փաստում է, որ պարտատոմսերի ցուցակումը դարձել է ընկերությունների համար ֆինանսավորման ներգրավման արդյունավետ գործիք՝ միաժամանակ նպաստելով նրանց թափանցիկ գործունեության, ճանաչելիության և ներդրումային գրավչության բարձրացմանը։ Վստահ ենք, որ «ԱԳՐՈՎԻԺՆ» ՓԲԸ-ի համար այս քայլը կարևոր հիմք կդառնա հետագա զարգացման, նոր ծրագրերի իրականացման և ներդրողների հետ երկարաժամկետ համագործակցության ամրապնդման ճանապարհին»։«Կապիտալի շուկա մուտք գործելը մեզ համար կարևոր ռազմավարական քայլ է, որը հնարավորություն է տալիս ոչ միայն ներգրավել անհրաժեշտ ֆինանսական միջոցներ, այլև ամրապնդել ընկերության դիրքերը՝ որպես թափանցիկ, վստահելի և երկարաժամկետ զարգացմանն ուղղված կազմակերպություն։ Պարտատոմսերի տեղաբաշխման արդյունքում ներգրավված միջոցներն ուղղելու ենք դուստր ընկերությունների գործունեության ընդլայնմանը, ինչպես նաև նոր ռազմավարական ծրագրերի իրականացմանը։ Մենք բարձր ենք գնահատում ներդրողների վստահությունը և շնորհակալ ենք Հայաստանի ֆոնդային բորսային, ինչպես նաև մեր գործընկեր «Դայմենշն» ներդրումային ընկերությանը՝ այս գործընթացի արդյունավետ կազմակերպման և աջակցության համար։ Համոզված ենք, որ պարտատոմսերի ցուցակումը նոր հնարավորություններ կստեղծի ընկերության հետագա զարգացման, մեր ծառայությունների ընդլայնման և գյուղատնտեսության ոլորտում նոր լուծումների ներդրման համար։ Մեզ համար կարևոր է նաև ներդրողների հետ երկարաժամկետ և վստահության վրա հիմնված համագործակցության ձևավորումը։ Վստահ ենք, որ այս քայլով «ԱԳՐՈՎԻԺՆ»-ը նոր փուլ է սկսում իր զարգացման ճանապարհին՝ շարունակելով իր ներդրումն ունենալ Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի կայուն և արդյունավետ զարգացման գործում»,- նշել է «ԱԳՐՈՎԻԺՆ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Նվարդ Անանյանը:



«Պարտատոմսերի տեղաբաշխման արագությունն ու ներդրողների լայն շրջանակը վկայում են տեղական կապիտալի շուկայի խորության և որակյալ թողարկումների նկատմամբ բարձր պահանջարկի մասին։ Կարևոր է, որ ներգրավված միջոցներն ուղղվելու են իրական տնտեսություն՝ հստակ և չափելի ծրագրերի ֆինանսավորմանը և երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտում արժեքի ստեղծմանը։ Շատ ուրախ ենք աջակցել ընկերությանը կապիտալի շուկա մուտք գործելու այս փուլում և հուսով ենք, որ հետագայում ևս այն շուկա կվերադառնա նոր թողարկումներով»,-նշել է «Դայմենշն» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Գրիգոր Հարությունյանը։

Հիմնադրվելով 2006 թվականին «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (ՔԱՐԴ) հիմնադրամի կողմից՝ այսօր «ԱԳՐՈՎԻԺՆ» ՓԲԸ-ն հանդիսանում է Հայաստանի գյուղատնտեսական ոլորտում գործունեություն ծավալող առաջատար կազմակերպություններից մեկը։ Ընկերությունը մասնագիտացած է գյուղատնտեսական ապրանքների մատակարարման, ինչպես նաև գյուղատնտեսական արտադրության տարբեր ուղղություններում տեխնիկական աջակցության և մասնագիտական խորհրդատվական ծառայությունների մատուցման ոլորտում։ Պարտատոմսերի տեղաբաշխման արդյունքում ներգրավված միջոցներն ընկերությունը նախատեսում է ուղղել արտադրական կարողությունների բարելավմանը, դուստր ընկերությունների գործունեության ընդլայնմանը, ինչպես նաև այլ ռազմավարական և գործառնական նպատակների իրականացմանը։

Բորսան շարունակելու է աջակցել պատասխանատու և թափանցիկ ընկերությունների ներգրավմանը շուկա՝ ձևավորելով վստահելի ներդրումային միջավայր և խթանելով իրական հատվածի ֆինանսավորումը կապիտալի շուկայի գործիքների միջոցով։


***

Հայաստանի ֆոնդային բորսայի մասին

Հայաստանի ֆոնդային բորսան Հայաստանում գործող արժեթղթերի կարգավորվող շուկայի միակ օպերատորն է։ AMX-ն առաջարկում է բորսայական ծառայությունների ամբողջական փաթեթ՝ ցուցակման, առևտրի, քլիրինգային և տեղեկատվական ծառայություններ, այլընտրանքային բորսայական լուծումներ։ Բորսայական վերջնահաշվարկն իրականացնում է Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան, որի 100% բաժնետերը Հայաստանի ֆոնդային բորսան է։ AMX-ի առաքելությունն է զարգացնել կապիտալի շուկայի բորսայական ենթակառուցվածքը՝ այն դարձնելով ֆինանսավորման ակտիվ գործիք Հայաստանի տնտեսության զարգացման համար։ 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *