Արժե՞ զարմանալ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների վրա` բոլորով Օրուելի գրքի մեջ ենք հայտնվել

ԱԺ նախկին նախագահ, Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը, մոռանալով իր նոր կարգավիճակի մասին, ֆեյսբուքում նորից շարքային ՔՊ-ականի նման ակտիվացել է ու անդրադարձել ընդդիմությանը` գռեհիկ որակումներ օգտագործելով նրանց հասցեին: «ԱԺ-ի ընդդիմադիր դաշտի մանկապարտեզի սաները` անունները չեմ գրում, քանզի դրանք ձեզ ոչինչ չեն ասի), մինչ օրս կռիվ են տալիս ԱԺ դահլիճում իմ շողքի հետ, բայց թքիցս վերև չեն կարողանում միևնույն է բարձրանալ: Այս փոքրիկ ծաղրածուները, ովքեր իրենց անգրագետ շեֆերի փողերի ու հայ ժողովրդին մոլորեցնելու միջոցով դեպուտատ են դարձել, պետք է հասկանան, որ ամեն անգամ նման բաներից հետո տրորելու եմ ոչ միայն իրենց, այլ առաջին հերթին իրենց օտարերկրյա գործակալ անգրագետ շեֆերին:
Դուք նույնիսկ իմ շողքի հետ բանավիճելու և ոտք քցելու ո՛չ խելք, ո՛չ գիտելիք չունեք, ուստի հանգիստ վեր ընկեք ձեր տեղը` ավելորդ անգամ Կալուգացի Սամոյի ու էն ծուռբերան Ռոբի գլխին չտամ: Դուք դրա պակասը չունեք ու չեք ունենալու»,- գրել է նա երեկ իր էջում:

Իսկ մարդիկ ենթադրում էին, որ Անվտանգության խորհուրդն ապակուսակցական մարմին է, նրա ղեկավար-քարտուղարն այլ գործառույթներ եւ ըստ այդմ` այլ վարքագիծ ու կեցվածք պետք է ունենա: Նախկին ԱԽՔ Արմեն Գրիգորյանի տեսակետները, վարած քաղաքականությունը մենք կարող ենք չկիսել, նրան չհամակրել, սակայն հանուն արդարության պետք է ասել, որ Գրիգորյանի դաստիարակությունն ու վարքագիծը Ալեն Սիմոնյանի հետ համեմատել անհնարին է եւ համեմատությունը հաստատ նորանշանակի օգտին չէ:

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը՝ արձագանքել է Ալեն Սիմոնյանին, որակելով որպես «սպիսատ արած», իսկ Էդգար Ղազարյանը՝ նրան անվանել է «սպառնալիք ազգային անվտանգությանը», ասելով. «Պարոն Ալեն Սիմոնյան դուք դեռ նոր եք, բայց լավ կլինի ընթերցեք այն գերատեսչության փաստաթղթերը, որտեղ ժամանակավորապես նշանակվել եք, որպեսզի լինեք ո՛չ մոտիկ, ո՛չ էլ շատ հեռու։ Դուք այլևս պատգամավոր չեք, որ թնդացնեք ԱԺ-ը ամբիոնը և ոչ էլ 2-րդ մարդը ՀՀ-ում։ Ծանր է։ Ձեր տված միլիոնավոր դրամների պարգևավճարները արդեն մոռացվել են, իսկ Ձեզ մեծարողները հիմա պտտվում են նոր տոնածառի շուրջ և Ռուբեն Ռուբինյանի պատվին են երգում «Քեռին եկավ մեր բակը, դու լուլու, դու լուլու մեր բակը»։ Ձեր կողմից ղեկավարվող պետական մարմնի սույն փաստաթղթում՝ «ՀՀ ազգային անվտանգության ռազմավարություն 2020», որի ներածականի հեղինակը ՆՓ-ն է, հստակ գրված է. «2.18 Քրեական ենթամշակույթի, բռնության, ատելության և այլատյացության ցանկացած դրսևորում պառակտում է հասարակությունը և մարտահրավեր է պետության և հասարակության համար»: Վերլուծեք Ձեր խոսույթը և եկեք եզրահանգման, որ դուք իրավունք չունեք խախտելու այն ռազմավարությունը, որի պաշտոնական ներկայացուցիչը դուք եք և դուք պետք է պայքարեք վերոնշյալ արատավոր երևույթների դեմ, ահա թե ինչու են ձեզ որակում որպես «սպառնալիք», որովհետև դուք նվազագույն պատկերացում չունեք թե որտեղ եք ընդամենը մի ենթակետի տրամաբանության շրջանակներում, իսկ նշածս փաստաթուղթը բավականին ընդարձակ է և այն դուք եք ընդունել»։

Հոգեբան, քաղաքական գործիչ Միհրդատ Մադաթյանը, «Հրապարակի» հետ զրույցում, անդրադառնալով ԱԽՔ Ալեն Սիմոնյանի վերջին հայտարարություններին` ուղղված ընդդիմությանը, նկատում է. «Վաղուց արդեն ոչ մի պաշտոն, որը ենթադրում էր հավասարակշռված վարքագիծ, կոռեկտություն, գրագիտություն, և այլն, իր տեղում չէ: Մենք պատգամավորներ ենք ունեցել, ովքեր աքացի էին տալիս` ձիու, կամ էշի նման, մենք ունենք ԱԺ նախագահ, ով ամբիոնից ինչ մտքին փչում է, խոսում է, մարդկանց է վիրավորում, ունենք նախարարներ, ովքեր երկու բանկա տոմատի մոտ նկարվում են, ու արտահանման մասին ինչ-որ ստեր են ասում, և այսպես շարունակ: Ի վերջո` մեր երկիրը ղեկավարում է մի մարդ, ով պատերազմի մասնակցին հարցնում է` ինչո՞ւ ես դու կենդանի մնացել: Չենք խոսում մնացյալ անթույլատրելի հայտարարությունների մասին, որոնք արվել են: Այս պարագայում արժե՞ զարմանալ, որ Ալեն Սիմոնյանը նման հայտարարություններ է անում, անգամ այն պարագայում, երբ զբաղեցնում է բավականին կարևոր պաշտոն:

Ալենն անկախ պաշտոնից միշտ նույն ֆորմատի մեջ է: Նա չի կարող փոխել իր էությունը: Նա մի մարդ է, ով չունի անցյալ, համենայն դեպս մարդիկ չեն հասկանում, թե ով է եղել նա նախքան 2018 թվականը: Ինչ-որ դերասանություններ է արել, տեսահոլովակներում է նկարահանվել, ամեն բան արել է ինչ-որ կերպ ռեալիզացվելու համար, սակայն նրա մոտ ոչինչ չի ստացվել: Հիմա էլ դարձել է ԱԽՔ, գործ է, տվել են էլի, որ մի բանով զբաղվի, փող ստանա: Մարդիկ իրենց իշխանությունն են վայելում, ու վերջ, պետք չէ խորքային նայել նրանց արարքներին: Ինչպես իրենց վարչապետն է ասում` ամեն ինչին եկեք նայենք ժպիտով», – ասում է Մադաթյանը:

Հոգեբանը նաև զուգահեռներ անցկացրեց նախկին և ներկա ԱԽՔ-երի միջև, և ասաց. «Արմեն Գրիգորյանը գուցե իր տեսակով համեստ էր, սակայն նրա դերն էլ ինձ համար հասկանալի չէր: Կարծում եմ, որ նա էլ չէր կարողանում ճիշտ աշխատել: Մենք պատերազմում պարտվեցինք, Արցախը կորցրինք, և փաստացի հենց նրա ժամանակ անվտանգության հետ կապված լրջագույն խնդիրներ ենք ունեցել: Այս իշխանությունը վտանգների համալիր է, որը բացառապես վտանգներ է ներկայացնում ու վերջ, իսկ թիմի համար մասնագիտական պատրաստվածությունը բոլորովին կարևոր չէ: Եվ այս թիմը խոսում է բարեկրթությունից: Բարեկրթությունը ներքին կուլտուրա է, որով մարդը ապրում է, այլ ոչ թե պայմանավորվում դրա մասին: 2018 թվականից մենք այնքան ենք իջել, որ բարեկրթության մասին ԱԺ-ում մարդիկ իրար հետ պայմանավորվում են, հասկանո՞ւմ եք, թե ուր է գլորվել մեր երկիրը: Բոլորով Օրուելի գրքի մեջ ենք հայտնվել, եկեք այդպես էլ շարունակենք»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *