Թրամփը Հարավային Կորեային կստիպի վճարել Իրանի պատճառով իր նվաստացման համար. Atlantic

Դոնալդ Թրամփը անխոհեմաբար ներքաշվեց Իրանի հետ պատերազմի մեջ։ Այժմ Միացյալ Նահանգները պարտվում են այս հակամարտությունում։ Իրանը շարունակում է մարտահրավեր նետել, համաշխարհային տնտեսությունը պաշտպանված է շատ ավելի քիչ, քան վեց ամիս առաջ, ամերիկյան ռազմական ռեսուրսները սպառված են, իսկ զինամթերքի պաշարները վտանգավոր չափով նվազել են։ Թրամփն ու ԱՄՆ-ը մեկ նվաստացումից հետո մյուսն էին ապրում․ անցած շաբաթ նա ստիպված էր գաղտնի հեռանալ տարածաշրջանից պահեստային ինքնաթիռով՝ Թեհրանի կողմից հնարավոր մահափորձի սպառնալիքի պատճառով, գրում է Atlantic-ը։

Եվ ահա Միացյալ Նահանգների նախագահը կատարեց տրամաբանական հաջորդ քայլը․ նա պատժում է Հարավային Կորեային՝ Ամերիկայի հավատարիմ բարեկամին, և ԱՄՆ-ի թշնամիների մեջ կասկածներ է սերմանում, թե արդյոք Ամերիկան պատրաստ է պաշտպանել իր դաշնակիցներին։

Թրամփը Պաշտպանության նախարարությանը հանձնարարել է «էապես կրճատել» հարավկորեացիների հետ ամենամյա համատեղ զորավարժություններին մասնակցությունը։ Իր քայլը նա մասամբ բացատրել է Truth Social-ում արված գրառմամբ՝ ասելով, որ նման միջոցառումները թանկ են նստում, բայց ավելի վատն այն է, որ դրանք վիրավորական են իր հյուսիսկորեացի ընկերների համար՝ այն երկրի, որից «սպառնալիք չէր բխում և հարգալից էր», քանի դեռ ինքն իշխանության էր։

Թրամփին, դատելով ամենից, չեն անհանգստացնում ամերիկյան և հարավկորեական ուժերի վրա Փհենյանի ուղղած տասնյակ միջուկային մարտագլխիկները․ դրանցից շատերը ստեղծվել են նրա նախագահության օրոք։ Հիշեցնենք՝ ներկայում Հարավային Կորեայում տեղակայված է շուրջ 28 հազար 500 ամերիկացի զինծառայող, որոնցից մի քանիսն ապառազմականացված գոտուց ընդամենը մի քանի մղոն հեռավորության վրա են։

Ավելին, նա բողոքել է, որ Սեուլը չի օգնել իրեն հաղթել Իրանին․

«Թեև սա, կարծես, կապ չունի (?), ես վերջերս Հարավային Կորեայի նախագահին հարցրի՝ արդյոք նրանք կցանկանա՞ն միանալ մեզ Իրանի Իսլամական Հանրապետության ապամիջուկայնացման գործում, ինչին նրանք պատասխանեցին․ «Ոչ, շնորհակալություն»»

Երբ Թրամփը փորձում է ընդգծել, որ որևէ իրադարձություն «կապ չունի» իր գործողությունների հետ (և միաժամանակ ավելացնում է խորամանկ հարցական նշան), դա սովորաբար նշանակում է, որ կապը ուղիղ է, և, թերևս, հենց դա էլ նրա գլխավոր դրդապատճառն է։

Զորավարժությունների մասշտաբների կրճատումը, անշուշտ, խելահեղ որոշում է, որը ոչ մի օգուտ չի բերում, բացի նրանից, որ վնասում է դաշնակցին և հակառակորդին մղում է այն մտքին (ի դեպ, միանգամայն ճիշտ), որ ամերիկյան ղեկավարությունն անկարող է գործել։ Մնում է միայն զարմանալ, թե ինչու Հարավային Կորեան և մնացած ազատ աշխարհը պետք է վճարեն Դոնալդ Թրամփի անհաջողությունների համար։ Նման տարակուսանքը լիովին հասկանալի է, եթե հաշվի չառնենք, որ Թրամփի աշխարհում յուրաքանչյուր ձախողում, յուրաքանչյուր պարտություն ընկալվում է որպես անձնական վիրավորանք։ Երբ ինչ-որ բան սխալ է ընթանում, ինչ-որ մեկը պետք է պատասխան տա դրա համար, և այդ ինչ-որ մեկը երբեք Դոնալդ Թրամփը չի լինում։

Ամերիկան և մնացած աշխարհը հիմա նարցիսական զայրույթի հրապարակային ցուցադրության ականատես են դարձել։ Թրամփը պատերազմ սկսեց անձնական փառքի համար, բայց դրա փոխարեն ստացավ նվաստացումների մի ամբողջ շարք։ Ակնհայտ է, որ նա այդ ամենն անտանելի է համարում։

Թրամփը միաժամանակ և՛ վախենում, և՛ հարգում է Ռուսաստանում, Չինաստանում և Հյուսիսային Կորեայում իշխող ավտոկրատներին, և այդ պատճառով չի համարձակվում անցնել նրանց ճանապարհը։ Դրա փոխարեն նա փորձում է խլացնել Իրանում իր պարտության հոգեբանական տրավման՝ ներառյալ այն, որ ամերիկյան հանրությունը տեղեկացավ այն խայտառակ պայմանների մասին, որոնցում նա պահում է ԱՄՆ զինծառայողներին, վրեժ լուծելով Ամերիկայի դաշնակիցներից, այսինքն՝ այն երկրներից, որոնց նա կարող է պատժել՝ առանց պատասխան հարվածից վախենալու։

Իրանի հետ պատերազմը բնավ նախագահի ձախողումը չէր, հասկանո՞ւմ եք։ Նախագահին ուրիշներն էին տապալել։ Հենց այն անկեղծ հարավկորեացիները, որոնք ամեն մի քանի տարին մեկ նրան ներքաշում են Փհենյանի այդ հարգալից և խաղաղասեր երիտասարդի հետ անպետք դիմակայության մեջ, հրաժարվեցին օգնել նրան տապալել իրանական ռեժիմը։ Եվ քանի որ Թրամփն ի զորու չէ ենթարկել Իրանին, ի զորու չէ համալրել ամերիկյան զենքի պաշարները, որոնք նա երբեք չպետք է ծախսեր այս պատերազմում, և ի զորու չէ հոգ տանել այն զինծառայողների մասին, որոնց նա վտանգի է ենթարկել, ինչ-որ մեկը պետք է վճարի դրա համար։ Ամենահարմար թիրախը, առնվազն այս պահին, դարձավ Հարավային Կորեան։

Ամերիկյան պատմության լավագույն ժամանակներում զայրացած Կոնգրեսը կմիջամտեր և պատասխաններ կպահանջեր նման վտանգավոր խելագարության համար։ Օրենսդիրները կշտապեին Սպիտակ տուն, կշփվեին մամուլի հետ, կանցկացնեին լսումներ և, ընդհանուր առմամբ, իրենց կպահեին որպես ամերիկյան հզորության պատասխանատու կառավարիչներ։ Այդ օրերը, գոնե նախագահի կուսակցության պատգամավորների շրջանում, վաղուց անցել են։ Նրանք Թրամփին կհանդուրժեն բացարձակապես ամեն ինչ։ Մեր դաշնակիցները կարող են որոշ ժամանակ աչք փակել Թրամփի հիստերիաների վրա, բայց նրանք ունեն սեփական ուժն ու հնարավորությունները, և նույնիսկ հիմա, ամենայն հավանականությամբ, պատրաստվում են մի աշխարհի, որտեղ ամերիկացիներն այլևս իրենց ընկերներին և զինակիցներին հավատարիմ մնացող խոսքի ու սկզբունքների մարդիկ չեն։

Չինաստանը, Ռուսաստանը և Հյուսիսային Կորեան անպայման ճիշտ դասեր կքաղեն այս խելահեղ քաղաքականությունից։ Նրանց հերթական անգամ ցույց տվեցին․ երբ Թրամփը ձախողվում է, նա հարվածում է նրանց, ում անվտանգ է համարում հարվածել։ Փհենյանն արդեն հրթիռներ և հազարավոր զինվորներ է ուղարկում՝ Ռուսաստանին օգնելու համար։ Եթե հակամարտությունը բորբոքվի Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, Կորեական թերակղզում, կամ Եվրոպայում պատերազմն ավելի դեպի արևմուտք տարածվի, համաշխարհային բռնապետերը միանգամայն կարող են հաշվել, որ Թրամփն Ամերիկայի ցասումը կուղղի ոչ թե ազատ աշխարհի թշնամիների, այլ այն ազգերի դեմ, որոնք միշտ երդվել են Միացյալ Նահանգների հետ ուս ուսի տված պաշտպանել ազատությունը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *