
«Կոկորդիլոսագետ» պատգամավոր ՔՊ-ական Գարիկ Սարգսյանը ԱԺ ամբիոնից ելույթ ունեցավ, այն վերնագրելով՝ «թքած ունենալու նուրբ արվեստը», իսկ ելույթի վերջում էլ ընթերցեց Ռաֆայել Պատկանյանի «Հայերուս թուքը» բանաստեղծությունը:
Չենք կարող ասել, թե բանաստեղծությունը կարդալուց առաջ «կոկորդիլոսագետ» պատգամավորը կարդացել է, թե ոչ Պատկանյանի այդ ստեղծագործությունը, ում է ուղղված, եւ բանաստեղծության հիմնական գաղափարը ինչի՞ մասին է: Հավանական է, որ Գարիկ Սարգսյանը միայն վերնագիրն է կարդացել, թուք բառն էլ իրեն հոգեհարազատ է թվացել, որոշել է, այդ բանաստեղծությամբ օրվա հիթը դառնալ: «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը, անդրադառնալով Գարիկ Սարգսյանի ելույթին, մեզ հետ զրույցում ասաց.«Քանի որ հանրությունը չի ուսումնասիրել բանաստեղծության կոնտեքստը, կարող է ընկալվել, որ դա անձին ուղղված բանաստեղծություն էր, կամ ինչ որ ակնարկ էր: Օրինակ՝ Ալեքսանդր Պուշկինը մի բանաստեղծություն ունի, որտեղ ասվում է. «Ты трус, ты раб, ты армянин!»: Շատ ժամանակ կոնտեքստից այդ արտահայտությունը կտրում, դնում են եւ ասում են, թե տեսեք Պուշկինը հայերի նկատմամբ որքան վատ է արտահայտվել: Մի ստեղծագործություն էլ կա, որտեղ ամենաբացասական կերպարը ամենադրական կերպարին ամենավատ ձեւով է ներկայացնում: Երբ թքելու մասին խոսք է գնում, այն էլ, եթե անձի մասին է խոսքը գնում, ինձ մոտ հայտնի ՔՊ-ական մի քաղաքական գործչի հետ է ասոցացվում` Ալեն Սիմոնյանի: Ուստի Գարիկ Սարգսյանին խորհուրդ կտայի մյուս անգամ ԱԺ-ում ստեղծագործություն կարդալուց առաջ խոր ուսումնասիրի ստեղծագործության գաղափարը»:
Իրականում Պատկանյանի ստեղծագործությունն ուղղված է հայ ժողովրդի թերություններին, անտարբերությանը և ազգային միասնության պակասին: Հեղինակը խոսում է այն հայերի մասին, ովքեր հոգում են միայն անձնական հարստության, առևտրի և շահի մասին՝ մոռանալով հայրենիքի և ազգի հանդեպ պարտքը: Բանաստեղծության մեջ ազգային արթնացման կոչ կա, Հեղինակը հորդորում է հրաժարվել միմյանց դեմ թշնամանքից, պառակտումից և անտարբերությունից: Պատկանյանը ցավով է նկատում ազգային գիտակցության պակասը և հույս հայտնում, որ հայը կվերագտնի իր արժանապատվությունը»: