Բելգիայի արևելքում՝ Գերմանիայի սահմանին մոտ գտնվող Բարձր Ֆենների (Hautes Fagnes) արգելոցում բռնկված խոշոր հրդեհը դեռևս ամբողջությամբ չի հաջողվել վերահսկել․ գրում են տեղական լրատվամիջոցները։
Հրդեհը, որը սկսվել է օգոստոսի 14-ին, արդեն ոչնչացրել է շուրջ 3000 հեկտար տարածք՝ դառնալով Բելգիայի պատմության անտառային խոշորագույն հրդեհներից մեկը։
Օգոստոսի 17-ի անձրևը, օդի խոնավության աճն ու քամու ուժգնության թուլացումը որոշ չափով նպաստել են հրդեհի տարածման դանդաղեցմանը։ Փրկարարները կարողացել են կանգնեցնել կրակի շարժը դեպի Գերմանիայի սահման, սակայն կրակը շարունակում է մխալ, ու հրդեհի՝ նոր թափով բռնկումը բացառված չէ։
Հրդեհի հավանականությունը զրույացնելը բարդ է նաև՝ պայմանավորված տարածքի ճահճային հողերով․ գետնի տակի տորֆը կարող է այրվել, ինչի հետևանքով կրակը կարող է դեռ երկար ժամանակ ծխալ։
Հրդեհի պատճառով Բելգիայի մի շարք բնակավայրերից մոտ 600 մարդ է տարհանվել։ Գերմանիայի սահմանամերձ Մոնշաու քաղաքում նույնպես մասնակի տարհանում է իրականացվել․ բնակիչներին զգուշացվել է ծխի և հրդեհի հնարավոր տարածման վտանգի մասին։ Հրդեհի դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 500 հրշեջ ու փրկարար, ինչպես նաև՝ տարբեր երկրների օդային ուժեր։
Թե ի՞նչն է հրդեհի բռնկման պատճառը դեռևս հայտնի չէ։
Հրդեհի դեմ պայքարին միացել են նաև հարևան երկրները։ Գերմանիան Բելգիային արդեն օգնություն է տրամադրել՝ ուղարկելով հրշեջների և փրկարարների։ Բելգիան նաև միջազգային աջակցություն է ստացել օդային տեխնիկայով։