Մի քանի շաբաթ տևած երաշտից հետո Մեծ Բրիտանիային կարող են պատել ջրհեղեղները, զգուշացնում են օդերևութաբանները։
Օդերևութաբանական ծառայությունը (Met Office) հայտարարել է, որ երկրի որոշ հատվածներում շաբաթներ տևած անոմալ շոգից և չոր եղանակից հետո, որոնց պատճառով բազմաթիվ շրջաններ բախվել են ջրի պակասի, կտեղան «վաղուց ի վեր առաջին նշանակալի անձրևները»։
Հինգշաբթի սպասվում են հորդառատ անձրևներ, և առավել ինտենսիվ տեղումների գոտիներում մեծ է մակերեսային ջրածածկումների հավանականությունը։
Դրան նախորդել էին շոգ և չոր եղանակի շաբաթներ, որոնք հանգեցրել էին ոռոգման խողովակների օգտագործման մի շարք արգելքների սահմանմանը և լայնածավալ կործանարար բնական հրդեհների։
Wessex Water ընկերությունը երկուշաբթի հայտարարեց ոռոգման խողովակների օգտագործման արգելքի մասին՝ առաջին անգամ 1976 թվականի ամառվանից ի վեր։ Ջրամատակարարող կազմակերպությունը հայտնել է, որ ժամանակավոր արգելքը երեքշաբթի կեսգիշերից ուժի մեջ կմտնի իր 1,4 միլիոն բաժանորդների համար՝ Բաթում, Սոմերսեթում, Դորսեթում և Ուիլթշիրում։
Այս տարի Մեծ Բրիտանիան արդեն վերապրել է հինգ շոգի ալիք, և այս ամառը բոլոր հնարավորություններն ունի գերազանցելու 1976 թվականի ցուցանիշները և դառնալու դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում ամենաշոգը։
Ջրային ոլորտի ներկայացուցիչների կարծիքով՝ տեղացած անձրևները դժվար թե վերջ դնեն լայնածավալ երաշտին կամ հանգեցնեն ոռոգման արգելքների չեղարկմանը, որոնք սահմանվել էին երկարաժամկետ կանխատեսումների հիման վրա։