Ինչո՞ւ է MAGA շարժումն իր հայացքն ուղղել դեպի Եվրոպա. Financial Times

Թրամփի վարչակազմի պաշտոնյաները սովորել են զգուշությամբ ընտրել բառերը, որպեսզի իրադարձություններից առաջ չընկնեն և չշտապեն իրենց անկանխատեսելի ղեկավարից առաջ: Սակայն կա մի թեմա, որի շուրջ նրանք միշտ պատրաստ են հնարավորինս անկեղծ արտահայտվել. դա Եվրոպան է, գրում է Financial Times-ը:

Սկսած փոխնախագահից մինչև ավելի ցածր օղակներ՝ ԱՄՆ պաշտոնյաներն իրենց դիրքավորում են որպես արևմտյան քաղաքակրթության պաշտպաններ, որոնք փրկում են այն մի մայրցամաքից, որն իրենք համարում են դրա օրրանը: Նրանց կարծիքով՝ զանգվածային միգրացիան, խոսքի ազատության սահմանափակումները և ազգային ինքնիշխանությունից հրաժարվելը սպառնում են ոչ միայն տրանսատլանտյան հարաբերություններին, այլև բուն Եվրոպայի գաղափարին:

«Մենք չենք փրկի Արևմուտքը, եթե Եվրոպան խելքի չգա,- հայտարարել է Heritage Foundation պահպանողական վերլուծական կենտրոնի նախագահ Քևին Ռոբերտսը, որն օգնել է մշակել Դոնալդ Թրամփի երկրորդ ժամկետի օրակարգը:- Ես արդեն տևական ժամանակ՝ գրեթե երկու տասնամյակ, մտավախություն ունեմ, որ Եվրոպան քաղաքակրթական ինքնասպանություն է գործում»։

Պնդելով, որ Եվրոպան անհրաժեշտ է փրկել ինքն իրենից՝ վարչակազմն աջակցել է Ատլանտյան օվկիանոսից այն կողմ գտնվող համախոհներին և շարժումներին: Փոխնախագահ Ջեյ Դի Վենսն այնքան հեռու է գնացել, որ անձամբ քարոզել է Հունգարիայի այն ժամանակվա վարչապետ և պոպուլիստ-ազգայնական աջերի համար ուղենիշ հանդիսացող Վիկտոր Օրբանի օգտին՝ այն ընտրությունների նախաշեմին, որոնք ի վերջո Օրբանի համար ավարտվեցին պարտությամբ:

Պետքարտուղարությունում պաշտոնյաները միլիոնավոր դոլարներ են տրամադրել որպես դրամաշնորհներ Եվրոպայում այն համախոհների համար, որոնք ձգտում են պայքարել «գրաքննության» դեմ և զարգացնել «քաղաքակրթական կապերը» ԱՄՆ-ի և մայրցամաքի միջև:

Սպիտակ տան ներկայացուցիչ Աննա Քելլին հայտարարել է, որ ԱՄՆ նախագահն «իրավամբ զգուշացրել է համաշխարհային այլ առաջնորդներին, որ արևմտյան քաղաքակրթությունը կշարունակի քայքայվել, եթե նրանք արագ չփոխեն ուղեգիծը»:

Եվրոպայի նկատմամբ այդ ուշադրությունը խորացրել է տրանսատլանտյան պառակտումը և ստիպել Ատլանտիկայի երկու կողմերի պաշտոնյաներին ու մեկնաբաններին մտածել՝ ինչո՞ւ է MAGA շարժումը թիրախավորել Եվրոպան:

Հանրային դիվանագիտության հարցերով պետքարտուղարի տեղակալ և Թրամփի թիմում Եվրոպայի ամենամոլի քննադատներից մեկը՝ Սառա Ռոջերսը, հերքում է, որ վարչակազմը պարզապես վեճի առիթ է փնտրում:

«Մեր ազգային անվտանգության ռազմավարությունը և մեր արած այլ հայտարարությունները հաճախ ներկայացվում են որպես քննադատություն կամ հարձակում Եվրոպայի վրա, բայց դա ամենևին այն կոորդինատների համակարգը չէ, որը ես կօգտագործեի,- ասել է նա Financial Times-ին տված հարցազրույցում:

«Երբ մենք ելույթ ենք ունենում այդ թեմաներով, դա անում ենք բոլորովին ոչ այն պատճառով, որ ամերիկացի ժողովուրդը կամ մենք՝ որպես նրա ներկայացուցիչներ, շահագրգռված ենք Եվրոպայի հետ հակամարտությամբ հանուն բուն հակամարտության,- նշել է նա:- Մենք շատ հարցերում մեզ նույնացնում ենք Մեծ Բրիտանիայի և Եվրոպայի հետ… Երբ բանը հասնում է որոշակի մարտահրավերների, մենք բոլորս նույն նավակի մեջ ենք»:

Ռոջերսը զբաղեցնում է մի պաշտոն, որն ավանդաբար օգտագործվում է կրթական փոխանակումների և մշակութային ծրագրերի միջոցով ԱՄՆ-ի «փափուկ ուժն» առաջ մղելու համար: Սակայն նախկին իրավաբանն ավելի հայտնի է սոցիալական ցանցերում իր կոշտ գրառումներով՝ նվիրված եվրոպական ու բրիտանական միգրացիոն քաղաքականությանը, ինչպես նաև ատելության խոսքի կարգավորմանն ուղղված ջանքերին:

Եվրոպայում խոսքի ազատության նկատմամբ այդ դիրքորոշումը հակադրվում է բազմաթիվ ավտորիտար ռեժիմների վերաբերյալ վարչակազմի հարաբերական լռությանը: Հունիսին նա այցելել էր Թուրքմենստան՝ աշխարհի ամենառեպրեսիվ ռեժիմներից մեկը, այնտեղ գործնականում չհիշատակելով խոսքի ազատության մասին:

«Այս հարցերում մեր փոխգործակցությունը կախված է երկրների գործերին մեր ներգրավվածության խորությունից, մեր դաշինքի բնույթից, կոնկրետ պետության պատմությունից և հետագծից,- պարզաբանել է նա:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *