Ferrari-ի պատմության մեջ առաջին ամբողջությամբ էլեկտրական ավտոմեքենայի՝ Luce-ի բացառիկ մոդելը աճուրդում վաճառվել է ռեկորդային 40 միլիոն դոլարով՝ սահմանելով աճուրդներում երբևէ վաճառված նոր ավտոմեքենաների բացարձակ գնային ռեկորդը, հաղորդում է CNN-ը։
Ferrari Luce «Շասսի 0» բացառիկ սուպերքարի համար նման բարձր առաջարկ արվել է ընդամենը մի քանի ամիս անց այն բանից հետո, երբ իտալական էլիտար սպորտային ավտոմեքենաներ արտադրողի բաժնետոմսերը մայիսին մոդելի ներկայացումից հետո Միլանի ֆոնդային բորսայում նվազել էին ավելի քան 8%-ով։
Անսովոր՝ հոսուն «պղպջակի» ձևավորմամբ էլեկտրամեքենան, որը կտրուկ տարբերվում է Ferrari-ի ավանդական անկյունավոր ձևերից, այն ժամանակ քննադատության էր ենթարկվել ապրանքանիշի բազմաթիվ երկրպագուների կողմից։
Այնուամենայնիվ, Կալիֆոռնիայի Մոնթերեյ քաղաքի Ավտոշաբաթվա ընթացքում կազմակերպված բարեգործական աճուրդում Luce էլեկտրամեքենան վաճառվել է իր նախնական՝ 1,1 միլիոն դոլար գնահատականը 36 անգամ գերազանցող գնով, հայտնում է RM Sotheby’s աճուրդային տունը։
«Առաջարկները շարունակում էին բարձրանալ։ Եվ այդ պահին պատմություն կերտվեց»,- Instagram-ում գրել է Ferrari USA-ն՝ հավելելով, որ այդ վաճառքը սահմանել է «նոր ավտոմեքենայի աճուրդային արժեքի նոր ռեկորդ՝ աճուրդների ամբողջ պատմության ընթացքում»։
Վաճառքից ստացված բոլոր միջոցները կուղղվեն The Ferrari Foundation բարեգործական հիմնադրամին՝ կրթական նախաձեռնություններին աջակցելու համար, հայտնել է ավտոարտադրողը։
Չնայած նրան, որ Luce մոդելը (իտալերենից թարգմանաբար՝ «Լույս»), որը համալրված է չորս անիվներից յուրաքանչյուրի վրա տեղադրված էլեկտրաշարժիչով, ապրանքանիշի երկրպագուների շրջանում հակասական արձագանք էր առաջացրել, Ferrari-ում ավելի վաղ այս տարի հայտարարել էին, որ այս ավտոմեքենան «իսկապես Ferrari-ի բոլորովին այլ տեսակ է՝ բոլորովին այլ հաճախորդի համար»։
RM Sotheby’s-ի տվյալներով՝ «Շասսի 0»-ն առանձնանում է բացառիկ կիսամատ մարգարտափայլ ծածկույթով՝ անհատական պիգմենտով։ Դրա շնորհիվ ավտոմեքենայի թափքը լույսի ընկնելիս ծիածանի բոլոր գույներով շողում է՝ փոխելով երանգները կանաչից մինչև մանուշակագույն։
Մեքենայի սրահը ձևավորված է բացառիկ նյութով՝ Perla Le Mans մետաղացված կաշվով, իսկ ինտերիերի բաց ֆոնի վրա առանձնանում են արտահայտիչ սև տարրերը։
Աճուրդի ավարտից հետո ավտոմեքենան կվերադառնա հյուսիսային իտալական Մարանելլո քաղաք, որտեղ այն հավաքվել է։ Մեքենայի առաքումը աճուրդի անանուն հաղթողին նախատեսված է 2027 թվականի առաջին եռամսյակում, հայտնել են աճուրդային տնից։
Մայիսին ներկայացված Luce-ի սերիական տարբերակի մատակարարումները (որի բազային արժեքը կազմում է 550 հազար եվրո) պետք է սկսվեն 2026 թվականի չորրորդ եռամսյակում։