Ռուսաստանը սպառնում է Մեծ Բրիտանիային, Լոնդոնը հայտարարում է, որ կշարունակի աջակցել Կիևին

Ռուսաստանը մեղադրել է Մեծ Բրիտանիային «ուկրաինական ճգնաժամի սրման վրա գիտակցաբար խաղադրույք կատարելու» համար՝ հաստատելով բրիտանական արտադրության անօդաչու թռչող սարքերի օգտագործումը Ռուսաստանի տարածքում թիրախներին հարվածելու համար․ գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

«Այսպիսով՝ Մեծ Բրիտանիան հանդես է գալիս որպես արյունալի հանցագործությունների և ահաբեկչական հարձակումների հանցակից և մասնակից», – նշվում է Մեծ Բրիտանիայում Ռուսաստանի դեսպանատան հրապարակած հայտարարությունում։

«Լոնդոնի այս գործողություններն անխուսափելիորեն կունենան հետևանքներ, որոնց համար նա պետք է պատասխան տա», – նշել է դիվանագիտական առաքելությունը՝ հավելելով, որ որքան խորը լինի երկրի ներգրավվածությունը հակամարտությանը, «այնքան բարձր կլինի գինը», որ նա ստիպված կլինի վճարել։

Ի պատասխան՝ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության խոսնակը BBC-ին հայտնել է, որ Լոնդոնն «ուս ուսի կանգնած է Ուկրաինայի կողքին»։

«Ռուսաստանը չպետք է կասկած ունենա այս կառավարության վճռականության հարցում՝ հակազդելու ռուսական ագրեսիային՝ թե՛ Ուկրաինայում, թե՛ Մեծ Բրիտանիայի և մեր դաշնակիցների դեմ», – նշվում է նախարարության խոսնակի հայտարարության մեջ։

Նա հավելել է, որ Մեծ Բրիտանիան «պարտավոր է Ուկրաինային տրամադրել այն սարքավորումները, որոնք անհրաժեշտ են Պուտինի անօրինական ներխուժումից պաշտպանվելու համար»։

Խոսքը երկու տարբեր բրիտանական ընկերությունների արտադրած անօդաչու թռչող սարքերի մասին է, որոնք օգտագործվել են Ռուսաստանում ռազմական և արդյունաբերական թիրախների, այդ թվում՝ Wildberries առցանց խանութի, նավթավերամշակման գործարանների և պահեստների վրա բազմաթիվ հաջող հարվածներ հասցնելու համար:

Ռազմական աղբյուրը BBC-ին հաստատել է բրիտանական անօդաչու թռչող սարքերի օգտագործման մասին տեղեկությունը, որոնք, ըստ աղբյուրների, ավելի քան 35 միլիարդ ֆունտ ստեռլինգի տնտեսական վնաս են պատճառել։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանի տարածքում, այդ թվում՝ Ռոստովի մարզի Կամենսկի շրջանում գտնվող նավթամբարի վրա հարձակումներում օգտագործվել են բրիտանական բաղադրիչներով և տեխնոլոգիաներով նախագծված անօդաչու թռչող սարքեր: Մոսկվայի նախազգուշացումը Մեծ Բրիտանիային հնչում է Ռուսաստանի դեմ Ուկրաինայի կողմից լայնածավալ հարվածների ալիքի ֆոնին, որոնցից վերջինը տեղի է ունեցել երկուշաբթի օրը: Զոհվել է 9 մարդ, 23-ը՝ վիրավորվել, այդ թվում՝ 1 երեխա։

Շաբաթ երեկոյան Ուկրաինան արձակել է ավելի քան 800 անօդաչու թռչող սարք, որոնցից 600-ն ուղղված էին Մոսկվային:

Ապրիլին Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ Ուկրաինային կփոխանցի տասնյակ հազարավոր անօդաչու թռչող սարքեր, այդ թվում՝ հեռահար հարվածային անօդաչու թռչող սարքեր՝ իր պատմության մեջ ամենամեծ առաքմամբ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *