2026 թվականի հուլիսի 1-ից Հայաստանում ներդրված անապահովության գնահատման նոր, ամբողջությամբ թվայնացված համակարգը պետք է պարզեցներ սոցիալական աջակցության, նպաստների ստացումը, սակայն հազարավոր քաղաքացիների համար դարձել է գլխացավանք, գրում է «Հետքը»։
Սմարթֆոնների, էլեկտրոնային փոստի, տպող սարքերի պահանջն ու Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններից հրաժարումը՝ տեղում օգնելու քաղաքացիներին, ձևավորել են «ստվերային ծառայությունների» շուկա, որտեղ անապահով մարդիկ ստիպված են վճարել սեփական դիմումը լրացնելու համար։ Այդ դիմումի պատասխանից է կախված՝ նրանք նպաստ կամ սոցիալական աջակցություն կստանա՞ն՝ անկախ նրանից, թե նախկինում ընտանեկան, սոցիալական նպաստ ստացել են, թե՞ ոչ։
Հոդվածի հեղինակը գրում էր, որ օրեր առաջ իր ծանոթը թղթերի մի տրցակով մոտեցավ և խնդրեց իր ընտանիքի անդամին, որն ունի հաշմանդամություն, գրանցել «սոցապի կայքում», որից հետո նրա համար «նպաստի» դիմում գրել։
Մինչ այդ գնացել էր Միասնական սոցիալական ծառայության (ՄՍԾ)՝ իրենց բնակության վայրը սպասարկող տարածքային կենտրոն՝ ընտանիքի համար անապահովության նպաստի դիմում ձևակերպելու։ Ծառայության աշխատակիցներն ասել էին, թե արդեն իրավունք չունեն դա տեղում անելու, և քաղաքացին պետք է ինքնուրույն լրացնի անապահովության գնահատման դիմումը։
Տվել էին լրացնելու քայլերից բաղկացած մի թերթիկ։ Թվում էր՝ ամեն ինչ պարզ է․ հետևել թերթիկի հրահանգներին ու արագ լրացնել։ Իրականում դա պահանջում է հմտություններ, որոնց տիրապետելը հատկապես ավագ սերնդի և հաշմանդամություն ունեցող քաղաքացիների համար դժվար է, եթե ոչ՝ անհնար։
Նախ՝ որևէ առցանց գործողություն անելու համար քաղաքացին պետք է ունենա բջջային հեռախոս կամ համակարգիչ, ինչպես նաև ինտերնետ կապ։
Արսեն Թորոսյանի ղեկավարած Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, որը հավակնում է դառնալ Աշխատանքի և բարեկեցության նախարարություն, իհարկե, համոզված է, որ անապահովության նպաստի կամ մեկ այլ աջակցության համար դիմող բոլոր քաղաքացիներն ունեն համակարգիչ, սմարթֆոն կամ ինտերնետ հասանելիություն։
Ենթադրենք՝ ունեն։ Անապահովության գնահատման համակարգով աջակցություն ստանալու համար անհրաժեշտ է առցանց դիմել id.e-social.am միասնական սոցիալական հարթակի միջոցով: Դիմումի նպատակն է անձի (ընտանիքի) անապահովության գնահատումը՝ անապահով ճանաչելու և անապահովության հիմքով սոցիալական աջակցություն տրամադրելու նպատակով:
Գրանցվելու համար այն քաղաքացին, որը չունի էլեկտրոնային ստորագրություն և չի կարող այդ եղանակով մուտք գործել, պետք է ունենա հեռախոսահամար, էլեկտրոնային փոստ, ինչպես նաև լրացնի իր ՀԾՀ-ն (սոցիալական քարտի համարը)։ Գրանցումը հաստատվում է էլեկտրոնային փոստով։