Ձեր գործողությունների և նաև ձեր անգործության բերումով է, որ մեր հայրենակիցները հայտնվել են Բաքվի բանտում։ Ես դեռ չեմ խոսում անհետ կորած մեր հայրենակիցների ճակատագրի մասին, որտեղ ընդհանրապես որևէ առաջընթաց չի արձանագրվել․ այսօր ԱԺ նիստում, դիմելով իշխող ուժին, ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։
«Որևէ առաջընթաց չկա, պարզապես առաջընթաց չկա, ես սա ասում եմ որպես մարդ, որն իսկապես հետաքրքրված է եղել, մշտապես հարցադրումներ հնչեցրել է, և ես պետք է ցավով արձանագրեմ, որ որևէ առաջընթաց ուղղակի գոյություն չունի։ Այսօր տասնյակ մարդիկ շարունակում են գտնվել Բաքվի բանտում, իսկ այն նույն ժամանակահատվածում, երբ Ադրբեջանն էթնիկ զտում էր իրականացնում մեր հայրենակիցների նկատմամբ, Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթեր էր մտնում և ասում, որ մեր քաղաքացիներին որևէ վտանգ չի սպառնում, սա է իրականությունը։ Եվ այստեղ, այո՛, ճիշտ են մեր բոլոր հարցադրումները, որ դուք չեք անում ամեն բան մեր հայրենակիցներին վերադարձնելու համար»,- ասաց խմբակցության ղեկավարը։
Նա հարց հնչեցրեց՝ արդյոք Հայաստանի Հանրապետությունում պաշտպանվա՞ծ են մարդու իրավունքները։
«Հարց է առաջանում՝ ո՞ր մարդու իրավունքները։ Եթե այդ մարդն ընդունել է ՔՊ կուսակցության խաչը, եթե ՔՊ համակիր է, իր իրավունքներն ամենայն հավանականությամբ պաշտպանված են կամ գոնե ոտնահարված չեն։ Որ պահից այդ նույն մարդը չի պաշտպանում իշխող քաղաքական ուժի հայացքները, նրանց ձայն չի տալիս, իրենց հետ չի աշխատում, տեղում վերածվում է քաղաքական հալածյալի»,- նշեց Աննա Գրիգորյանը։
Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանը կարող է ամբիոնին կանգնել, ասել «Ես ձեզ սիրում եմ, խոնարհվում եմ ձեր առաջ», բայց դա բացառապես այն մարդկանց է վերաբերում, որոնք իր համակիրներն են․ «Որովհետև երբ պտտվում ու տեսնում է, որ իր համակիրը չի, ասում է՝ «դու ինչո՞ւ չես զոհվել, ես ձեզ հլը կսատկացնեմ, գետնին կպառկացնեմ»։ Սա՛ է ընդհանուր մոտեցումը՝ սիրել և խոնարհվել մարդկանց առջև, որոնք քո համակիրն են, և գետնին փռել, ասֆալտ փռել, հետո ասֆալտին փռել մարդկանց, որոնք քո համակիրը չեն»։
Ըստ պատգամավորի՝ մարդու իրավունքների պաշտպանության հարցում մոտեցումը բացառապես այս հայացքով ու երկակի ստանդարտների այս մոտեցմամբ է, որ իրականացվում է Հայաստանի Հանրապետությունում։
«Օրինակ՝ Գագիկ Ծառուկյանին պետք էր այդպես անմարդկային ձևով գետնին տապալել, բանտարկել, բիզնեսները խլել, իսկ նրանք, ովքեր այս իշխանության համակիր բիզնեսմեններ են, իրենք խնդիր չունեն, իրենք ընդամենը ժամանակին, տեղը տեղին մուծվում են ՔՊ կուսակցությանը կամ «Իմ քայլը» հիմնադրամին, և դրանով ապահովագրում են իրենց ապագան, օրինակ՝ «Ջերմուկ»-ը, եթե հանկարծ տվյալ կազմակերպության ղեկավարը համարձակվեր այլ բան ասեր, այն հիմա կպետականացվեր, կասկածո՞ւմ եք»,- ասաց Աննա Գրիգորյանը։