

2026թ․ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի (ԲԸՏՄ) կողմից իրականացված վերահսկողության արդյունքում արձանագրվել է ապօրինի ընդերքօգտագործման և արդյունահանված ծավալները թաքցնելու 81 դեպք։ Վերահսկողությունն իրականացվել է, այդ թվում, թվային գործիքների և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ։
ԲԸՏՄ-ի տվյալներով՝ 81 դեպքից 24-ը բացահայտվել է ընդերքօգտագործման իրավունք ունեցող ընկերություններում իրականացված ստուգումների, իսկ 57-ը՝ Տեսչական մարմնի նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթների շրջանակներում։
Հայտնաբերված դեպքերով ոչ մետաղական օգտակար հանածոների ապօրինի արդյունահանման և թաքցված ծավալը կազմել է 3 միլիոն 884 հազար 321,8 խմ։
Միայն 57 դեպքով Տեսչական մարմինը շրջակա միջավայրին պատճառված վնասը հաշվարկել է 254,9 միլիոն դրամ։ Արձանագրված բոլոր դեպքերով առերևույթ հանցանքի մասին հաղորդումներ են ներկայացվել իրավապահ մարմիններ՝ հետագա ընթացքն ապահովելու համար։
Միաժամանակ, արձանագրված ծավալների հիման վրա ՀՀ պետական եկամուտների կոմիտեն պետությանը պատճառված վնասը հաշվարկել է 1 միլիարդ 395 միլիոն 393 հազար 17 դրամ։
Օգոստոս 18, 2026 at 15:17