«Թումանյանի անտառտնտեսությունում» հայտնաբերվել է 496 ապօրինի հատված ծառ․ վնասը կազմել է 114.7 միլիոն դրամ

«Թումանյանի անտառտնտեսությունում» հայտնաբերվել է 496 ապօրինի հատված ծառ․ վնասը կազմել է 114.7 միլիոն դրամ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Թումանյանի անտառտնտեսություն» մասնաճյուղում իրականացրած ստուգման արդյունքում արձանագրել է անտառօգտագործման ոլորտում մի շարք խախտումներ, այդ թվում՝ 496 ծառի ապօրինի հատում։ Բուսական աշխարհին պատճառված վնասը գնահատվել է 114.7 միլիոն դրամ։

Ստուգումն իրականացվել է 2026թ․ ստուգումների ծրագրի շրջանակում և ընդգրկել է 2022թ․ նոյեմբերից մինչև 2026թ․ հունիսն ընկած ժամանակահատվածը։

Տեսչական մարմնի հաղորդմամբ՝ հայտնաբերված 496 ծառերը տարբեր տեսակի և տրամագծի են։ Հատումները կատարվել են առանց լիազորված մարմնի համաձայնության և առանց շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության դրական եզրակացության։

Ստուգմամբ արձանագրվել են նաև անտառային տարածքներում ճանապարհաշինության հետ կապված խախտումներ։ Մասնավորապես, կառուցվել է ընդհանուր 8320 քմ մակերեսով ճանապարհ, սակայն աշխատանքներն իրականացվել են առանց սահմանված կարգով նախագծերի համաձայնեցման, առանց շրջակա միջավայրի ազդեցության գնահատման փորձաքննական դրական եզրակացության և լիազոր մարմնի համաձայնության։ Տեսչական մարմինը նաև նշել է, որ ճանապարհների կառուցումն իրականացվել է անտառաշինական նախագծերի բացակայության պայմաններում։

Խախտումներ են արձանագրվել նաև անտառօգտագործման իրավունքը հաստատող փաստաթղթերի և հաշվառման գործընթացում։ Ըստ ստուգման արդյունքների՝ հատատեղերի շահագործման արդյունքում անտառահատման տոմսերում նշված ծավալներին լրացուցիչ ավելացվել են կոտրված և տապալված ծառերի հատումից ստացված փայտանյութի ծավալները, որոնք ներառվել են նաև հաշվապահական փաստաթղթերում։

Միաժամանակ, անտառահատման տոմսերում առկա տվյալները չեն համապատասխանել անտառշինական նախագծերով սահմանված տվյալներին։ Անտառօգտագործման իրավունքը հաստատող փաստաթղթերը տրամադրվել են անտառշինական նախագծերի հաստատումից հետո և չեն համապատասխանել կառավարման պլանին։

Համատարած անտառահատման ենթարկված անտառային հողերում անհրաժեշտ անտառվերականգնման միջոցառումներ չեն իրականացվել, իսկ հատատեղերից փայտանյութի մնացորդները չեն հեռացվել։

Ստուգման ընթացքում արձանագրված դեպքերի մի մասը, ըստ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, պարունակում է առերևույթ հանցանքի հատկանիշներ։ Դրանց վերաբերյալ հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե։

Մյուս արձանագրված խախտումների մասով նախատեսվում է կիրառել օրենքով սահմանված վարչական պատասխանատվության միջոցներ։

Օգոստոս 18, 2026 at 15:35

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *