Մեծ Բրիտանիայի 3 նախարարի, այդ թվում՝ պաշտպանության նախարար Ուես Սթրիթինգի անձնական բջջային հեռախոսահամարները հրապարակվել են առցանց։
POLITICO-ն հայտնաբերել է 3 պաշտոնյայի անձնական տվյալների արտահոսք՝ Սթրիթինգի, արդարադատության նախարար Ալեքս Նորիսի և Հյուսիսային Իռլանդիայի նախարար Քրիս Բրայանտի։
POLITICO-ն չի նշում, թե որտեղ կարելի է գտնել այդ համարները՝ անվտանգության հետագա ռիսկերից խուսափելու համար։
Երեք նախարարներն էլ հրաժարվել են մեկնաբանել գրառումը։ Սթրիթինգի առցանց համարի հղումը ջնջվել է, և պաշտոնյաներն աշխատում են մյուս երկուսը հեռացնելու ուղղությամբ։
Նախարարներին տրամադրվում են անվտանգ կառավարական սարքեր՝ իրենց պարտականությունների կատարման համար։
Կառավարության խոսնակը նշել է. «Կառավարությունն ունի խիստ ընթացակարգեր՝ զգայուն տեղեկատվության անվտանգությունն ապահովելու համար»։
Սակայն Royal United Services Institute (RUSI) վերլուծական կենտրոնի գիտաշխատող Պրերանա Ջոշին նշել է, որ նախարարների համարների հանրայնացումը ռիսկային է․ դրանք կարող են կեղծվել և օգտագործվել ուրիշներին զանգահարելու համար այն ժամանակ, երբ Մեծ Բրիտանիան «գլոբալ առումով մեծ սպառնալիքի տակ է»։
Ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդականը, որի անունը չի հրապարակվել, ասել է, որ վարչապետը պետք է «սովորություն ձեռք բերի» իր անվտանգության աշխատակիցներին խնդրելու ստուգել, որ իրեն հասնող հաղորդագրություններն իսկական են։
Նախկին պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը, որն ինքն էլ թիրախավորվել էր 2022 թվականին Ուկրաինայի վարչապետի դերում ներկայացող խաբեբաների կողմից, նշել է, որ միջադեպը «ցույց է տալիս, որ մեր հակառակորդները միշտ թույլ կետեր են փնտրում մեր հաղորդակցություններում»։