Տեսողության կորուստ և առողջության վատթարացում․ Պակիստանի դատարանը կարգադրել է նախկին վարչապետին բանտից տեղափոխել հիվանդանոց

Պակիստանի Գերագույն դատարանը երեքշաբթի կարգադրել է երկրի նախկին վարչապետ Իմրան Խանին բանտից տեղափոխել հիվանդանոց, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Խանի «Թեհրիք-ի-Ինսաֆ» կուսակցության հայտարարությանը։

Այս որոշմամբ բավարարվում է քաղաքական գործչի կուսակցության և ընտանիքի վաղեմի պահանջը, որոնք բազմիցս անհանգստություն էին հայտնել նրա առողջական վիճակի կապակցությամբ։

73-ամյա Խանը կալանքի մեջ է գտնվում 2023 թվականի օգոստոսից։ 2022 թվականին անվստահության քվեի արդյունքում վարչապետի պաշտոնը թողնելուց հետո նրա դեմ հարուցվել է մի քանի քրեական գործ։ Ինքը՝ քաղաքական գործիչը, պնդում է, որ հետապնդումը քաղաքական բնույթ ունի։

Անցյալ տարի Խանի որդիները բազմիցս հայտարարել էին նրա առողջության վատթարացման մասին։ Քաղաքական գործչի փաստաբանները նույնպես հայտնել էին, որ բանտում գտնվելու ընթացքում նա զգալիորեն կորցրել է աջ աչքի տեսողությունը։

«Սա շատ սպասված որոշում է, և մենք կցանկանայինք, որ այն ավելի վաղ ընդունվեր, որպեսզի նրա տեսողությունն ու առողջական ընդհանուր վիճակն այսքան չվատթարանային», — հայտարարել է «Թեհրիք-ի-Ինսաֆ»-ի ներկայացուցիչ Զուլֆիկար Բուխարին։

Դատարանի որոշման համաձայն՝ Խանը պետք է 48 ժամվա ընթացքում տեղափոխվի Շիֆա միջազգային հիվանդանոց։ Նա այնտեղ պետք է մնա մինչև սեպտեմբերի 16-ը, հայտնել է քաղաքական գործչի ներկայացուցիչ Նաիմ Հայդեր Փանջութհան։

Պաշտոնից հեռանալուց հետո Խանը բախվել է մի շարք դատական գործերի, այդ թվում՝ պետական նվերների և անօրինական ամուսնության հետ կապված։ Նրա նկատմամբ կայացված որոշ դատավճիռներ հետագայում կասեցվել կամ չեղարկվել են, սակայն բողոքարկումների մի մասը դեռևս քննության փուլում է։ Խանը հերքում է բոլոր մեղադրանքները։

Խանի «Թեհրիք-ի-Ինսաֆ» կուսակցությունը իշխանության էր եկել 2018 թվականին և մինչ օրս զգալի աջակցություն է վայելում երկրի մի քանի կարևոր նահանգներում։ Սակայն 2024 թվականի ընտրություններից առաջ կուսակցությունը զրկվել էր ընտրական խորհրդանիշից, ուստի նրա թեկնածուները ստիպված էին առաջադրվել որպես անկախներ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *