Օգոստոսի սկզբներին կողոպուտի վերաբերյալ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ստացվել է մի քանի ահազանգ․ մայրաքաղաքի Բագրատունյաց պողոտայում և Եղիշե Թադևոսյան փողոցում տարեց երեք կանանց պարանոցներից պոկել-տարել էին ոսկյա շղթան։
ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկությունն իրացրել են Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի գործընկերների հետ։
«Ստացվեց հավաստի տեղեկություն, որ բացահայտ հափշտակությունները կատարել է Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղի բնակիչ 39-ամյա մի տղամարդ։
Հետագա միջոցառումներով պարզվեց, որ դա նույն անձն է, որին նախկինում կատարած նման հանցագործությունների համար քրեական ոստիկաններն արդեն իսկ կասկածում և ճշտում էին նրա փաստացի բնակության վայրը։
Օգոստոսի 13-ի առավոտյան ժամը 09:40-ին մայրաքաղաքի Նար-Դոսի փողոցում, որտեղ ժամանակավոր բնակություն էր հաստատել տղամարդը, հիշյալ կողոպուտները կատարելու հիմնավոր կասկածով նա ձերբակալվեց և տեղափոխվեց Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն։
Տղամարդը խոստովանեց ոչ միայն օգոստոսին, այլև նախկինում կատարած ևս չորս կողոպուտ, որոնք բոլորն էլ տեղի էին ունեցել մայրաքաղաքի Բագրատունյաց պողոտայում, և տուժողները դարձյալ տարեց կանայք էին։
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին։
39-ամյա տղամարդը կալանավորվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։
Նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է ՆԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ: