Օգոստոսի 18-ի առավոտյան երկու պայթյուն է որոտացել Օհայո նահանգի Թոլեդո քաղաքում գտնվող «Brent Industries» արդյունաբերական ձեռնարկության տարածքում, ինչից հետո խոշոր հրդեհ է բռնկվել, հայտնում է «Associated Press»-ը:
Հրշեջ ծառայության տվյալներով՝ ձեռնարկության երկու աշխատակից անհետ կորած են համարվում, ևս մի քանի մարդ թեթև վնասվածքներ է ստացվել:
Թոլեդոյի հրդեհաշիջման և փրկարարական դեպարտամենտից հայտնել են, որ պայթյունները տեղի են ունեցել առավոտյան ժամը 5:00-ից քիչ առաջ՝ աշխատակիցների հերթափոխի ժամանակ: Դրանից հետո կրակն արագ տարածվել է շենքով մեկ, իսկ ձեռնարկության վրա սև ծխի հաստ շերտ է բարձրացել:
Հրշեջ ծառայության պետ Էլիսոն Արմսթրոնգը հայտարարել է, որ փրկարարները միաժամանակ փորձում են մարել հրդեհն ու պարզել բոլոր աշխատակիցների գտնվելու վայրը:
«Մենք այժմ աշխատում ենք հրդեհը մեկուսացնելու և բոլոր աշխատակիցների գտնվելու վայրը պարզելու ուղղությամբ: Ձեռնարկությունում վտանգավոր նյութեր կան, ուստի ստիպված ենք գործ ունենալ քիմիական նյութերի, աղտոտված հոսքաջրերի և պայթած տարաների հետ», — ասել է Արմսթրոնգը:
Նրա խոսքով՝ այն երկու հոգին, որոնց գտնվելու վայրը դեռևս հայտնի չէ, շենքի ներսում են եղել անմիջապես պայթյունից առաջ: Փրկարարներին դեռ չի հաջողվել պարզել՝ արդյոք նրանք հասցրել են լքել տարածքը, թե կարող են մնացած լինել փլուզված շենքում:
Տեղական ժամանակով 07:30-ի դրությամբ ձեռնարկությունում բռնկված ուժգին հրդեհը դեռ չի մարվել: Շենքի առնվազն կեսը փլուզվել է: Պայթյունների պատճառը դեռևս անհայտ է:
Ականատես Դեմետրիուս Լենգսթոնը պատմել է, որ պայթյունի հարվածն զգացել է ձեռնարկությունից մոտ 800 մետր հեռավորության վրա: Նրա խոսքով՝ առաջին պայթյունին հաջորդել է երկրորդը, իսկ հարվածային ալիքը զգացվել է բավականին մեծ հեռավորության վրա:
Իշխանությունները բնակիչներին հորդորել են հեռու մնալ պատահարի վայրից, քանի դեռ հրշեջներն ու արտակարգ իրավիճակների մյուս ծառայությունները շարունակում են աշխատանք տանել տեղում:
«Brent Industries»-ը զբաղվում է արդյունաբերական նյութերի վերամշակմամբ և տեքստիլ արտադրանքի վերականգնմամբ: Ընկերությունը հիմնադրվել է Ալաբամա նահանգում 1977 թվականին և ներկայումս գործունեություն է ծավալում նաև Թոլեդոյում: