Փոխել մասնագիտությունն ու չմոլորվել․ գիտնականներն առանձնացրել են հաջող կարիերային անցման 3 հմտություն

Մասնագիտությունը կամ կարիերայի ուղղությունը հաջողությամբ փոխելու կարողությունը կախված չէ միայն մարդու փորձից ու որակավորումից։ Ամերիկացի գիտնականների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ մասնագիտական փոփոխություններին հարմարվելու ընդունակությունը կարելի է զարգացնել ճիշտ ֆիզիկական մարզավիճակի պես՝ աստիճանաբար «մարզելով» հմտությունների երեք խումբ․ սեփական անձը նորովի սահմանելու, անորոշության շրջանները հաղթահարելու և շրջապատի աջակցության վրա հենվելու կարողությունը, գրում է Phys.org-ը։

Այս «անցումային մկանների» մասին գրում է Ջորջ Մեյսոնի համալսարանի Կոստելլոյի բիզնես քոլեջի դոցենտ Սարա Ուիթմանը։ Նա հետազոտողներ Բեթանի Քոքբերնի և Էմի Քոլբերտի հետ հեղինակել է Research Handbook on Career Transitions հրատարակվելիք գրքի գլուխներից մեկը։

Հեղինակների կարծիքով՝ ժամանակակից կարիերայի ուղիները գնալով ավելի հազվադեպ են գծային լինում։ Մարդը կարող է մի քանի անգամ փոխել մասնագիտությունը, վերադառնալ նախկին ոլորտ, տեղափոխվել, մի ոլորտից անցնել մյուսին կամ համատեղել մասնագիտական մի քանի դերեր։ Նման փոփոխությունը դառնում է ոչ միայն փորձություն, այլև փորձառություն, որը կարող է նախապատրաստել մարդուն անորոշության հաջորդ փուլին։

Հետազոտողներն առանձնացնում են «անցումային մկանների» երեք տեսակ։

Առաջինը «բովանդակային մկանն» է, որը կապված է մասնագիտական ինքնության հետ․ մարդուն անհրաժեշտ է սովորել նորովի ներկայացնել իրեն՝ համադրելով անցյալի փորձը ապագա նպատակների հետ։ Սա կարող է ենթադրել ինքնակենսագրականի (CV), մասնագիտական իմիջի և նույնիսկ մտերիմների շրջանակի փոփոխություն։

Ուիթմանը խորհուրդ է տալիս մասնագիտական կապեր հաստատելիս հաշվի առնել ոչ միայն սեփական անձի ներկայիս տարբերակը, այլև ապագայի տեսլականը։ Նոր ծանոթությունները թույլ են տալիս ստուգել, թե որքանով է համոզիչ ստացվում նոր մասնագիտական ինքնության ներկայացումը, և ստանալ անկեղծ կարծիքներ։

Երկրորդը «գործընթացային մկանն» է։ Այն օգնում է հաղթահարել հին և նոր ինքնությունների միջև ընկած միջանկյալ շրջանը։ Հետազոտողներն այս վիճակն անվանում են «լիմինալություն» (սահմանային վիճակ)․ ժամանակահատված, երբ նախկին մասնագիտական դերն արդեն ավարտվել է, իսկ նորը դեռ չի ձևավորվել։

Նման վիճակ կարող է առաջանալ ոչ միայն աշխատանքից ազատվելիս կամ մասնագիտությունը փոխելիս։ Դրա միջով անցնում են նաև այլ քաղաք տեղափոխվողները, ծնող դարձողները կամ քոլեջում ուսում սկսողները։ Գիտնականների խոսքով՝ օգտակար է հիշել նմանօրինակ շրջաններն ու վերլուծել, թե դրանք ինչ են սովորեցրել և որ հատկանիշներն են օգնել հաղթահարել դրանք։

Դրա համար կարելի է օրագիր պահել, վերընթերցել հին նամակներն ու հաղորդագրությունները կամ զրուցել այն մարդկանց հետ, որոնք ճանաչել են ձեզ կյանքի նախորդ փուլերում։ Անցյալի նման «կազմավորված» վերլուծությունն օգնում է տեսնել, որ անորոշությունն առաջին անգամ չէ, որ պատահում է, և նախկինում ևս հաջողվել է հաղթահարել այն։

Երրորդը «համատեքստային մկանն» է։ Այն կապված է սոցիալական կապերի հետ, որոնք օգնում են մարդուն կայունություն պահպանել փոփոխությունների շրջանում։ Խոսքը մենթորների, ընկերների, գործընկերների և այլ մարդկանց մասին է, որոնք կարող են վերահաստատել մարդու ուժեղ կողմերն ու օգնել կողքից տեսնել նոր մասնագիտական ինքնությունը։

Հետազոտողները ընդգծում են, որ նման աջակցությունը պարտադիր չէ, որ միակողմանի լինի։ Անորոշության փուլն ինքնուրույն հաղթահարած մարդը կարող է «հենարան» դառնալ մեկ ուրիշի համար։ Արդյունքում ձևավորվում է փոխադարձ աջակցության համակարգ, այլ ոչ թե պարզապես մենթորի մասնագիտական ծառայություն։

Հեղինակները նշում են նաև, որ մարդիկ կյանքի նմանօրինակ փոփոխությունները տարբեր կերպ են տանում։ Յուրաքանչյուրն ունի սեփական փորձը, իր մասին պատկերացումներն ու սոցիալական միջավայրը, ու դրա համար էլ կարիերայի անցման պատրաստի, ունիվերսալ սցենար գոյություն չունի։

Հետազոտության գլխավոր եզրահանգումն այն է, որ կարիերային ճկունությունը կարելի է զարգացնել նախապես։ Պարտադիր չէ սպասել աշխատանքից ազատվելուն, մասնագիտությունը փոխելուն կամ մեկ այլ ճգնաժամի․ հարմարվելու, սեփական ինքնությունը վերաիմաստավորելու և աջակցություն գտնելու յուրաքանչյուր փորձառություն կարող է յուրօրինակ մարզում դառնալ հաջորդ փոփոխությունից առաջ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *