«Սոլիս» ՓԲԸ-ի 2 մլն դոլարի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում

ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ «Սոլիս» ՓԲԸ-ի 2 մլն դոլարի պարտատոմսերն այսօր ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում։

Այսօր կապիտալի շուկա է մուտք գործում Ամբեր Կապիտալի կողմից կառավարվող «ԵՄ-Հայաստան ՓՄՁ հիմնադրամ»-ին պատկանող «Սոլիս» ՓԲԸ-ն՝ վերականգնվող էներգետիկայի ոլորտում գործող ընկերություն, որի հիմնական գործունեությունը ֆոտովոլտային արևային էլեկտրակայաններում արտադրված էլեկտրաէներգիայի վաճառքն է, նշվում է բորսայի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Բորսայից նշում են, որ ընկերության ներկայությունը կապիտալի շուկայում կնպաստի Հայաստանում վերականգնվող էներգետիկայի ոլորտի և ֆինանսական շուկայի միջև կապերի հետագա ամրապնդմանը։

Հայաստանի ֆոնդային բորսայում (AMX) տեղի ունեցած ավանդական զանգի հնչեցման արարողությամբ պաշտոնապես ազդարարվեց «Սոլիս» ՓԲԸ-ի մուտքը կապիտալի շուկա՝ նշանավորելով ընկերության համար զարգացման նոր փուլ։

Ներդրողներն օգոստոսի 18-ից արդեն հնարավորություն կունենան «Սոլիս» ՓԲԸ-ի պարտատոմսերը գնել կամ վաճառել բորսայում բորսայի անդամ բանկերին կամ ներդրումային ընկերությունների միջոցով։

«Սոլիս» ՓԲԸ-ի՝ 2,000,000 ԱՄՆ դոլար ընդհանուր անվանական ծավալով պարտատոմսերը կընդգրկվեն Հայաստանի ֆոնդային բորսայի պարտատոմսերի հիմնական՝ Abond ցուցակում։ Կցուցակվեն 20,000 հատ պարտատոմս՝ 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, 8% արժեկտրոնային եկամտաբերությամբ և 48 ամիս շրջանառության ժամկետով։ Այս պարտատոմսերով հնարավոր է լինելու նաև իրականացնել հասցեական առևտուր և կնքել ռեպո գործարքներ։

Պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացրել է Ամերիաբանկը 2026 թվականի հունիսի 4-ից 29-ն ընկած ժամանակահատվածում։

Ինչպես նշել է Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը, «Սոլիս» ընկերության մուտքը կապիտալի շուկա նշանակալի քայլ է ոչ միայն ընկերության հետագա զարգացման, այլև կապիտալի շուկայում ոլորտային դիվերսիֆիկացման տեսանկյունից։

«Այս ցուցակմամբ ներդրողների համար հասանելի է դառնում նոր ոլորտ և ներդրումային նոր հնարավորություն, իսկ բորսան, իր հերթին, շարունակում է ընդլայնել ցուցակվող ընկերությունների ոլորտային բազմազանությունը։

Վստահ ենք, որ «Սոլիս»-ի ցուցակումը ոչ միայն կնպաստի ընկերության հետագա աճին, այլև օրինակ կծառայի այլ բիզնեսների համար՝ խթանելով նրանց հետաքրքրությունը կապիտալի շուկայի նկատմամբ և նպաստելով ներդրումային միջավայրի ակտիվացմանը», – նշել է Եգանյանը

«Սոլիս» ՓԲԸ-ի  տնօրեն Կարեն Արաբյանն իր հերթին ընդգծել է, որ «Սոլիսի» համար կապիտալի շուկա մուտք գործելը կարևոր քայլ է ընկերության զարգացման ճանապարհին։

«Այսօր վերականգնվող էներգետիկայի ոլորտը կարող է ոչ միայն նպաստել Հայաստանի էներգետիկ անկախությանն ու կայուն զարգացմանը, այլև դառնալ կապիտալի շուկայի համար երկարաժամկետ և ինստիտուցիոնալ ներդրումային ուղղություն։ Մեր պարտատոմսերի նկատմամբ ներդրողների բարձր հետաքրքրությունը և թողարկման նախատեսված ժամկետից շուտ ամբողջական տեղաբաշխումը վստահության կարևոր ազդակ է մեզ համար։ Վստահ ենք, որ Հայաստանի կապիտալի շուկայի հետագա զարգացումը կարող է նոր ֆինանսավորման հնարավորություններ ստեղծել իրական տնտեսության, այդ թվում՝ վերականգնվող էներգետիկայի ոլորտի համար և աջակցել նոր ներդրումային ծրագրերի իրականացմանը», – նշել է Արաբյանը։

Ամերիաբանկի Կապիտալի շուկաների բաժնի ղեկավար Շուշանիկ Հովսեփյանի խոսքով, «Սոլիսի» պարտատոմսերի թողարկումը կարևոր իրադարձություն է Հայաստանի կապիտալի շուկայում դիվերսիֆիկացիայի և նոր ներդրումային հնարավորությունների ձևավորման տեսանկյունից, քանի որ արևային էներգիայի արտադրության ոլորտը դեռևս բավարար չափով ներկայացված չէ կապիտալի շուկայում։

«Ոլորտն առանձնանում է ֆինանսական հոսքերի կայունությամբ և կանխատեսելիությամբ և շատ գրավիչ է հատկապես ֆիքսված եկամուտով գործիքների շուկայի համար: Կարծում ենք՝ երկրորդային շուկայում ևս Սոլիսի պարտատոմսերի նկատմամբ հետաքրքրությունը բարձր կլինի, հատկապես ցածր ռիսկայնությամբ ներդրումային հնարավորություններ փնտրող ներդրողների շրջանում»,- նշել է Հովսեփյանը։

«Սոլիս» ընկերության արևային էլեկտրակայանները տեղակայված են Հայաստանի տարբեր մարզերում՝ ձևավորելով աշխարհագրորեն հավասարակշռված պորտֆել և նպաստելով երկրի տարբեր հատվածներում կայուն ու մաքուր էներգիայի արտադրությանը։ Ընկերության գործունեությունն ուղղված է Հայաստանի էներգետիկ անվտանգության ամրապնդմանը՝ ինստիտուցիոնալ վերահսկողության, մասնագիտական կառավարման և երկարաժամկետ ներդրումային մոտեցման միջոցով։ Ժամանակակից տեխնոլոգիաների և առաջադեմ սարքավորումների կիրառմամբ ընկերությունը կառուցում, տնօրինում և երկարաժամկետ շահագործում է արևային էլեկտրակայաններ, որոնք ապահովում են արդյունավետ, հուսալի և էկոլոգիապես մաքուր էլեկտրաէներգիայի արտադրություն:

Պարտատոմսերի տեղաբաշխումից ներգրավված միջոցների շուրջ 75%-ը ընկերությունը նախատեսում է ուղղել գործող վարկերի վերաֆինանսավորմանը, իսկ 25%-ը՝ կապիտալ ծախսերին և գործունեության ընդլայնմանը։

Բորսան շարունակելու է աջակցել պատասխանատու և թափանցիկ ընկերությունների ներգրավմանը շուկա՝ ձևավորելով վստահելի ներդրումային միջավայր և խթանելով իրական հատվածի ֆինանսավորումը կապիտալի շուկայի գործիքների միջոցով։

Հայաստանի ֆոնդային բորսայի մասին

Հայաստանի ֆոնդային բորսան Հայաստանում գործող արժեթղթերի կարգավորվող շուկայի միակ օպերատորն է։ AMX-ն առաջարկում է բորսայական ծառայությունների ամբողջական փաթեթ՝ ցուցակման, առևտրի, քլիրինգային և տեղեկատվական ծառայություններ, այլընտրանքային բորսայական լուծումներ։ Բորսայական վերջնահաշվարկն իրականացնում է Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան, որի 100% բաժնետերը Հայաստանի ֆոնդային բորսան է։ AMX-ի առաքելությունն է զարգացնել կապիտալի շուկայի բորսայական ենթակառուցվածքը՝ այն դարձնելով ֆինանսավորման ակտիվ գործիք Հայաստանի տնտեսության զարգացման համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *