
Կենսաբազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի Կողմերի համաժողովի 17-րդ նստաշրջանը (COP 17-ը) տեղի կունենա Երեւանում, 2026 թվականի հոկտեմբերի 19-30-ը: Համաժողովի հիմնական կենտրոնը լինելու է Երեւանի «Մերիդիան» էքսպո կենտրոնը, որը բաժանվելու է երկու գլխավոր գոտիների`Կապույտ գոտի (Blue Zone) – «Մերիդիան» էքսպո կենտրոնում (Ոսկերիչների փողոց 1), որտեղ կանցկացվեն պաշտոնական բանակցությունները, լիագումար նիստերը, նախարարական հանդիպումներն ու մամուլի ասուլիսները: Այստեղ մուտքը խիստ սահմանափակ է՝ միայն ՄԱԿ-ի կողմից հավատարմագրված պատվիրակների, պաշտոնական անձանց եւ մեդիայի համար: Եվ Կանաչ գոտի (Green Zone), որը նախատեսված է հանրային միջոցառումների, հասարակական կազմակերպությունների, գիտնականների, երիտասարդական նախաձեռնությունների եւ ցուցահանդեսների համար: Այն ծառայելու է որպես բաց հարթակ՝ կենսաբազմազանության պահպանմանն ուղղված գլոբալ երկխոսության համար: Ճանապարհի այն հատվածը, որը միացնում է Հաղթանակի կամուրջն Արշակունյաց պողոտային, շուտով ՀՀ իշխանությունները պաշտոնապես անվանակոչելու են COP 17-ի փողոց, քանի որ այս ճանապարհով են անցնելու համաժողովի տրանսպորտային հոսքերը:
COP 17-ի պատճառով իշխանությունը որոշել է Երեւանի կենտրոնի մի շարք փողոցներում երթեւեկությունը սահմանափակել, ինչպես նաեւ՝ դադարեցնել մայրաքաղաքի դպրոցների աշխատանքը: ԿԳՄՍ նախարարության որոշման համաձայն՝ COP 17 համաժողովի պատճառով Երեւանի դպրոցներում դասերը կդադարեցվեն մեկ շաբաթով: Դրա փոխարեն սեպտեմբերի 15-ից սկսած՝ 5 շաբաթ շարունակ, մայրաքաղաքի դպրոցները կաշխատեն շաբաթական 6 օր:
Բայց արդյոք անհրաժե՞շտ էր եւ պարտադիր Երեւանի բոլոր դպրոցներում մեկշաբաթյա լրացուցիչ արձակուրդը եւ ուսումնական գրաֆիկի փոփոխությունը: Այս հարցն ուղղեցինք կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանին։
Նա ասաց. «Այսպիսի բան մեկ էլ Ադրբեջանում եղավ, ինչքան էլ պատահական չէ, Ադրբեջանում անցած տարի COP 29-ը եղավ, եւ նրանք ոչ միայն դասերը հետաձգեցին, այլեւ խորհուրդ տվեցին ժողովրդին՝ առհասարակ քաղաքում չմնալ։ Ուրեմն Հայաստանը, հետեւելով Ադրբեջանի օրինակին, ստորադասում է իր կրթությունը եւ կրթական համակարգը ինչ-որ ցուցադրական միջոցառումների եւ ըստ էության ստիպում, որ դպրոցները 5 շաբաթ շարունակ վեցօրյա դասեր կազմակերպեն: Դրա էֆեկտիվության մասին, իհարկե, բոլորը գիտեն, որ դա արդյունավետ չէ, այսինքն՝ կրթության որակն ավելի վատացնեն, իջեցնեն, ցույց տան, որ Հայաստանը հյուրընկալում է ինչ-որ միջազգային միջոցառում։ Կարծում եմ՝ առանց դրա էլ կարելի էր անել, ինչի՞ն է խանգարում դպրոցների աշխատանքը՝ ինչ-որ միջազգային միջոցառման ժամանակ»։
«Այդպես որ լինի, ուրեմն մեծ միջոցառումները, որ կազմակերպվում են եվրոպական մայրաքաղաքում, նշանակում է՝ այդտեղ ընդհանրապես դասեր չպե՞տք է անեն․ Փարիզում, Լոնդոնում ամեն օր մեծ միջոցառումներ կան, եւ աշխարհի տարբեր երկրների ղեկավարներ են այցելում։ Դա արդյոք ենթադրո՞ւմ է, որ դպրոցներում դասերը պետք է դադարեն։ Ոչ, իհարկե»,- նշում է Մխիթարյանը։
Մանավանդ՝ միջոցառումը կայանալու է Երեւանի կենտրոնում, այսինքն` Երեւանի բոլոր դպրոցների դասապրոցեսը խաթարելու իմաստ չկրա: «Ինչ-որ մեկի այցելությունն ավելի կարեւո՞ր է, քան մեկ երեխայի կրթության իրավունքը. ոչ, իհարկե։ Դասեր չանեն, որ քաղաքը տան ինչ-որ օտարերկրացիների։ Անընդունելի է։ Դասերը պետք է կազմակերպվեն այնպես, ինչպես նախատեսված էր։ Թող նրանք մեզ հարմարվեն` այսպես ասեմ»,- նշեց մեր զրուցակիցը։
Շուշան Սարիկյան