

Սևանա լիճը սնուցող հինգ լեռնային գետերի՝ Գավառագետի, Մասրիկի, Արգիճիի, Հերհերի և Արփայի ջրհավաք ավազաններում մեկնարկել է բնապահպանական ծրագիր, որն ուղղված է գետերի և գետափերի աղտոտվածության նվազեցմանը, համայնքների բնապահպանական կարողությունների զարգացմանը և տեղական բնակչության մասնակցության խթանմանը։
«Մաքուր ապագա Հայաստանի լեռնային գետերի համար» ծրագիրն իրականացնում են «Հանուն մարդկության և բնության հայկական ասոցիացիա» (FPAN) հասարակական կազմակերպությունը և GRÜNE LIGA Berlin e.V.-ն՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարության ֆինանսավորմամբ։
Ծրագրի թիրախում են Սևանա լճի և Արփա գետի ջրհավաք ավազանները, որոնք ներառում են Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի համայնքներ։
Հայաստանի լեռնային գետերը կենսական նշանակություն ունեն երկրի էկոհամակարգերի, գյուղատնտեսության, տեղական համայնքների և խմելու ջրի պաշարների համար։ Սակայն վերջին տարիներին դրանց աղտոտվածությունն աճում է կենցաղային թափոնների, անօրինական աղբավայրերի, կեղտաջրերի մաքրման համակարգերի բացակայության և թափոնների կառավարման սահմանափակ ենթակառուցվածքների պատճառով։
Խնդիրը հատկապես կարևոր է Սևանա լճի համար, որը Հայաստանի խմելու ջրի գլխավոր ռազմավարական պաշարն է և աշխարհի խոշոր բարձրադիր քաղցրահամ լճերից մեկը։ Սևանա լճի ջրհավաք ավազանի գետերը լիճ են տեղափոխում ոչ միայն ջուր, այլև դրանցում կուտակված թափոններ ու աղտոտիչներ, որոնք սեզոնային ջրհեղեղների և ձնհալի ընթացքում մեծացնում են լճի վրա էկոլոգիական ճնշումը։
Սևանա լճի ջրհավաք ավազանի ամենալուրջ բնապահպանական խնդիրներից են գետերի և գետափերի կենցաղային աղբով աղտոտումը, անօրինական աղբավայրերը և գյուղական բնակավայրերում թափոնների կառավարման բավարար ենթակառուցվածքների բացակայությունը։
Ծրագրի շրջանակում նախատեսվում է ներգրավել թիրախային համայնքների բնակիչներին՝ խթանելով նրանց մասնակցությունը տեղական բնապահպանական խնդիրների բացահայտմանն ու լուծմանը։ Հատուկ ուշադրություն կդարձվի երիտասարդների և կանանց ներգրավմանը, որպեսզի բնապահպանական նախաձեռնությունները դառնան երկարաժամկետ և համայնքների կողմից շարունակելի։
Ծրագրի գործողությունները ներառում են ոչ միայն գետերի մաքրման աշխատանքներ, այլև համայնքներում բնապահպանական իրազեկվածության և պատասխանատվության բարձրացման, տեղական համագործակցության զարգացման և բնական ռեսուրսների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ձևավորման ուղղություններ։
FPAN-ի մասին
«Հանուն մարդկության և բնության հայկական ասոցիացիա» (FPAN) հասարակական կազմակերպությունը Հայաստանում իրականացնում է բնապահպանական և կայուն զարգացման ծրագրեր՝ համագործակցելով տեղական համայնքների, պետական կառույցների, միջազգային գործընկերների և մասնավոր հատվածի հետ։ FPAN-ը շարունակում է Հայաստանում NABU-ի կողմից ավելի քան 15 տարի իրականացված բնապահպանական ծրագրերի փորձը։
Կազմակերպության գործունեության հիմնական ուղղություններն են կենսաբազմազանության և բնական լանդշաֆտների պահպանությունը, կայուն գյուղական զարգացումը, բնահեն զբոսաշրջության խթանումը և բնապահպանական նախաձեռնություններում Հայաստանի ընկերությունների ներգրավումը։
Լուսանկարը՝ FPAN-ի
Օգոստոս 19, 2026 at 11:44