Հունաստանը դիտարկում է Կարպաթոս կղզուց «Patriot» զենիթահրթիռային համալիրը Կրետեի Սուդա ռազմաբազա տեղափոխելու հնարավորությունը։ Աթենքն այս տարբերակը գնահատում է Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման և Եվրոպայում ամերիկյան օբյեկտներին Իրանի հնարավոր հարվածների մասին տեղեկությունների ֆոնին, գրում է Kathimerini-ն։
Աղբյուրների փոխանցմամբ՝ եթե Սուդայի ռազմաբազայի համար սպառնալիքը լուրջ գնահատվի, Կարպատոսում տեղակայված Patriot մարտկոցը կտեղափոխվի այնտեղ՝ ամերիկյան ռազմական օբյեկտների պաշտպանությունն ուժեղացնելու համար։
Աթենքն ուսումնասիրում է նաև Կիպրոսում և Բուլղարիայում գտնվող թիրախներին հնարավոր հարվածների վերաբերյալ տեղեկությունները։ Կիպրոսում դեռևս տեղակայված են հունական չորս F-16 կործանիչները, որոնք այնտեղ էին ուղարկվել մարտին՝ անօդաչուների հարձակումներից հետո, ինչպես նաև «Նիկիֆորոս Ֆոկաս» ռազմական ֆրեգատը։
Patriot մարտկոցը Կարպատոսում է գտնվում մարտի սկզբից։ Ավելի վաղ, Բուլղարիայի խնդրանքով, ևս մեկ համալիր է ուղարկվել Հյուսիսային Հունաստան՝ հարևան երկրի ՀՕՊ համակարգն ուժեղացնելու նպատակով։ Մայիսին, երբ Մերձավոր Արևելքում իրավիճակը համեմատաբար կայունացավ, այն վերադարձվեց նախկին տեղակայման վայր։ Եթե Սոֆիան կրկին աջակցություն հայցի, հարցը կքննարկվի Հունաստանի արտաքին քաղաքականության և պաշտպանության խորհրդում։
Սուդայի ռազմաբազայում անվտանգության միջոցառումներն արդեն խստացվել են։ Հունաստանի ՊՆ-ում հայտարարում են, որ սպառնալիքի աճի դեպքում դրանք ավելի կուժեղացվեն։
Միևնույն ժամանակ, Աթենքում քիչ հավանական են համարում Հունաստանի տարածքում թիրախների խոցումը, քանի որ օդային հնարավոր սպառնալիքների ճանապարհին գործում են նաև հակաօդային պաշտպանության մի քանի համակարգեր։
Հունաստանի կառավարությունը վկայակոչում է նաև արտգործնախարար Յորղոս Գերապետրիտիսի և Իրանի ԱԳՆ ղեկավար Աբբաս Արաղչիի վերջին հեռախոսազրույցն ու Աթենքի և Թեհրանի միջև կապի ուղիների վերականգնումը։
Եվրոպայում գտնվող օբյեկտներին Իրանի հնարավոր հարվածների ֆոնին՝ հունական իշխանությունները գտնում են, որ այս պահին երկրին լուրջ վտանգ չի սպառնում։