Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ) ԱՄՆ-ի կողմից դատարանի նախագահ Տոմոկո Ականեի նկատմամբ սահմանված պատժամիջոցներն անվանել է «կոպիտ հարձակում» կառույցի անկախության վրա, հայտնում է AFP-ն։
Վաշինգտոնը երեքշաբթի օրը պատժամիջոցներ է սահմանել Ճապոնիայի քաղաքացի Ականեի և սենեգալցի փաստաբան Աբդուլայե Սեյեի նկատմամբ։ ԱՄՆ-ը պնդում է, թե ՄՔԴ-ն «կոռումպացված և ծայրահեղ քաղաքականացված» կառույց է։
«Այս պատժամիջոցները կոպիտ հարձակում են անաչառ դատական հաստատության անկախության վրա»,- նշված է ՄՔԴ-ի հայտարարության մեջ։ Դատարանից հավելել են, որ դատավորների, դատախազների ու աշխատակիցների դեմ ձեռնարկվող քայլերը խաթարում են իրավունքի գերակայությունը։
Վաշինգտոնի այս որոշումից հետո եվրոպական երկրներն իրենց աջակցությունն են հայտնել ՄՔԴ-ին։ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն ու Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան ընդգծել են, որ դատարանը պետք է գործի անկախ և առանց արտաքին ճնշումների։
Գերմանիան նույնպես կարևորել է ՄՔԴ-ի անկախությունը, իսկ Նիդեռլանդները, որտեղ տեղակայված է դատարանի նստավայրը (Հաագայում), դեմ է արտահայտվել ԱՄՆ-ի քայլերին։ Իսպանիան ՄՔԴ-ն անվանել է «միջազգային քրեական արդարադատության համակարգի անկյունաքար»։
Սահմանված պատժամիջոցները դատապարտել է նաև Ճապոնիան՝ հայտարարելով, որ հետևողականորեն աջակցում է դատարանին՝ ծանրագույն միջազգային հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելու և իրավունքի գերակայությունը պաշտպանելու գործում։
Ճապոնիան ՄՔԴ-ի խոշորագույն ֆինանսական դոնորն է և միևնույն ժամանակ ԱՄՆ-ի մտերիմ դաշնակիցը։ Վաշինգտոնը չի միացել դատարանը հիմնադրած միջազգային պայմանագրին։