Շվեյցարիայի Ցյուրիխի լճում ջրի մակարդակը իջել է դիտարկումների ողջ պատմության ընթացքում գրանցված ռեկորդային ցածր նիշի, հայտնում է Swiss Info-ն։
Ցյուրիխհորն շրջանի պետական չափիչ կայանում ջրի մակարդակը կազմում է ծովի մակերևույթից 404,45 մետր, այնինչ նախորդ նվազագույն ցուցանիշը գրանցվել էր 1952 թվականին՝ 405,46 մետր։ Չափումներն իրականացվում են 1951 թվականից։
Տևական երաշտն արդեն իսկ սահմանափակումների է հանգեցրել լճում։ Շաբաթվա սկզբից Խորգենի և Մայլենի միջև գործող լաստանավը դադարեցրել է ծանր բեռնատարների փոխադրումը։ Բացի այդ, լաստանավ չեն թույլատրում մուտք գործել սպորտային ավտոմեքենաներին և ցածր լուսանցք ունեցող այլ տրանսպորտային միջոցներին։ Ջրի ցածր մակարդակի պատճառով լաստանավի թեքահարթակի և նավի միջև անկյունն ավելի սուր է դառնում, ինչը վտանգ է ներկայացնում մեքենաների համար։
Լճի ափերին բազմաթիվ մասնավոր նավակներ հայտնվել են ցամաքում։ Շտեֆայում քաղաքային լողափը անվտանգության նկատառումներով փակել է նավամատույցներից մեկը. ծանծաղուտի պատճառով ջուրն անցնելը կարող է վնասվածքների հանգեցնել։
Խնդիրներ են առաջացել նաև Խորգենի ջրագնդակի տեղական թիմի համար։ Կեպֆնախ լողափի սպորտային ավազանում գտնվող նրանց տնային մարզադաշտը փակ է շաբաթ օրվանից։ Լողացող ավազանը մի հատվածում արդեն դիպչում էր լճի հատակին։ Որպես արտակարգ միջոցառում՝ ավազանի քլորացված ջուրը ստիպված են եղել ուղղակիորեն բաց թողնել կոյուղի։
Ջրի ցածր մակարդակի պատճառով ավելի վաղ դադարեցվել էին նաև Լիմատ գետով իրականցվող նավերի երթուղիները։ Սահմանափակումներ են մտցվել նաև որոշ զբոսանավային երթուղիներում, իսկ նավերը դադարել են մոտենալ Ուֆենաու կղզուն։