
Շատ տարիներ առաջ մենք անգիր գիտեինք բոլոր բարձրաստիճան եւ անգամ միջին կալիբրի պաշտոնյաներին, չնայած այն ժամանակ էլ լիքն անարժան մարդիկ էին հայտնվում այդ պաշտոններին։ Նաեւ անհասկանալի կոալիցիաներ էին կազմվում, ու կառավարության անդամ, պատգամավոր էին դառնում կիսագրագետ մարդիկ։ Բայց պետական պաշտոն զբաղեցնելը, ամեն դեպքում, մեծ պատասխանատվություն ու պատիվ էր, ոչ մեկին, այսպես ասած, փողոցից չէին բռնում, բերում՝ փոխնախարար նշանակում, պատգամավոր դարձնում։
Այդ պատահական մարդիկ ինչ-որ ձեւով թափանցում էին ոչ պատահական մարդկանց կուսակցություններ եւ թիմով որեւէ ոլորտ կառավարելու իրավունք էին ստանում ու հայտնվում խորհրդարանում կամ կառավարության կազմում։ Հիմա պաշտոն ստանում են բացառապես մի մարդու կամքով եւ կամայականությամբ։ Նա կարող է մի օր, մի միջոցառման ժամանակ ինչ-որ մեկին հավանել կամ ինչ-որ քասթինգի արդյունքում անհասկանալի ձեւով ընտրված աղջիկ-տղաներին բերել, բարձր պաշտոնների նշանակել։
Թե քանի հարյուր կամ հազար մարդ է այս իշխանության ժամանակ բարձր պետական պաշտոններ զբաղեցրել, երեւի հաշիվն իրենք էլ են կորցրել, մենք էլ։ Եկել են ու գնացել, հարստացել են ու անհետացել, աղմկել են ու անհայտության մեջ հայտնվել՝ այնպես, որ ոչ ոք չի հիշում անգամ, որ նման մարդիկ երբեւէ եղել են իշխանության մեջ։
Մի բան ակնհայտ է, որ 2018-19-ին շատ ավելի որակյալ էր այս իշխանության կազմը, եւ շատ ավելի հետաքրքիր ու պատրաստված էին պատգամավորներն ու բարձրաստիճան պաշտոնյաները։ Ժամանակի ընթացքում ինքնուրույնները, խելացիները, գրագետները գնացին, մնացին հնազանդները, հարմարվողները, գործը մի կերպ յոլա տանողները։ Ամեն հաջորդ պաշտոնյա սկսեց զիջել իր նախորդին։ Երբ հետ ես նայում, տեսնում ես, թե ինչ դեգրադացիա է ապրել այս իշխանությունը։
Կարող եք մտովի թվարկել ձեր հիշողության մեջ մնացած պաշտոնյաներին։ Եթե առաջին խորհրդարանի նախագահն Արարատ Միրզոյանն էր, այսօր Ռուբեն Ռուբինյանն է, նախորդի փոխնախագահը Հակոբ Արշակյանն էր, այսօր Հայկ Կոնջորյանն ու Վահագն Ալեքսանյանն են։ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախկին նախագահ Վլադիմիր Վարդանյան, այսօր՝ Արուսյակ Ջուլհակյան, առողջապահության հանձնաժողով՝ Նարեկ Զեյնալյան, այսօր՝ Լուլու, աշխատանքի եւ սոցիալական հարցերի հանձնաժողով՝ Հերիքնազ Տիգրանյան, այժմ՝ Նազելի Բաղդասարյան։ Նախկինում կարեւոր կառույցների ղեկավարներն էին Դավիթ Անանյանը, Վահան Քերոբյանը, Արթուր Վանեցյանը, Ֆելիքս Ցոլակյանը, Դավիթ Տոնոյանը, հիմա՝ Գեւորգ Պապոյանը, Անդրանիկ Սիմոնյանը, Սուրեն Պապիկյանը, Վահե Հովհաննիսյանը, Դավիթ Խուդաթյանը․․․Եթե անունները ձեզ ոչինչ չեն ասում, պարզապես բացեք նրանց լուսանկարները, դրեք կողք- կողքի եւ նայեք նրանց դեմքերի արտահայտություններին։
Երբեմն թվում է, թե Նիկոլ Փաշինյանը միտումնավոր է վարկաբեկում, հեղինակազրկում պետական կառավարման գաղափարը։ Մի տեսակ մուռ է հանում նախկինում իր զրկանքների կամ դժվարությունների համար, պատժում է երկիրն ու հասարակությանը, որ իրեն ավելի վաղ չեն բերել իշխանության։ Ինչքա՜ն պետք է չսիրես քո բանակը, ինչքա՜ն պետք է չկարեւորես քո երկրի ու հասարակության անվտանգությունը, որ պաշտպանության նախարար նշանակես Սուրեն Պապիկյանին, ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ՝ Նավակ ճոճող Վիլեն Գաբրիելյանին, Արտաքին հետախուզության ծառայության պետ՝ Քրիստինե Գրիգորյանին, ՆԳ նախարար՝ Արփինե Սարգսյանին, արդարադատության նախարար՝ Սրբուհի Գալյանին, ՔԿԾ պետ՝ Ծովինար Թադեւոսյանին, գլխավոր դատախազ՝ Աննա Վարդապետյանին, իսկ ԱԱԾ տնօրեն՝ Անդրանիկ Սիմոնյանին․․․