Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ ձևավորվող «նոր տարածաշրջանային կարգում» արտաքին ուժերի ազդեցությունն աստիճանաբար նվազում է, իսկ Միացյալ Նահանգները, նրա գնահատմամբ, տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում, գրել է Al Jazeera-ն։
Ղալիբաֆն այս մասին գրել է X սոցիալական ցանցում՝ Իրաք կատարած այցի ընթացքում։ Նա իր գրառման մեջ հիշատակել է Իրաքի «Ժողովրդական մոբիլիզացիոն ուժերի» նախկին բարձրաստիճան հրամանատար Աբու Մահդի ալ-Մուհանդիսին և Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Քուդս» ուժերի նախկին հրամանատար Քասեմ Սոլեյմանիին։
«Սիրելի՛ Աբու Մահդի և Հաջ Քասեմ։ Սա ձեր պայքարի և ձեր օրհնված արյան պտուղն է»,- գրել է Ղալիբաֆը։
Ալ-Մուհանդիսն ու Սոլեյմանին սպանվել են 2020 թվականի հունվարին Բաղդադի միջազգային օդանավակայանի մերձակայքում ԱՄՆ-ի իրականացրած ավիահարվածի հետևանքով։
Իրանի խորհրդարանի խոսնակը նաև անդրադարձել է Իսրայելին՝ հայտարարելով, որ, իր գնահատմամբ, «գետից մինչև ծով» նախագիծը վերածվել է «անիրական երազանքի»։