«Հրապարակ». Թող իմ գրքերը բացեն, կարդան

Արման Եղոյանը որոշել է 9-րդ գումարման խորհրդարանում «մտքի փայլատակումների» ռեկորդ սահմանել: Լոռու մարզը պատմական վրացական տարածք լինելու մասին սկանդալային հայտարարությունը դեռ չմարսած, Եղոյանը հայտնվել է նոր սկանդալի կիզակետում։ Նախօրեին իր ելույթում նա որոշել է անդրադառնալ հայկական սփյուռքին։ «Մի տարածված միֆ կա ՀՀ-ում` սփյուռքի եւ մեր հարաբերությունների վերաբերյալ։ Ասում են՝ ինչքան ավելի ուժեղ է սփյուռքը, այնքան ավելի ուժեղ է Հայաստանը։ Սա կատարյալ սուտ, միֆ է, որովհետեւ, ըստ սահմանման, զուտ ֆիզիկապես սփյուռքը ժամանակի ընթացքում կարող է հզորանալ միայն ՀՀ-ից նոր արտագաղթի ալիքների հետեւանքով կամ սփյուռքյան այլ գաղթօջախներից ներգաղթի ալիքների հետեւանքով։ Երբեւէ որեւէ հայկական գաղթօջախ չի հզորացել իր բնական սերնդափոխության հետեւանքով»,- իր ելույթում այսպիսի կարծիք է հայտնել ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը։ Ապա հետեւություն է արել․ «Այն մարդիկ, որոնք ասում են՝ սփյուռքը պետք է հզորանա, դա նույնն է, թե ասեն՝ ՀՀ-ն պետք է թուլանա։ Սփյուռքի հզորանալու այլ ճանապարհ չկա։

Հակառակը՝ սփյուռքից մարդիկ պետք է տեղափոխվեն ՀՀ, ինչի հետեւանքով սփյուռքը կթուլանա, եւ ՀՀ-ն կհզորանա»: Ձեռքի հետ էլ կպել է Դաշնակցության, սփյուռքյան հայտնի գործիչներին, Հայ դատի գրասենյակին եւ նրա ղեկավարներին։ Անգամ ֆրանսահայ հայտնի գործիչ Մուրադ Փափազյանին, որն իր ողջ կյանքում աջակցել է իր հայրենիքին, ամեն բան արել Հայաստանի համար, իսկ Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար զրկվել էր Հայաստան գալու իրավունքից։ Եղոյանը, կարելի է ասել, ինքնախոստովանական ցուցմունք է տվել, թե Մակրոնին Փափազյանը խնդրել է, որ Նիկոլին ասի՝ Հայաստան գալու հնարավորությունը Փափազյանի համար վերականգնեն։ Սա էլ՝ այն մասով, որ Նիկոլ Փաշինյանի անձնական հրահանգով է ոմանց մուտքը Հայաստան արգելափակվում, եւ նա ուղիղ հրահանգավորում է դատական համակարգին եւ նրանց որոշումներն անձամբ է թելադրում։

Բայց որքան էլ վրդովեցնող է սփյուռքի մասով Եղոյանի հայտարարությունը, նա ընդամենը փորձում է հաճոյանալ Նիկոլ Փաշինյանին, որովհետեւ այս հայտարարությունները Փաշինյանի՝ սփյուռքի դեմ տարվող հետեւողական աշխատանքի տրամաբանական շարունակությունն է ընդամենը: Պատահական չէ, որ 2018-ին, իշխանությունը վերցնելուց անմիջապես մի քանի օր անց, Փաշինյանը հայտարարեց սփյուռքի նախարարությունը լուծարելու մասին, իսկ դրանից հետո ուղղակի «պատերազմ հայտարարեց» սփյուռքում գործող ամենամեծ կուսակցությանը` Դաշնակցությանը, իսկ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի միջոցով այս տարիներին զբաղվել է բացառապես սփյուռքը պառակտելով, ոչնչացնելով, Հայաստանից օտարելով: Հասկանալի է, թե քամիները որտեղից են փչում:

Ադրբեջանն ու Թուրքիան այս տարիներին մի քանի անգամ հայտարարել են, որ հայկական սփյուռքն իրենց համար մեծագույն վտանգ է ներկայացնում: Ցեղասպանության ճանաչման հարցը, հայ ռազմագերիների վերադարձի, Արցախի հետ կապված հարցերն ամենաշատ բարձրաձայնում են սփյուռքի մեր հայրենակիցները, այլ ոչ թե ՔՊ-ականները: Առհասարակ, ցանկացած պետություն՝ դրսում սփյուռք ունենալու դեպքում մեծապես օգտվում է իր հայրենակիցների հնարավորություններից, նրանց միջոցով լոբբինգ է անում, տարբեր պետություններում հարցեր է կարգավորում, հզորացնում է իր դիրքերը, իսկ նիկոլականները՝ ճիշտ հակառակը․ ո՛չ իրենք են կարողանում դիվանագիտական հաջողությունների հասնել, ո՛չ էլ օգտագործում են սփյուռքի կառույցների եւ հեղինակավոր անհատների ռեսուրսը։

Սփյուռքի նախկին նախարար Հրանուշ Հակոբյանը, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով Եղոյանի այն հայտարարություններին, թե սփյուռքի հզորացումը թուլացնում է Հայաստանը, ասում է. «Ես չգիտեմ, թե ով ինչ է ասում, բայց ուժեղ սփյուռքը ուժեղ Հայաստանի շարունակությունն է: Սփյուռքը մեր ուժն է, այն մեր մրցակցային առավելությունն է, ինչպես նաեւ՝ մեր ժողովրդական դիվանագիտությունն է: Այն մեր հզորությունն է, որը պետք է օգտագործենք»: Հակոբյանին հարցրինք` նկատե՞լ է Թուրքիայի, Ադրբեջանի վերաբերմունքը, ինչու չէ՝ վախը հայկական սփյուռքից։ «Ինչքան սփյուռքը հզոր լինի, այնքան Հայաստանն ավելի ամուր կլինի եւ ուժեղ: Ես չգիտեմ, թե իշխանավորներն ինչ են ասում, սակայն մեր մրցակցային առավելությունը մեր սփյուռքն է: Ես սփյուռքի մասին այնքան գրքեր եմ գրել, թող իմ գրքերը բացեն, կարդան: Ի վերջո, ցեղասպանության ճանաչման հարցն էլ մենք վերցրել ենք սփյուռքից, սփյուռքն է այդ հարցն օրակարգ բերել»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *