Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին

Ռուսական ուժերը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել են Կիևին։ Կիևի քաղաքային ռազմական վարչակազմի տվյալներով՝ հարձակման հետևանքով զոհվել է առնվազն հինգ մարդ, ևս 23-ը վիրավորվել են։

Ավելի վաղ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել էր երեք զոհի և 20 վիրավորի մասին։ Նրա խոսքով՝ տուժածներից 14-ը հոսպիտալացվել են, իսկ մյուսներին բժշկական օգնություն է ցուցաբերվել ամբուլատոր պայմաններում կամ դեպքի վայրում։

Հարձակման հետևանքով վնասներ են գրանցվել մայրաքաղաքի մի շարք շրջաններում։ Սոլոմյանսկի շրջանում հրթիռի բեկորներն ընկել են հինգհարկանի բնակելի շենքի մոտ։ Շենքի պատուհանները կոտրվել են, հրդեհ է բռնկվել։ Կլիչկոյի տվյալներով՝ վնասվել է նաև ինըհարկանի բնակելի շենք, որի վերջին հարկերը մասամբ ավերվել են։

Նույն շրջանում վնասվել է մանկական հիվանդանոցի շենքը, իսկ բուժհաստատության տարածքում մի քանի ավտոմեքենա է հրդեհվել։ Հաղորդվում է նաև, որ մեկ այլ հասցեում մարդիկ մնացել են ապաստարանում, և իրականացվում են նրանց դուրս բերելու աշխատանքներ։

Դարնիցկի և Սվյատոշինսկի շրջաններում հարձակման հետևանքով հրդեհներ են բռնկվել ոչ բնակելի շենքերում։

Դեպքի վայրերում աշխատում են փրկարարական և արտակարգ ծառայությունները։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *