ՀՀ Սահմանադրության 151-րդ հոդվածի համաձայն՝ Կառավարության կազմավորումից հետո՝ քսանօրյա ժամկետում, վարչապետն Ազգային ժողով է ներկայացնում Կառավարության ծրագիրը: ԱԺ-ի կողմից հավանության արժանանալուց հետո Կառավարությունը եռամսյա ժամկետում կհաստատի գործունեության միջոցառումների հնգամյա ծրագիրը:
BanksNews.am-ն ուսումնասիրել է փաստաթուղթը և առանձնացրել բարձր տեխնոլոգիական արտադրության (Deep Tech) զարգացման ու Արհեստական բանականության (ԱԲ) էկոհամակարգի ներդրման հիմնական ուղղությունները:
1. Բարձր տեխնոլոգիական արտադրություն (Deep Tech) և Ռազմարդյունաբերություն
- Հայաստանը դիրքավորվելու է որպես խոր տեխնոլոգիաների մշակման, արտադրության և արտահանման կենտրոն՝ հետազոտությունից մինչև սերիական արտադրություն:
- Մարզային տեխնոլոգիական պարկեր. Գյումրու և Վանաձորի օրինակով կստեղծվեն նոր մարզային տեխպարկեր, որոնք կծառայեն որպես ինկուբացիոն, ինժեներական, լաբորատոր փորձարկման և նախատիպավորման հարթակներ:
- Ֆինանսավորում և Scale-up. Կձևավորվի ստարտափների ֆինանսավորման ամբողջական շղթա՝ գաղափարի փորձարկման դրամաշնորհներից մինչև աճի կապիտալ, լիզինգ և «նորարարական լուծումների առաջին գնորդի» մեխանիզմներ:
- Կիսահաղորդիչներ և միկրոէլեկտրոնիկա. Զարգացվելու են չիպերի նախագծման, ներկառուցված համակարգերի, փորձարկման և առաջադեմ փաթեթավորման կարողությունները՝ խորացնելով Հայաստանի դերը գլոբալ արժեշղթայում:
- Միջազգային ընկերություններ. Իրականացվելու է միջազգային առաջատար տեխնոլոգիական հսկաների R&D և արտադրական ստորաբաժանումները Հայաստանում տեղակայելու քաղաքականություն:
- Ռազմարդյունաբերություն. Կշարունակվեն պետական ներդրումները երկակի նշանակության տեխնոլոգիաների և ռազմարդյունաբերության ոլորտում՝ երկարաժամկետ պետական գնումների և համատեղ արտադրությունների միջոցով:
- Հիմնական թիրախ. Մինչև 2031 թվականը ապահովվելու է Հայաստանում մշակված առնվազն 20 բարձր տեխնոլոգիական արտադրանքի անցումը սերիական արտադրության, իսկ ոլորտի տարեկան արտահանման ծավալը հասցվելու է առնվազն 500 մլն ԱՄՆ դոլարի:
2. Արհեստական բանականություն (AI) և Ազգային ենթակառուցվածքներ
ԱԲ-ն դիտարկվում է որպես տնտեսության արտադրողականության և պետական կառավարման բարձրացման առանցքային գործիք:
- ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ. Ոլորտը համակարգող նախարարության ներքո կստեղծվի մասնագիտացված գրասենյակ, որը կկարգավորի ԱԲ ազգային քաղաքականությունը, հաշվարկային ռեսուրսների հասանելիությունը և միջազգային համագործակցությունը:
- Ազգային AI լաբորատորիա. Կստեղծվի առնվազն մեկ ազգային լաբորատորիա՝ AI engineering-ի, խելացի թվային համակարգերի և Deep-Tech նախատիպավորման R&D աշխատանքների համար:
- «AI գործարանների պարտեզ» (Garden of AI Factories). Կձևավորվի ԱԲ գործարանների, գերժամանակակից տվյալների կենտրոնների (Data Centers) և հաշվողական ենթակառուցվածքների փոխկապակցված էկոհամակարգ՝ ապահովված անհրաժեշտ էներգետիկ և կապի ռեսուրսներով:
- Հայերենի բաց AI ենթակառուցվածք. Կստեղծվեն հայերենի համար որակյալ տվյալաշարեր, խոսքի և տեքստի ճանաչման/սինթեզի գործիքներ, լեզվական մոդելներ (LLM), որոնք հասանելի կլինեն գիտական, կրթական և բիզնես ոլորտներին:
- Աշխատաշուկա և վերապատրաստում. Պարբերաբար կգնահատվի ԱԲ-ի ազդեցությունը աշխատաշուկայի վրա. կներդրվեն աշխատողների վերամասնագիտացման, գործատուների համաֆինանսավորմամբ հմտությունների զարգացման և վճարովի պրակտիկայի ծրագրեր: