
Վանաձորի քաղաքային լճի մասին վերջին ամիսներին այնքան է խոսվել, որ կարող է թվալ՝ քաղաքի ամենամեծ խնդիրն այդ լիճն է։ Նախատեսված է՝ այն պետք է հիմնանորոգվի, արդիականացվի, նոր տեսք ստանա, շատրվաններ ունենա։ Ծրագիրը ներկայացվել է որպես Վանաձորի զարգացման մեծ փաթեթի մաս, իսկ լճի համար նախատեսված գումարը փոքր չէ՝ 520 միլիոն դրամ։
Վանաձորի լիճը տասնամյակներ շարունակ եղել է քաղաքի ճանաչելի վայրերից մեկը, հանգստի, զբոսանքի, նավակներով զբոսնելու, նաեւ լողալու վայր։ Այսօր ունի հիմնանորոգման կարիք, բայց 520 մլն ծախսելուց առաջ քաղաքը չպե՞տք է համոզվի, որ ընտրված լուծումն իսկապես լավագույնն է։
Վանաձորի ջրային պատմությունը միայն մեկ լճով չի ավարտվում։ Կենտրոնական մասում կա եւս երեք անտեր լճակ, որոնք եղել են ոչ միայն արդյունաբերական ենթակառուցվածքի մաս, այլեւ քաղաքի հանգստի ու գեղագիտական միջավայրի կարեւոր հատված։ Հիմա երկուսը ջուր չունեն, երրորդն էլ այլեւս չունի այն գույնը, որը կարող էր վայելել զբոսաշրջային գոտուն։
Տարօրինակ վիճակ՝ կես միլիարդից ավելի են նախատեսում մեկ լճի նորացման համար, իսկ քաղաքի մյուս երեք լճերը բառացիորեն ձեռքից գնում են։
2025 թ. Լոռու մարզպետի ներկայացրած «Վանաձոր-2026» ծրագրում քաղաքային լճերի հիմնանորոգման մեջ նախատեսված էր մեծ շատրվանային համակարգի կառուցում։ Այդ ժամանակ փաթեթը ներկայացվում էր մոտ 35 միլիոն դոլարի չափով։ 2026 թ. ավագանու հաստատած ծրագրային փաթեթում քաղաքային լճերի հիմնանորոգման համար արդեն գումարը դարձավ 520 մլն դրամ։ Մարզպետ Արեն Մկրտչյանը դա ներկայացրեց որպես Վանաձորի խորհրդանիշներից մեկի վերականգնում։ 2026 թ. հուլիսին հրապարակված տեղեկություններից պարզվեց, որ հանրությանը ներկայացվող «պատրաստ նախագիծը» հաստատված նախագիծ չէ, այլ էսքիզ է, հայեցակարգ, որը պետք է հետագայում վերածվի աշխատանքային նախագծի: Սակայն ամենակարեւոր հարցը հիմա պետք է լինի ոչ թե «երբ են սկսելու», այլ՝ «ի՞նչ են պատրաստվում անել»։
Շատրվա՞ն, թե՞ լիճ
Եթե լիճը հիմնանորոգվում է, ապա որպես ջրային հանգստի գոտի՞, զբոսաշրջային տարա՞ծք, որպես քաղաքային ճարտարապետության մա՞ս, թե՞ դեկորատիվ շատրվան։ Հանրային քննարկման ընթացքում բարձրացվել է մի էական խնդիր․ շատրվաններն էլեկտրականություն են պահանջում, իսկ դա կարող է անհամատեղելի լինել լճում լողալու հետ։ Մարզպետն էլ է հետագայում ընդունել, որ լուսաձայնային շատրվաններն ու նույն լճում լողալու, նավակներ վարելու ավանդույթը միասին ապահովել չի ստացվում։ Եթե վերջնական լուծումը ենթադրում է, որ լճում այլեւս չի կարելի լողալ, ապա դա պետք է նախապես ասվի վանաձորցիներին։ Եթե կարելի է ե՛ւ շատրվան ունենալ, ե՛ւ անվտանգ լողալ, պետք է մասնագետները բացատրեն՝ ինչ տեխնոլոգիայով։ Եթե հնարավոր չէ, ապա պետք է քննարկվի՝ արդյո՞ք քաղաքի ավանդական լողափային հանգստի գոտին պետք է փոխարինվի պարզապես դեկորատիվ ջրային կառույցով։ Այս հակասություններին արձագանքել են վանաձորցիները, նաեւ՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը, որն անթույլատրելի է համարել արհեստական լճում թանկարժեք շատրվաններ դնելն ու մարդկանց հանգստի գոտին խլելը։
Այս դիտարկումների իմաստն այն է, թե ինչպիսի քաղաքաշինություն ենք իրականացնում՝ մարդո՞ւ համար, թե՞ ցուցադրության։ Գեւորգ Կոստանյանը հիշեցնում է, որ լիճը ստեղծման օրից եղել է լողի եւ նավակներով զբոսանքի տարածք, եւ դրա շուրջ ձեւավորվել է քաղաքային ավանդույթ, եւ լճի օգտագործման խնդիրը լուծելիս չի կարելի մարդկանց սոցիալական խմբերի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորել (իբր՝ նարկոմաններ, հարբեցողներ, «քրջոտներ» են լողում)։ Հանրային քննարկման իմաստն էլ հենց դա է՝ լսել ոչ միայն այն կարծիքները, որոնք հարմար են նախագծի հեղինակներին։
Հանրային լսումն ի՞նչ է փոխել
Եթե նախագիծը դեռ վերջնական չէ, պետք է հասկանալ՝ հանրային քննարկումն ինչ արդյունք է տվել։ Ինչ առաջարկներ են հնչել, որոնք են ընդունվել։ Ով է որոշել, որ լավագույն լուծումը շատրվանային համակարգն է։ Որքան է լինելու տարեկան շահագործման ծախսը՝ էլեկտրաէներգիա, ջուր, տեխնիկական սպասարկում, մաքրում, անվտանգության ապահովում։ Եվ ամենակարեւորը՝ ինչպիսի ջուր է լինելու (գետի՞, աղբյուրի՞)։
Եթե խոսքը հիմնանորոգման մասին է, քաղաքացիներն իրավունք ունեն իմանալ՝ ուսումնասիրվե՞լ է լճի հատակի վիճակը, ջրի շրջանառությունը, մաքրման ու ֆիլտրացման համակարգը, նստվածքների խնդիրը, ջրամատակարարման աղբյուրը։
Որովհետեւ գեղեցիկ շատրվանը դեռ առողջ ջրային միջավայր չէ։
Իսկ երեք լճակնե՞րը
Հարցն ավելի կարեւոր է, քան 520 միլիոն դրամի մեկ ծրագիրը։ Վանաձորն ունի եւս երեք արհեստական լճակներ՝ նույն զբոսաշրջային գոտում՝ քաղաքի կենտրոնական հատվածում: Դրանք 55-60 տարի առաջ կառուցել է նախկին քիմիական գործարանը, որոնք կապված են եղել ոչ միայն արտադրական ջրային համակարգի, այլեւ քաղաքի հանգստի միջավայրի հետ։ Լճակները ստեղծվել են որպես իրար հաջորդող ջրային համակարգ՝ պոմպակայանով, ջրվեժային կապերով, իսկ դրանցից մեկը նախատեսված է եղել նաեւ լողի եւ նավակներով զբոսանքի համար։ Այսօր պատկերն այլ է՝ 2 լճակներն անջուր են, մյուսի վիճակն էլ հեռու է լիճ կոչվելուց։ Ավելի մտահոգիչ է այն, որ բարձրացվել է նաեւ լճակներից մեկով կոյուղաջրերի հոսքի խնդիրը։ Խոսքն այլեւս միայն քաղաքի կորցրած գեղեցկության մասին չէ․ կա սանիտարական եւ բնապահպանական խնդիր։
Համայնքապետարանի պատասխանը՝ լճերը գտնվում են «Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲԸ-ի հաշվեկշռում, չեն կարող այստեղ ներդրում անել։ Եթե սեփականատերը չի պահպանում տարածքը, եթե առաջացել է սանիտարական վտանգ, արդյո՞ք պետության եւ համայնքի գործն է՝ ասել՝ մերը չէ։ Տարածքը համայնքին փոխանցելու, պետական միջամտության, պարտավորությունների կատարում պարտադրելու, այլ կերպ խնդիրը լուծելու համար իրավական ճանապարհ չկա՞։ Որովհետեւ կարեւոր չէ, թե վտանգավոր տարածքը որ ընկերության հաշվեկշռում է։
Մի լճի վրա՝ 520 միլիոն, երեքի վրա՝ ոչինչ
Չենք ասում՝ քաղաքային լիճը մի՛ նորոգեք։ Բայց նախ հիմնավորեք, թե ինչու հենց այս լուծումը, ինչու շատրվան։ Հիմնավորեք՝ ինչպես է ապահովվելու անվտանգությունը։ Ինչպես է պահպանվելու լողի հնարավորությունը: Եվ վերջապես՝ ինչ եք անելու մյուս 3 լճակների հետ։ Դժվար է խոսել Վանաձորը զբոսաշրջային քաղաք դարձնելու մասին, բայց պատմական ջրային տարածքները թողնել մարդաբոյ խոտի, աղբուաղտեղության, կոյուղաջրերի մեջ: Զբոսաշրջային գոտին քաղաքի պատմությունն է, միջավայրը, կանաչ տարածքները, զգացողությունը, որ քաղաքը հոգ է տանում իր ունեցածի մասին։
Բարեկարգումը չպետք է վերածվի ցուցափեղկի. Վանաձորին պետք են փողոցներ, բակեր, այգիներ, լճեր։ Բայց քաղաքաշինությունը չի կարող սահմանափակվել «տեսեք՝ ինչ ենք կառուցել» տրամաբանությամբ։ Հանրային միջոցներով իրականացվող ամեն ծրագիր պիտի ունենա տնտեսական, տեխնիկական, քաղաքաշինական հիմնավորում։ Հակառակ դեպքում հեշտ է ստանալ գեղեցիկ, թանկարժեք օբյեկտ, որի պահպանումը մի քանի տարի անց համայնքի համար դառնալու է գլխացավանք։ Մենք արդեն ունենք շատրվաններ, որոնք չեն գործում կամ հազվադեպ են գործում։ Ուստի՝ շատրվան կառուցելուց առաջ պետք է ոչ միայն հաշվել, թե որքան կարժենա կառուցելը, այլ նաեւ՝ որքան կարժենա… չմեռցնելը։
Եվ եթե 520 մլն գումարով ստանալու ենք դեկորատիվ ջրային կառույց, իսկ քաղաքի մյուս 3 լճակները վերջնականապես կվերանան, ապա քաղաքը ոչ թե կշահի, այլ կկորցնի իր պատմության մասը։
Ո՞ր լիճն ենք ուզում փրկել
Պետք է մեկ ընդհանուր ծրագիր ունենալ՝ քաղաքային գործող լճի, անտեր երեք լճակների, դրանց հարակից կանաչ տարածքների, ջրային ենթակառուցվածքների եւ զբոսաշրջային հնարավորությունների վերաբերյալ։ Պետք է կանգնեցնել 3 լճերի իսպառ ոչնչացումը եւ հետո նոր որոշել՝ որտեղ ինչ կառուցել։
Վանաձորին պետք չէ եւս մեկ «հաղթական» շինարարական լուսանկար։
Վանաձորին պետք է քաղաք, որտեղ հինը չեն ոչնչացնում՝ նորը կառուցելու համար։
Քաղաք, որտեղ քաղաքացու կարծիքը ոչ թե խանգարող ձայն է, այլ՝ որոշման հիմք։
Եվ քաղաք, որտեղ իշխանությունը կարող է ասել ոչ միայն՝ «տեսեք՝ մենք բարեկարգում ենք», այլ նաեւ՝ «ահա թե ինչու ենք հենց սա անում եւ ահա թե ինչ ենք անելու այն ամենի հետ, ինչը չենք ուզում կորցնել»։
Մեկ լիճ փրկելուց առաջ եկեք մտածենք՝ ինչպե՞ս չկորցնել մյուս երեքը։